Classic Piano միջազգային մրցույթի մասնակիցները ելույթ են ունենում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ

Դուբայում անցկացվող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունենում երիտասարդ դաշնակահարների Classic Piano 2-րդ միջազգային մրցույթը։
3-րդ և 4-րդ փուլերում մասնակիցները, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
«Երեկ մեկնարկել է մրցույթի 3-դ փուլը, որի ընթացքում դաշնակահարները կատարում են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի դաշնամուրի և նվագախմբի համար գրված թիվ 20 կոնցերտը, ինչպես նաև՝ մրցույթի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Travel Notebook» կոնցերտը։ Մրցույթի 3-րդ փուլում հանդես կգան 18 դաշնակահարներ՝ աշխարհի տարբեր երկրներից՝ ՌԴ, Ֆրանսիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա և այլն», — տեղեկանում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:
Classic Piano-ի առաջին փուլին մասնակցել են 70 երաժիշտներ, որոնք 2019-2020թթ. Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Հայաստանում անցկացված «14 ուղի դեպի Դուբայ» մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցներն են։
Classic Piano-ի մրցանակային ֆոնդը 300 հազար եվրո է։
Մրցույթի արդյունքը կամփոփվի սեպտեմբերի 4-ին: