Զարթուցիչ

Արցախի հանրապետությունը 30 տարեկան, Ամարասի վանքն ու հետաքրքիր փաստեր տարբեր երկների դպրոցներից

Այսօր շատ կարևոր ծննդյան օր է հայկական տոնացույցում․ Արցախի Հանրապետությունը դառնում է 30 տարեկան։ Թող խաղաղ լինի մեր հայրենիքի այս չքնաղ անկյունը, զորանա ու իր հաջորդ բոլոր ծննդյան օրերը նշի ավելի բարձր տրամադրությամբ․ կարևորը լինելն է, փորձություններին դիմակայելը և հզորանալը։

Մեր արցախցի ընկերներին՝ առանձնահատուկ ողջույն մայր հայրենիքից և հաջող ու արդյունավետ ուսումնական տարի ենք մաղթում։

Չենք մոռանում, որ այդտեղ՝ Արցախ աշխարհում պահվող բազմաթիվ գանձերի մեջ կա մեկը, որի մասին գիտեն բոլոր հայերը․ հայոց առաջին դպրոցներից մեկն է ապրում Արցախում՝ Ամարասի վանքը․․․Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում է գտնվում Ամարաս վանական համալիրը, որի գլխավոր կառույցը սուրբ Գրիգորիս եկեղեցին է:

Եթե չեք տեսել Ամարասը ու շատ բան չգիտեք նրա մասին, կա մի բան, որ գիտեք հաստատ. երբ գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցը Վռամշապուհ արքայի աջակցությամբ դպրոցներ էր բացում Հայաստանի տարբեր վայրերում, եկել է նաև Ամարաս և Արցախում առաջին դպրոցը հենց այստեղ բացել ու ինքն էլ որոշ ժամանակ սովորեցրել դպրոցում: Իհարկե պատահական չէր Մաշտոցի ընտրությունը. Հայաստանում քրիստոնեության ընդունումից շատ չանցած արդեն՝ մեծ սրբության կնիքն ուներ Ամարասը. հայոց առաջին հայրապետը՝ Գրիգոր Լուսավորիչն էր այստեղ՝ Արցախի Հաբանդ գավառի Ամարաս ավանում հիմնադրել եկեղեցին ու հետևել դրա կառուցմանը:

Ըստ ավանդության, եկեղեցու շինարարությանը հետևելիս, Լուսավորիչն ամեն առավոտ բարձրանում էր Ամարասի դիմացի բարձունքը՝ա ռա վոտ ա ն ա ղոթքի: Այդ օրերից է բարձունքն ստացել անունը՝ Լուսավորչի սար:

Ամփոփում ենք տարվա առաջին ուսումնական օրն ու ներկայացնում հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր երկրների դպրոցներից․

Աշխարհի ամենաերկար դասաժամը տևել է 2003 թվականի ապրիլի 15–ից մինչև ապրիլի 17–ը Լեյդլի պետական ավագ դպրոցում։ Պրոֆեսոր Մարի Բարոուզը դասախոսություն էր կարդում բնագիտություն առարկայից 26 աշակերտի համար 54 ժամ շարունակ։

Ֆիննական դպրոցում աշակերտին չի կարելի կանչել գրատախտակի մոտ, եթե ինքը դա չի ուզում, այստեղ աշակերտները քննություն չեն հանձնում։ Եվ յուրաքանչյուր դասամիջոցի անկախ եղանակից պետք է դուրս գան զբոսանքի։

Չինաստանում դասերից առաջ աշակերտներն անպայման մարզանք են անում, օրվա մեջ երկու անգամ էլ՝ պարտադիր դեմքի մերսում։ Թարմացնում է, աշխուժացնում, ինչի կարիքը չինացի դպրոցականները շատ ունեն, որովհետև շատ ծանրաբեռնված է նրանց դպրոցական օրը։ Այն սկսվում է ժ․8–ին, ավարտվում ժ․16–ին, որից հետո էլ լրացուցիչ պարապմունքներ շարքն է սկսվում։

Նորվեգիայի դպրոցներում մինչև 8–րդ դասարան գնահատականներ ընդհանրապես չեն նշանակվում, որպեսզի աշակերտներն տարեկիցների հետ անընդհատ համեմատությունների մեջ չլինեն և չլարվեն ցածր գնահատականների պատճառով։

Կոպենհագենի Օրեստադ դպրոցը հաճախ ժամանակակից արվեստի գործ են անվանում․ չկան պատեր, դասասենյակներ․ դրանց փոխարեն երեք ընդարձակ ուսումնական տարածքներ են նույն տարածության մեջ, որտեղ ավագ դասարանների աշակերտներն աշխատում են խմբերով՝ բաց աշխատանքային տարածության սկզբունքով։ Ինչպես ասում է դպրոցի ղեկավարությունը, նորարարական կրթությունը նաև ժամանակակից դիզայն է ենթադրում։

Ցուցադրել ավելի
Back to top button