Հաջորդ շաբաթվանից պատվաստման համար կգործեն շարժական թիմեր

Քաղաքացիները կարող են իրենց նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը: Հաջորդ շաբաթվանից կլինեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին: Այսօր կառավարության նիստում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ պատվաստանյութերը հասանելի են 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու համար:
«Պատվաստումը 100 տոկոսով պաշտպանում է հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից: Ռիսկը պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք Քովիդով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր վնաս պատճառելու և, ցավոք, նաև մահվան դեպքերով»,- ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը, նաև հորդորել է բոլորին ակտիվ ներգրավվել գործընթացում: