Մեր հաղորդումներում շատ ենք անդրադարձել համացանցում երեխաների անվտանգության թեմային, խոսել տարբեր մասնագետների հետ, լսել՝ խորհուրդներ։ Սակայն,առցանց տիրույթը դեռ շարունակում է վտանգավոր մնալ երեխաների համար։
Համացանցի և ավելի ուշ՝ սոցցանցերի ի հայտ գալը բոլորիս առաջ նոր հնարավորություններ ու դռներ բացեց՝ շփումներից մինչև առցանց գնումներ ։
Սա, իհարկե, լավ է, սակայն, ինչպես ասում են, կա նաև մեդալի հակառակ կողմը․․․իսկ այդ կողմում պատկերն այլ է և շատ հաճախ՝ վտանգավոր։
<<Ցանցում հայտնված անձնական ինֆորմացիան ավելի՛ ու ավելի հաճախ է օգտագործվում այն հրապարակողի դեմ՝ փրանկերի, շանտաժի , բուլինգի, խաբեության և այլ ձևերով։ Դրա համար էլ ինֆորմացիոն անվտանգության մասին գիտելիքը ժամանակակից մարդու կյանքի անբաժան մասն է, իսկ օնլայն տիրույթում սեփական անվտանգությունը պահպանելը՝ 21-րդ դարի կարևոր հմտություն>>,- ասում է համացանցում երեխաների անվտանգության հարցերով մասնագետ Անդրեյ Սիդենկոն։
Համացանցը՝ չիմացության դեպքում վտանգավոր է բոլորի համար, բայց վտանգի հավանականությունն ավելի մեծ է հենց երեխաների համար։ Նրանք շուտ են վստահում, ավելի հետաքրքրասեր են բաց շփումների համար և ավելի շատ են կիսվում անձնական ինֆորմացիայով։
<<Անգամ նման մի եզրույթ է հայտնվել՝ oversharing, որը մարդու՝ շրջապատին ավելի շատ ինֆորմացիա տալու մոլուցքն է։ Այս ընթացքում մարդիկ շատ բաց են և մոռանում են գաղտնիության մասին>>,- նշում է Անդրեյ Սիդենկոն։
Այսօր երեխաների և սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի ծանոթությունը տեղի է ունենում վաղ տարիքից։ Ըստ Կասպերսկի ընկերության իրականացրած հարցման, որին մասնակցել է մոտ 500 մարդ, պարզվել է՝ 90 տոկոսի դեպքում 3-6 տարեկան երեխաների ծնողները գաջեթներն օգտագործում են երեխաներին համացանցում կրթելու, իսկ 56 տոկոսը՝ նրանց ճանապարհին զբաղեցնելու համար։
Համացանցում՝ երեխաների անվտանգության մասնագետ Անդրեյ Սիդենկոն նշում է, որ երեխաների 86 տոկոսը, արդեն տարրական դասարաններում, սմարթֆոն կամ պլանշետ ունի, իսկ 11-14 տարեկանում դրանցից օգտվում է գրեթե 99 տոկոսը։ Ըստ երեխաների պատասխանների՝ կարող ենք ենթադրել, որ նրանցից շատերն իրենց կյանքն առանց սմարթֆոնի չեն պատկերացնում
Հայ երեխաներն այս ընդհանուր վիճակագրությունից հետ չեն մնում։
Անդրեյ Սիդենկոյի խոսքով՝ երեխաները համացանցում շատ են օգտվում սոցցանցերից, խաղում տարատեսակ օնլայն խաղեր, յութուբում դիտում՝ տեսանյութեր, շփվում են և հրապարակումներ անում։
Ընդ որում՝ շատ դեպքերում երեխաները մոռանում են փակ պահել օգտահաշիվը, այն հասանելի դարձնելով բոլորին ։ «Հասանելի է բոլորի համար» նշանակում է՝ համացանցում ճամփորդող ցանկացած օգտատեր, կարող է տեսնել՝ անձնական տեղեկություններ՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, օր ամիս, դպրոց, որտեղ սովորում են երեխաները և այլն։ Ավելի վատ դեպքերում, ունենալով անձնական տվյալների անհրաժեշտ պաշարը, կարող են կոտրել սոցցանցային հաշիվներն ու ընկերներից գումար կորզել։
Պատանիներից շատերը իրենց սոցցանցային օգտահաշիվները պահում են public` տեսանելի բոլորին։ <<Ռադիոլաբի>> հարցմանը մասնակցած պատանիներից միայն երկուսն ունեն փակ օգտահաշիվ։
Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս ՝ հետևողական լինել օգտահաշիվների փակ լինելու հարցում։ Ինչպես կարելի է այն դարձնել անհասանելի մյուսներին՝ բոլոր սոցցանցերում սկզբունքը նույնն է՝ կարգավորումների բաժնում անձնական տվյալները public- տեսանելի կարգավիճակից դարձնում ենք՝ private- տեսանելի միայն ընկերներին։
Շատերը մտածում են, որ վիրտուալ վախերը հորինված են, սակայն, Սիդենկոն բազմաթիվ օրինակներ է բերում, երբ սոցցանցային անմեղ հրապարակումը դարձել է իրական հանցագործության պատճառ։
<<Իմանալով լոկացիան և ծնողների տանը չլինելու փաստը՝ հանցագործները կարող են մուտք գործել բնակարան։ Կարող են հասնելիություն ունենալ սթրիմինգ ծառայության ձեր հաշվին և այն վաճառել դարկնեթում՝ ստվերային ցանցում։ Կարող են զանգահարել ձեզ բանկի աշխատակցի անունից, դիմել անունով և խնդրել ասել բանկային քարտի տվյալները կամ ստացած կարճ հաղորդագրության ծածկագիրը։
Նման օրինակները շատ են և բոլորն էլ այն պատճառով, որ թե՛ մեծահասակները, թե երեխաները չեն հետևում իրենց սոցցանցային անվտանգությանը>>,- նշում է մասնագետը։
Երեխաների վիրտուալ անվտանգության մասին մտածելիս՝ պիտի հաշվի առնել նաև համացանցում նրանց հոգեկան ապրումները։Պատանի օգտատերերին համացանցում շատ բան է անհանգստացնում, սակայն, հայ պատանիներին ամենաշատը համացանցում անհանգստացնում են մեծերի՝ հայհոյախառը մեկնաբանությունները։