Գիքորի աղբյուրը փնտրելիս
Եթե հասնեք Դսեղ, և ձեզ առաջարկեն գնալ տեսնելու Գիքորի աղբյուրը, համաձայնեք միանգամից՝ նույնիսկ եթե հոգնել եք ճանապարհից։ Նախ՝ հենց ոտք դնեք դեպի աղբյուրը տանող Ձաղիձորի կածանին և երեք քայլ խորանաք անտառի մեջ, անտառը ձեզ թարմության այնպիսի շնչով կգրկի, որ հոգնածությունից հետք անգամ չի մնա։ Եվ երկրորդ՝ սա բացահայտումների կածան է, այնպես որ՝ ճանապարհ ընկեք առանց վարանելու։
Ձաղիձորի կածանը անտառով իջնում է դեպի ձորը։ Կածանը մեկ ձախ է ոլորվում, մեկ` աջ, մեկ ուղիղ է գնում։ Շուրջը հինավուրց անտառն է, որի հնաբնակների մեծ մասի արմատները ձուլվել են հսկա քարաբեկորներին։ Դժվար ճանապարհ չէ, բայց եթե մի քիչ լարվում եք վայրէջքից, անտառը ձեզ կօգնի․ կամ գետնի տակից դուրս ցցված մի ամուր արմատ կառաջարկի, որ բռնվեք, կամ հենց քարաբեկորի ելուստը, կամ ծառերից մեկի բունը։

Մոլորվել հնարավոր չէ, եթե, իհարկե, չորոշեք կածանից դուրս գալ։
Վայրէջքի մի քանի մետր էլ և․․․ առաջին անակնկալը․ խաչքար է՝ հին, մամռոտ․․․ մի քայլ էլ՝ ու երկրորդ խաչքարը․․․այս մեկի մի եզրը չկա․․․հետո խաչքարերն էլ են խտանում․ կիսատ, վնասված, մամռոտ այնքան խաչքարեր են շուրջդ, որ էլ չես հասցնում ամեն մեկին մոտենալ։ Զարմանք, հիացմունք, ափսոսանք․․․այս ամենը միանգամից համակում են քեզ: Զարմանում ես՝ ի՞նչ գործ ունեն այս գանձերն այստեղ, հիանում ես քարեղեն նախշերով ու ափսոսում՝ ախր, ժամանակն իրենն է անում, կածաններով անցնող մարդը՝ իրենը, ու դարերի ընթացքում մաշվում է այս հրաշքը։
Բայց հիշում եք, չէ՞, մենք ճանապարհ ենք ընկել Գիքորի աղբյուրը գտնելու։ Ու կածանն էլ կանչում է՝ դե, արի, ու՞ր մնացիր․․․
Եվ չնայած կածանը կանչում է, մեկ է, չես կարող կանգ չառնել քիչ այն կողմ՝ վերևում, աչքիդ առաջ հանկարծ հայտնված մատուռի մոտ։ Ցուցանակն ասում է, որ սա Սուրբ Հարություն մատուռն է։ Եվ արդեն ո՛չ խաչքարերի առատությունն է պատահական թվում, ո՛չ էլ մատուռի հայտնությունը․ հասկանում ես, որ շուտով, շատ շուտով կածանը քեզ հրաշքի է հասցնելու։
Բայց դա քիչ անց, իսկ առայժմ՝ մեղմիկ խոխոջյուն է հասնում ականջիդ։ Գիքորի աղբյուրն է, որ կա։ Որտեղի՞ց է սկիզբ առել, քանի՞ ժայռի ու քարի միջով հոսել, վազել, հասել է այս քարաբեկորին, պոկվել է նրանից ու ցատկում է ցած․․․ցատկում է, ցատկում է, ցատկում է ո՞վ գիտի՝ քանի դար։ Եվ․․․ասում եմ, չէ՞, սա բացահայտումների կածան է․ ցուցանակն ասում է, որ սա Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղբյուրն է, նույն ինքը՝ Գիքորի աղբյուրը․․․

Այս աղբյուրը փաստորեն անուն ունի՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի։ Այդպես նրան անվանել է ժողովուրդը դարերով, թե ինչու՝ դա էլ կիմանանք քիչ անց։ Բայց հիմա ինձ զարմացնող մեկ այլ բացահայտում էլ եմ անում։ Որքա՜ն մեծ է Թումանյանի Գիքորի ուժը, որ դարերով իր անունն ունեցող աղբյուրի նոր անունն ավելի հայտնի է հիմա, քան իրական անվանումը։
Սառը ջրով լվացվեք, ջուր խմեք աղբյուրից և շարունակեք քայլել․ կածանը մի հրաշք էլ է պահել ձեզ համար։
Քայլում եք մի քիչ էլ ու հանկարծ․․․անտառապատ ձորի մեջ հսկա խոնարհված եկեղեցի է․․․չէ, ի՞նչ եկեղեցի․․․մի ամբողջ վանական համալիր․․․Եվ միանգամից գտնում ես մինչև այս պահը քեզ հանդիպած բոլոր հանելուկների պատասխանը․ խաչքարերն էլ, մատուռն էլ, աղբյուրի անունն էլ մի ամբողջություն են դառնում, վանական մեկ համալիր՝ Բարձրաքաշ Սուրբ Գրիգորը։

Վանական այս համալիրը կառուցվել է X-XIII դարերում Մամիկոնյան իշխանների կողմից՝ ի հիշատակ հայ առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի։
Համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, ձիթհանը, խաչքարերի մնացորդները ։

Համալիրի եկեղեցիներից մեկը Սուրբ Գրիգորն է, որը կառուցվել է 10–րդ դարում, մյուսը՝ գլխավորը, Սուրբ Աստվածածինն է, որը գտնվում է նախորդ եկեղեցու և գավիթի միջև։
Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական կենտրոններից մեկն էր։ Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյան իշխանական տոհմի ներկայացուցիչները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով։
Սուրբ Բարձրաքաշի ավերակների մեջ ոչ մի ակնթարթ ինձ չի լքել այն զգացողությունը, որ վանքը․․․ժպտում է։ Քարի գու՞յնն է պատճաը, զարդանախշե՞րը, անտառի ու լույսի խա՞ղը․․․չգիտեմ։ Բայց Բարձրաքաշը ժպտում է հաստատ։

Ի դեպ, քարի լուսավոր երանգի համար շրջակայքի բնակիչները վանքը նաև Ճերմակ վանք են անվանել։
Ժամանակն է վերադառնալու։ Ու նորից, կածանի թելը բռնած, հիմա էլ բարձրանում ենք ձորն ի վեր։ Բայց ես մի բացահայտում էլ եմ արել այս ուղևորության ընթացքում․ Հովհաննես Թումանյանի մի հոդվածն է, որը գրել է բանաստեղծը 1897 թվականին Սուրբ Բարձրաքաշ կատարած այցելությունից հետո, և որը կոչվում է «Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը»։ Կարդացեք անպայման․․․