Զարթուցիչ

Ջուլիետի ծնունդը — Զարթուցիչ 16․09․2021

Դեպի դպրոց քայլելու և ճանապարհին «Զարթուցիչ» լսելու հրաշալի աշնանային առավոտ է։ Շատ հետաքրքիր ծննդյան օր է նշվում այսօր իտալական Վերոնա քաղաքում։ Խոսքը «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության հերոսուհի Ջուլիետի մասին է։ Սա ոչ թե իրական մարդու, այլ գրական հերոսի ծննդյան օր է, և  ստեղծագործության մեջ չի էլ նշվում։ Այս ծննդյան օրը հաշվարկել են հետազոտողները՝ ողբերգության մի քանի իրադարձությաւն համադրելով։

Օրինակ, ինչպես նշում է Շեքսպիրը ողբերգության մեջ,  Վերոնայի կառավարիչը դուքս Էսկալոսն էր՝ սենյոր Բարտոլոմեո դե լա Սկալան։ Նա իրական կերպար է, որը քաղաքը կառավարել է 1301–1304 թվականներին։ Ողբերգության մեջ կա նաև Զատկի տոնի մասին հիշատակում, որը ըստ աստղագիտական օրացույցի եղել է 1302 թվականին։ Կա նաև Ջուլիետի ստնտուի խոսքն այն մասին, որ բերքի տոնին կլրանա աղջկա 14 տարին։ Համադրելով այս ամենը սահմանվեց Ջուլիետի ծննդյան տարեթիվը՝ 1284 թվական, օրը՝ սեպեմբերի 16։

Մինչև այժմ էլ Վերոնայում Ջուլիետին ուղղված նամակներ են գալիս աշխարհի տարբեր երկրներում ապրող սիրահարված մարդկանցից՝ իրենց խորհուրդներ տալու խնդրանքով։ Նամակներին պատասխանում են Ջուլիետի ակումբին անդամագրված աղջիկները։ Այդ ակումբը հիմնադրվել է 1972 թվականին։ Ամեն տարի ակումբ ավելի քան 5000 նամակ է գալիս, նաև՝ էլեկտրոնային փոստով։ Ոչ մի նամակ անպատասխան չի մնում։ Դե, իսկ այսօր Վերոնայում իսկական տոն է, ներկայացումներ, դիմակահանդեսներ, փառատոներ՝ նվիրված Ջուլիետին։

Ցուցադրել ավելի
Back to top button