Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվել է «Ֆրանսիական մանկական գրականությունը Ազգային գրադարանում » խորագրով մանկական գրականության ցուցադրություն:
Ցուցափեղկերում կարող եք տեսնել 1840-ական թվականներից մինչ մեր օրերը տպագրված ֆրանսիական մանկական գրականություն՝ ինչպես ֆրանսերենով, այնպես էլ հայերեն: Ներկայացված են ֆրանսիացի մանկագիրներ Վիկտոր Հյուգոյի, Պրոսպեր Մերիմեյի, Ժիւլ Լըմետրի, Շառլ Պերրոյի, Ժյուլ Վեռնի, Ալֆոնս Դոդեյի, Պոլ Բերնայի, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի եւ այլոց գրքեր:
Հայկական հատվածում կան մի շարք հետաքրքիր հրատարակություններ՝ սկսած 1860-ական թվականներից:
1926 թվականին «ԳԱՐՈՒՆ» մանկական մատենաշարով տպագրվել է Շառլ Պերրոյի՝ մեզ հայտնի «Կարմիր գլխարկը» հեքիաթը՝ Գ.Աթանեսյանի աջակցությամբ:
Ուշագրավ է Ֆօժէր օրիորդի Գաղղիացւոյի «Խորհրդաւոր բերդը» վիպասանությունը, որը Զբօսարան մանկանց մատենաշարի 2-րդ համարն է: Այն տպագրվել է 1960 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար տպարանում:
Ցուցադրությանը տեղ են գտել նաև 1891 թվականին Թիֆլիսում տպագրված Գի Դը-Մոպասանի «Գիիղական աղքատ», 1948 թվականին հրատարակված Շառլ Պերրոյի «Կոշկավոր կատուն» հեքիաթների թարգմանությունները: Վիկտոր Հյուգոյի հայտնի «Կոզետան» «Գաւրոշ», Ժյուլ Վեռնի «Խորհրդաւոր կղզին» եւ մի շարք այլ հայտնի ֆրանսիական մանկական գրականություն կարող եք տեսենլ գրադարանի մեծ ցուցասրահում:
Առանձնակի տեղ են զբաղեցնում նաև վերջին տարիներին ֆրանսիայում հրատարակված պատկերազարդ մանկական գրքերն ու ալբոմները:
Ցուցադրությունը կտևի մեկ շաբաթ: