Հայրիկի դասերը

Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ․ պլաստիկե տոպրակներ, շշեր, ծխախոտի մնացորդներ․Հայրիկի դասերը

Տխուր բան պիտի ասեմ, բայց, համենայն դեպս, իմ, մեր ու ձեր և անգամ շատ ավելի երիտասարդ սերունդներն էդ պլաստիկե շշի վերջնական քայքայումը տեսնել՝ ի վիճակի չեն։ Քանզի՝ անմահ չեն․․․ էդքան բան։
Էնպես որ, ամեն անգամ կերակրի մնացորդներով ցելոֆանե տոպրակը անմեղ տեսքով խոտերի մեջ շպրտելիս հիշեք էդ շշի պատմությունը, երևի թե, վերջին պահին զղջաք ու բնությունը չաղտոտեք։

Ժամանակի հրամայականն է` եկել է ամառն ու որքան էլ մեր հոգիները, մեր երկիրը խառն են, միևնույնն է, գոնե հանուն մեր երեխաների ու կանանց պետք է թեկուզ երբեմն-երբեմն գնալ հանգստանալու՝ հայրենի բնության գրկում։ Երևի էստեղ ասելու ու բացատրելու բան առանձնապես չկա, բոլորս ենք հասկանում, թե ինչ կարևոր են մաքուր օդը, մաքուր ջուրը, խաղաղությունը, թռչունների ծլվլոցն ու մեղուների բզզոցը, հատկապես, քաղաքաբնակների համար։ Բնության գրկում մի կտոր հաց ուտելն արդեն ամեն ինչ արժե, դա էլ գիտենք։
Բայց իմ ասածն այլ է, թող որպես հանդիմանանք չհնչի, սակայն, ոմանք, եթե չասենք ոմանցից էլ ավելին, կամ ավելի պարզ՝ մեր ազգաբնակչության մի մասը պարզապես չի գնահատում բնությունը․․․
Երկու իմաստներով։ Կան մարդիկ, ովքեր քաղաքից դուրս ուղղակի չեն պատկերացնում իրենց կյանքն ու կենցաղը, պարզապես չեն սիրում գնալ քաղաքից դուրս, դա համարում են ավելորդ ժամավաճառություն, պատրվակ են բերում հանգստյան օրերին գերծանրաբեռնված ճանապարհները, երթևեկության խցանումները, երբեմն՝ հյուրանոցների ու հանգստյան տների գները և այլն։ Գումարային խնդիրն, իհարկե՝ կարևոր է, այն անտեսել չի լինի, հնարավոր չի։ Բայց էդ մարդիկ, հիմնականում գերադասելով ժամանակ անցկացնել ընկերական շրջապատում, այն է՝ գնալ սրճարաններ, ռեստորաններ, ժամերով նստել գիշերային ակումբներում և այլն՝ ինչ որ տեղ եսասիրությամբ են տառապում։ Քանզի, հաճախ, էդ երեկոներն անցկացնում են, ինչպես արդեն ասացի՝ ընկերների, տարեկիցների հետ, մինչդեռ տնեցիք՝ կանայք ու երեխաները, հատկապես փոքրահասակ երեխաները, մնում են տանը։ Երկու օր առաջ անցնում էի Սարյան փողոցով, բավական ուշ ժամ էր՝ տեսա հեռու մի ծանոթի, որը սրճարաններից մեկի բացօթյա սեղանիկի առջև, գարեջրի գավաթի առջև, խմած քնած էր։ Այո, հենց քնած էր։ Սրճարանի բարեսիրտ աշխատողներն ուսերին պլեդ էին գցել, որ չմրսի։ Ես էդ մասերով հաճախ եմ անցնում ու տեսնում եմ նույն մարդկանց, ովքեր գրեթե ամեն երեկո էնտեղ են։ Բայց՝ ոչ իրենց ընտանիքների անդամների հետ, այլ՝ ծանոթների, ընկերների, ընկերների ընկերների․․․
