Հոպլյա՛, հեքիաթ

Բուն և դեղին մուկը. Հոպլյա՛, հեքիաթ

Կեսօրվա շոգին բուն նիրհում էր իր փչակում։ Նա այրվում էր հետաքրքրությունից, թե ինչ է կատարվում դրսում այն ժամին, երբ բոլորին թվում է, թե ինքը քնած է։ Նա քնել չէր կարողանում։

Բուն չափազանց սնապարծ էր և շատ էր ցանկանում, որ բոլորը վախենան իրենից։ Բայց դժբախտաբար, ցերեկը, երբ կենդանիների մեծ մասը դրսում էր, բուն քնած էր իր փչակում, իսկ գիշերը ինչքան էլ աշխատում էր սուր կռնչոցներ տարածել, միևնույն է, ամեն ինչ խաղաղ էր, ոչ ոք չէր շարժվում։

— Իհարկե, բոլորը թաքնվում են ինձնից, վախենում են,- ասում էր նա ինքն իրեն հեգնանքով,- Ուո՜ւու, հուո՜ւու․․․

Եվ որքան կարող էր՝ բարձր էր վայում։

Բայց ինչ որ բան անհանգստացնում էր նրան։

— Ավելի լավ է ինքս գնամ և որևէ մեկին հարցնեմ, թե ի՞նչ կարծիքներ կան իմ մասին,- ամառվա մի գեղեցիկ օր քրթմնջաց բուն,- Հեռու գնալու կարիք չկա, հենց էստեղ, էս քարի տակ բազմաթիվ մկներ են ապրում, գնամ ու հարցնեմ դրանց։

Եվ նա դուրս թռավ իր փչակից։

— Բո՛ւ, բո՛ւ,- ճչացին մկները և վայրկենապես ցրվեցին բները։ Դա բվին շատ դուր եկավ։

Նա նստեց ամենամոտ գտնվող մկան բնի կողքն ու ներս նայեց։

— Բարև, մկնիկ, մի վախենա ինձնից։ Դու էստե՞ղ ես։

— Հա, էստեղ եմ,- պատասխանեց փոքրիկ դեղին մուկը։ Թեև նա հասկանում էր, որ բուն իրեն չի կարող վնասել, քանի որ ինքը ներսում է, բայց և այնպես շատ անհանգիստ էր։

— Ուզում էի հարց տալ։

Բուն աշխատում էր դուր գալ մկանը։

— Մկները ի՞նչ կարծիք ունեն․․․իմ մասին։

— Հը՜մ․․․-մտածեց մուկը,- Էս պառավ ջադուն օրը ցերեկով դարանակալել է բնիս մոտ։

Սակայն բարձրաձայն նա ասաց․

-Էստեղ բոլորը ձեզ կոչում են գիշերային առաջնորդ։

— Գիշերային առաջնո՞րդ- զարմացավ Բուն։

Նման արտահայտությունը սնափառ բվի ականջին հնչեց գեղեցիկ մեղեդու պես։

— Նորից ասա էդ բառերը և ավելի դանդաղ- հրամայեց բուն։

— Գիշերային ա֊ռաջ֊նորդ,- կրկնեց մկնիկը վախից դողալով։

Բուն զմայլված էր։

— Իսկ հիմա նույնը շշնջա ականջիս,- ասաց նա և գլուխը մոտեցրեց մկան բնին։

— Դու քավթառ, ողորմելի ջադու ես, հասկացա՞ր,- բղավեց մուկը նրա ականջին և անհետացավ բնի խորքում։

Բուն սկզբում միայն աչքերն էր թարթում՝ անկարող սեփական ականջներին հավատալու, հետո կատաղությունը բռնեց։

— Սպասիր, կբռնեմ քեզ,- սպառնաց Բուն մկանը,- Տեղիցս չեմ շարժվելու, մինչև դուրս գաս ծակիցդ, սկսելով բարկությունից կտցահարել անցքը։

Մուկը մի այլ անցքով սողոսկեց ընկերների մոտ և պատմեց նրանց ամեն ինչ։

Իսկ բուն առաջվա պես սպասում էր մկան բնի մոտ, փոխնեփոխ բարձրացնելով մերթ մեկ, մերթ մյուս ոտքը։ Նա էնտեղ անցկացրեց մեկ գիշեր և ցերեկ, հետո երկրորդ օրը, երրորդը օրը․․․

Եվ քանզի վիրավորանքը չի մոռացել՝ Բվին հիմա էլ հաճախ կարելի է տեսնել մկան բնի մոտ սպասելիս՝ ուզում է իրեն վիրավորողին բռնել ու պետք եղածի պես դաս տալ նրան ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button