Պատանի նորարարներ Ստեփանն ու Մհերը Զարթուցիչի հյուրասրահում
Ի՞նչ անել, եթե դեռ հունի մեջ չենք ընկել և արձակուրդից հետո մի փոքր դժվարանում ենք դպրոց գնալ։ Բնական է, երկար արձակուրդից հետո աշխատանքային առօրյային անցնելը դժվար է, բայց կարելի է հաղթահարել։ Հոգեբաններն այդ իրավիճակների համար էլ խորհուրդներ ունեն․ Առաջին և ամենակարևոր խորհուրդը հետևյալն է՝ գիտակցել, որ դպրոց այնուամենայնիվ պետք է գնալ, առանց դրա ուղղակի անհնար է։ Հաջորդ քայլը․ հիշեք, թե որ առարկաներն եք ամենից շատ սիրում դպրոցում և սկսեք պարապել։ Հավատացեք, որ ձեր ջանքերը զուր չեն անցնի և հենց տարեսկզբին լավ գնահատականներ կստանաք։ Սա ևս ոգևորվելու պատճառ է։
Փոքրիկ խնդիրներն ու անհանգստություններն ավելի հեշտ կհաղթահարեք, եթե դրանց մասին խոսեք ծնողների կամ մոտ ընկերների հետ։ Հաստատ ընկերների մեջ էլ կլինեն այնպիսիք, որոնք ձեզ պես դժվարանում են հունի մեջ ընկնել։ Խորհուրդ է տրվում առավոտյան միասին մի փոքր զբոսնել, միասին կատակել, նպատակներ դնել, հետո նոր քայլել դեպի դպրոց։ Մի խորհուրդ էլ․ մոտակա գրախանութից ձեզ համար գնեք ամենագեղեցիկ ու յուրօրինակ տետրն ու գրիչը և սկսեք աշխատել դրանցով։ Գեղեցիկ իրերը ևս օգնում են հեշտությամբ տրամադրվել դասերին։ Ահա այսպիսի խորհուրդներ նոր ուսումնական տարին բարձր տրամադրությամբ և արդյունավետ սկսելու համար։
Իսկ Զարթուցիչի հյուրասրահում կհանդիպենք պատանի նորարարներ Ստեփանի և Մհերի հետ։ Նրանք կպատմեն տեխնոլոգիաների աշխարհում իրենց կատարած աշխատանքների և մեծ նպատակների մասին։