Երկրորդ․ եթե մեկնում եք ձեր ընտանիքի կամ ծանոթների, նրանց ընտանիքների անդամների, բարեկամների հետ քաղաքից դուրս, թեկուզ մի կես օրով հանգստանալու՝ խնդրում եմ ձեզ, կոչ եմ անում ու պահանջում եմ՝ ձեր հետևից հավաքեք, մաքրեք ձեր խնջույքի, ձեր ներկայության հետևանքները։ Մեր երկրում էս մշակույթն ահավոր կաղում է, դա բոլորս գիտենք։ Չափահաս մարդիկ, տարիքն առած մարդիկ, իրենց շրջապատում իրենց իսկ վկայությամբ՝ հարգանք վայելող մարդիկի գրեթե սադիստների պես են վերաբերվում մեր բնությանը։ Ամեն անգամ, երբ առիթ է եղել դրսից եկած, ուրիշ ազգության մարդկանց հետ Երևանից դուրս գալու, ես սարսափով եմ պատկերացրել, թե ինչ պիտի մտածեն մեր հյուրերը մեր ժողովրդի էդ անբացատրելի, անհասկանալի փնթիությունը տեսնելով․․․ Բայց էնպես չի, որ եթե հյուրեր չլինեն՝ ուրեմն նման վիճակը հանդուրժելի է։ Իրականում, մենք բոլորս ենք հյուր էս կյանքին, ինչպես կասեր հայ մեծն պոետը։ Բա հյուրն իրեն էդպե՞ս կպահի իրեն իսկ ծնած, հարազատ հողի հանդեպ։ Մեր վերաբերմունքը բնության հանդեպ հասնում է գրեթե բարբարոսության։ Այսինքն՝ ինչո՞ւ գրեթե, հենց բարբարոսություն է, որ կա։ Եվ ով էլ ուզում է նեղանա, հետևությունը մեկն է ու շատ անմխիթարական՝ մենք, սիրելիներս, փնթի ժողովուրդ ենք դարձել, ցավով եմ ասում, բայց ասում եմ։ Եթե որևէ մեկն իրեն վիրավորվա՞ծ կզգա խոսքերիցս, խնդրեմ՝ գնանք ուզածդ գետափ, անտառի բացատ, հանգստյան վայր՝ դրանում համոզվեք։
Տարիներ առաջ գնում էինք նկարահանման։ Հասանք մի տեղ, հարևան մարզում, ուր միլիոնավոր ցելոֆանե տոպրակներ կային, ծառերի ճյուղերից կախված ու կառչած, քամին դրանք քշում էր էս ու էն կողմ, ասես գունավոր, կեղտոտ ձյան հսկայական փաթիլներ լինեին․ նայելն անհնար էր։ Պլաստիկն էլ գիտեք՝ հարյուրավոր տարիների ընթացքում է քայքայվում, հասցնելով էդ արանքում պետք եղածի պես քայքայել բնությունը։
Մտեք համացանց ու դրանում կհամոզվեք․ կարծեմ մի անգամ արդեն ասել եմ էս մասին։ Ավազին դրված է պլաստիկե շիշ, որին բոլոր ցանկացողները կարող են հետևել ուղիղ եթերում։ Իմաստը՝ տեսնել, թե որքան դանդաղ է այն քայքայվում։
Տխուր բան պիտի ասեմ, բայց համենայն դեպս իմ, մեր ու ձեր և անգամ շատ ավելի երիտասարդ սերունդներն էդ պլաստիկե շշի վերջնական քայքայումը տեսնել՝ ի վիճակի չեն, քանզի՝ անմահ չեն, էդքան բան։
Էնպես որ, ամեն անգամ կերակրի մնացորդներով ցելոֆանե տոպրակը անմեղ տեսքով խոտերի մեջ շպրտելիս, հիշեք էդ շշի պատմությունը․ երևի վերջին պահին զղջաք ու բնությունը չաղտոտեք։
Թե չէ դուրս ես գալիս քաղաքից ու ամեն թփի, ծառի տակ տեսնում ես մարդու հանցավոր գործունեության արդյունքը՝ պլաստիկե տոպրակներ, շշեր, սիգարետի մնացորդներ։ Ու, տրամադրությունդ ընկնում է՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ․․․ցավալի իրականությունն եմ նկարագրում, ոչինչ չեմ հորինում։
Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button