Հոպլյա՛, հեքիաթ

Քոյոթը․ Հոպլյա՛, հեքիաթ

Շատ դարեր առաջ, ոչ հնդկացիները, ոչ էլ կենդանիները չգիտեին, թե ինչ բան է մահը, նրանք ապրում էին հավերժ։ Միայն Քոյոթը՝ էդ չար անհաշտը՝ միշտ դժգոհ շրջում էր ու փնթփնթում։

— Իսկ ինչո՞ւ էսպես նեղվենք․․․եթե ծերերը մեռնեն, մենք ավելի լավ կապրենք։

Բոլորին հայտնի էր, որ Քոյոթը սրիկա է և միշտ աշխատում է մյուսներին փորձանքի մեջ գցել։ Բայց այս անգամ նա վճռել էր հեշտությամբ չհրաժարվել էն մտքից, որը հաստատապես մտել էր իր ծուռ ու տհաս գլուխը։ Եվ երբ էդ տարի ձյունն առանձնապես երկար մնաց ու սովը սպառնաց բոլորին, Քոյոթը նոր թափով սկսեց գոռալ․

— Տեսնու՞մ եք, մենք շատ ենք, էդ պատճառով էլ սոված ենք մնում։ Ախր եթե ծերերը մեռնեն, ուտելիքը բոլորիս կհերիքի՜․․․

Վերջապես նրա փնթփնթոցն ընկավ Մեծ Շամանի ականջը։ Նա որոշեց ժողով հրավիրել և ապացուցել բոլորին, թե որքա՜ն զզվելի է Քոյոթի առաջարկությունը։

Հնդկացիները և կենդանիները հավաքվեցին Սրբազան ժայռի ստորոտում։ Մեծ Շամանը բարձրացրեց գլուխը և դիմեց նրանց հետևյալ խոսքերով․

— Իմ որդիներ, ես այլևս չեմ կարող լսել մեր եղբայր Քոյոթի կաղկանձը։ Նա պահանջում է, որ մենք մահ բերենք մեր երկիրը։ Ահա ինչու եմ բոլորիդ հավաքել։ Դա՛ս տվեք Քոյոթին։

Իսկ խորամանկ Քոյոթն սկսեց կոկորդով մեկ գոռալ․

— Օ՛, Մեծ Շաման, ես որևէ մեկին վնասելու միտք չունեմ,- նրա խորամանկ աչքերը նեղացել, դարձել էին փոքրիկ ճեղքեր,- Ես իհարկե չեմ ուզում ասել, որ մահացողներն այլևս աշխարհ չվերադառնան․․․

— Էդ դեպքում ի՞նչ է քո առաջարկը,- հարցրեց սկյուռը։

— Հա՛, առաջարկդ ասա, լսում ենք։

Մեծ Շամանն անգամ առաջ հակվեց, որ լավ լսի Քոյոթին։

— Ես առաջարկում եմ, որ մենք մի անցք բացենք երկնքում և բոլոր մեռածներին ժամանակավորապես ուղարկենք էնտեղ։ Հետո, երբ սնունդն առատ լինի, նրանց էլի հետ կկանչենք։ Մի նետ կարձակենք դեպի բարձր երկինք, հետո երկրորդ նետը կգնա և կմիանա առաջինին։ Դրան կհաջորդի երրորդը, չորրորդը և էսպես շարունակ, մինչև երկինքն ու երկիրն աստիճաններով միանան իրար։ Էդ ժամանակ, ամեն ոք կկարողանա բարձրանալ երկինք և հեշտությամբ իջնել երկնքից։

Կոյոտի առաջարկը խելքին մոտ էր թվում։ Նա գոհունակությամբ, խորամանկ ժպտում էր․․․

Հնդկացիները շտապեցին վերցնել իրենց նետերն ու աղեղները։

-Վը՜զզ,- Մեծ Շամանի հրամանով սուրաց առաջին նետն ու ծակեց ամենացածր ամպը։ Դրան հաջորդեց մյուսը, որը խոցեց առաջին փետրազարդ նետը։

Կենդանիները հիացած նայում էին հնդկացիների ցուցադրած հմտություններին։ Ոչ մի նետ չվրիպեց։ Քոյոթը վազվզում էր նշանառուների ոտքերի արանքով և նրանց ավել-պակաս խորհուրդներ էր տալիս։ Վերջապես սանդուղքը պատրաստ էր։

Մութը վրա հասավ, Մեծ Շամանն ասաց․

— Գնացեք քնելու։ Էս օրվանից սկսած մահը լինելու է մեզ հետ, ինքներդ էդպես կամեցաք։ Ես դուռ կբանամ Սրբազան ժայռից, որ մահը ներս գա և ում որ ընտրի՝ տանի հետը երկինք։

Իջավ առաջին գիշերը, երբ մահը շրջելու էր հնդկացիների երկրում։ Քիչ անց, առաջին անգամ մեռավ ծեր վարազն իր քարայրում, ապա՝ մենակ որսորդն իր խցում և արծիվն իր բնում, ժայռի գլխին։

Անցավ ժամանակ։ Ամեն գիշեր մարդիկ և կենդանիներն իրենց աչքերը հառում էին երկինք, սպասելով մահացածների վերադարձին։ Միայն Քոյոթը չէր երևում։

Նա քաշվել էր իր որջը, որի մոտով անցնողները ներսից տարօրինակ կրճտոց էին լսում։ Բայց ոչ ոք չգիտեր, որ սրիկան սրածայր քարեր է հավաքել իր որջում և օրեր շարունակ զբաղված է ատամները սրելով։

Ատամները սրելով, այգաբացից առաջ Քոյոթը դուրս եկավ թաքստոցից։ Բացարձակ լռություն էր։ Քոյոթը գաղտագողի գնաց դեպի Սրբազան ժայռը, կանգնեց հետևի թաթերին, ատամներով կառչեց վերջին նետից և սկսեց կրծոտել այն։ Ապա սկսեց ցնցել նետերի ամբողջ շարքը՝ ցանկանալով պոկել տեղից։ Նետերը ցած թափվեցին։  

— Վո՜ւ, ուո՜ւու․․․

Ճզմված ու ջաղջախված, նա վերադարձավ իր որջը։ Մեծ իրարանցում սկսվեց, աղմուկն արթնացրեց բոլորին։ Բայց էլ ոչինչ հնարավոր չէր անել, մեռածներն այլևս աշխարհ վերադառնալու սանդուղք չունեին, Քոյոթն այն փլել էր։

Մեծ Շամանը խիստ զայրացավ և ասաց ոճրագործին․

— Ընդմիշտ հեռացի մեզնից։ Գնա Պրերիա և էնտեղ ապրի մենակ, դու չար ես ու խաբեբա։

Քոյոթը խոնարհաբար պոչը խոթեց ոտների արանքն ու փախավ։ Էդ օրվանից մինչև հիմա նա ողբում է և թախանձում, որ իրեն թույլ տան վերադառնալ։ Բայց ոչ ոք նրան չի խղճում և հետ չի կանչում։ Իսկ նրա բերած մահն էլ մնացել է էս աշխարհում և այլևս հետ չի գնում իր կացարանը՝ Սրբազան Ժայռը։

Ցուցադրել ավելի
Back to top button