Հոպլյա՛, հեքիաթ

Անհայտ Ծառը․․․ Զատիկն ու Պրոֆեսորը. Հոպլյա՛, հեքիաթ

Երևանից դուրս, անտառոտ քարափին աճել էին բարդին, բոխին, կաղնին, հաճարենին ու նաև մի փոքրիկ, Անհայտ Ծառ, որը նման չէր շրջակայքի մյուս ծառերին։ Ոչ ինքը գիտեր, թե ինչ ծառ է, ոչ էլ՝ մյուս ծառերը գիտեին, որոնք զգուշավոր նայում էին նրա կողմն ու քամուց օրորվելով`փսփսում էին իրար մեջ.

— Տեսնես սա պտղատու ծառ է՞․․․ու ի՞նչ բերք ունի․․․   

— Երևի սալորի տեսակ է։

— Իսկ գուցե թզի հեռավոր ազգակա՞նն է․․․

— Սիրտս վկայում է, որ տանձ է, հաստա՛տ․․․

— Չէ՜, տանձենու նման չի․․․եկեք իրեն հարցնենք։

Եվ ծառերը հարցրին․

— Դու ո՞վ ես, ի՞նչ ընտանիքից ես, ի՞նչ բերք ես տալիս։

Անհայտ ծառը հարցից շփոթվեց ու կմկմաց․

— Ես․․․ինքս էլ կարգին չգիտեմ, թե ով եմ․․․կողքիս էլ ինձ նման մեկը չկա, որ հարցնեմ։

Բարդին, բոխին, կաղնին ու հաճարենին իրար նայեցին․

— Այսինքն դու չգիտե՞ս, թե ինչ ծառ ես, բերք տալիս ես, թե՞ չէ․․․

— Չգիտեմ․․․

— Պահո՜․․․բա որ թունավոր պտուղնե՞ր տաս, մեկնումեկն էլ ուտի ու վատանա, հը՞․․․

— Բայց եթե պտուղ տամ՝ կարծում եմ, պտուղներս թունավոր չեն լինի՝ ես ինքս բարի եմ, ինչու՞ պիտի թունավոր բերք տամ․․․

— Տվեցիր՝ տվեցիր,- դժգոհեցին մյուս ծառերը, խեթ-խեթ նայելով նրան,- Մինչև բերք չտաս՝ ինչ լինելդ չենք իմանա։ Հեռու պահի ճյուղերդ՝ հանկարծ մեզ էլ չթունավորես։

Էսպես ապրում էր փոքրիկ, Անհայտ Ծառը, մի կողմ քաշված մյուս ծառերից, որոնք էնքան էլ բարյացկամ չէին նրա հանդեպ ու ինքն էլ չգիտեր, թե ինչ պտուղ պիտի տա։ Եթե տա։

Հետո, մայիսին նա ծաղկեց ու բացվեցին, խոշոր, գեղեցիկ, ճերմակ ծաղիկներ։ Մյուս ծառերը կրկին աշխուժացան․

— Տեսա՞ք․․․էս Անհայտը ծաղկել է՝ հոգին խորն է էրևում․․․

— Կարող է՞ սա դեղձի աֆրիկյան տեսակ է՝ ի՞նչ կասեք։

— Չէ, հա՝ դեղձենին էս գույնի ծաղիկներ չի տալիս, բացառվում է։

— Իսկ գուցե նու՞շ․․․կամ՝ սերկևիլ է․․․

Անհայտ Ծառը նման դժգոհ բամբասանքից տխրում էր, իսկ մյուս ծառերը, քամու հետ նորից ու նորից սկսում էին չարախոսել։

Ու մի օր էլ, երեկոյան անտառոտ քարափ թռավ, եկավ գործունյա Զատիկը։ Բոլոր իրենց հարգող զատիկների նման նա էլ թևեր ուներ և էդ օրը շատ էր ճամփորդել։ Դրա համար էլ հոգնած իջավ Անհայտ Ծառի ճերմակ ծաղիկներից մեկի թերթիկին ու պատրաստվեց քնելու։

— Տե՜ս հա․․․հանկարծ չթունավորվես,- զգուշացրեց նրան Անհայտ Ծառը,- Ասում են՝ ես թունավոր եմ․․․

— Թունավո՞ր,- զարմացավ Զատիկը,- Ո՞վ է ասում։

— Կողքի ծառերը։

— Իսկ դու․․․ ի՞նչ ծառ ես, ո՞նց ես կոչվում։

— Բանն էլ էն է, որ չգիտեմ, ես Անհայտ Ծառ եմ․․․

— Լավ, մենք շուտով կպարզենք, թե դու ով ես,- խոստացավ գործունյա Զատիկն ու նորից բացեց ծալած թևերը,- Համբերիր, ես գիտեմ մեկին, ով էդ հարցի պատասխանը կտա։

Ու Զատիկը թռավ, գնաց Պրոֆեսորի մոտ, որն ապրում էր Երևանի կենտրոնում, հին, բարձր առաստաղով տանը։ Պրոֆեսորը երկար, ճերմակ մորուք ուներ, մանր, կլոր ապակիներով ակնոց և իր մորուքի մազերից էլ շատ հաստափոր գրքեր էր կարդացել։ Եվ նա էլ՝Զատիկի պես գործունյա էր։

— Բարև, Ձեզ, պարոն Պրոֆեսոր,- հարգալից ասաց Զատիկը,- Երևանի արվարձանում մի Անհայտ Ծառ կա, կօգնե՞ք պարզենք, թե ինչ ծառատեսակ է։

— Երևանի արվարձանում անհայտ ծառատեսա՞կ,- զարմացած իր ճոճանակ-աթոռից ելավ Պրոֆեսորը, մի կողմ դնելով թեյի գավաթը,- Իհարկե, հենց հիմա գնանք ու պարզենք։

Եվ Պրոֆեսորն ու Զատիկը, գործունյա կերպով, շտապեցին դեպի Երևանի արվարձանը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button