Ուտելիք տվե՞լ եք ձեր սանիկներին, ջուրը փոխե՞լ եք, սանրել-սիրունացրե՞լ եք, թաթերը լվացե՞լ եք, հետները զբաղվել-խաղացե՞լ եք․․․ Դե ուրեմն, նստեք ու հանգիստ խղճով լսեք «Հա՛ֆ, Մյաու»-ի հերթական թողարկումը, որը վարում է Քրիստ Մանարյանը։ Եվ իրենց էլ բերեք՝ թող լսեն։ Ներկայացնում ենք մի շատ արտասովոր փիսիկի։ Իսկ թե ինչո՞վ է նա արտասովոր․․․կիմանաք հաղորդման ընթացքում։
Իսկ ի՞նչ է տվյալ անմազ փիսոյի անունը․․․իհարկե՝ Սֆինքս՝ Կանադական սֆինքս։ Ի դեպ, նա միակ անմազ կատուն չէ՝ էլի ցեղատեսակներ կան, որոնք մազածածկույթ չունեն։ Բայց Կանադական սֆինքը նրանցից ամենահայտնին է, ամենից գովազդվածն ու հանրահռչակվածը։ Պատճառը, երևի, նրա բավականին արտառոց արտաքինն է․ նա իսկապես, ասես, էս մոլորակից չլինի։ Կանադական սֆինքսը ձևավորված ցեղատեսակ է և ունի շուրջ 50 տարվա պատմություն՝ ընդունված է բոլոր հեղինակավոր, միջազգային ֆելինոլոգիական կազմակերպությունների կողմից։ Մյուս անմազ կատուները՝ Դոնի սֆինքսը, Պետերբոլդն ու ուկրաինական Լեվկոյը դեռ հաստատման ճանապարհին են և շատ ավելի երիտասարդ ցեղատեսակներ են։
Սֆինքսը ջերմ բնավորությամբ, բարի կատու է, բարձր ինտելեկտով։ Բայց շատ բան կախված է դաստիարակությունից ու վարժեցնելուց․ նա, ի դեպ՝ հեշտ է վարժեցվում և ունի լավ հիշողություն։ Սիրում է ցատկել և ցատկում է բարձր, մինչև 1 մետր 30 սանտիմետր։ Դա բարձր ցուցանիշ է։
Հիմա մի ուրիշ, հետաքրքիր փաստ նրանց մասին։Պատկերացրեք՝ մազ չունեցող սֆինքսները լինում են ամենատարբեր գունավորման։
Մարդիկ գրեթե միշտ հարցնում են տարբեր ֆորումներում՝ «Իսկ Սֆինքսն առանց մազ չի՞ մրսում»։ Դե ով էլ մերկ լինի՝ հաստատ կմրսի, չէ՞։ Բայց Սֆինքսն էնքան խելք ունի, որ ընտրում է տանը տաք անկյուն կամ գնում ու կպչում է մարդուն, ուրիշ կենդանիների և կամ էլ մտնում է ձեռքի տակ եղած մարդկային տաք հագուստների մեջ։ Սֆինքսն ունի ամուր ոսկորներ, իսկ փորիկը միշտ ձգված է, ասես հենց նոր է կերակուր անուշ արել։ Ունի դեմքի իսկապես խելացի արտահայտություն։ Գլխին կան ծալքեր, ասես անվերջ մտածում է ու մի քիչ էլ կարծես մտահոգ տեսք ունի։ Նա բարձր էներգիայով կատու է, ուշադրություն գրավելու համար ինչ ասես կանի, նույնիսկ՝ անհեթեթ վարք կցուցաբերի։ Քանի որ անմազ է, պետք է հաճախ լողացնել կենդանուն, կտրել եղունգներն ու մաքրել ականջները։
Ասում են՝ Սֆինքսը գրեթե չի առաջացնում ալերգիա, մազածածկույթի բացակայության պատճառով։
Սֆինքսը շատ է սիրում ճանկռոտել, խելքն իրենը չի դրա համար։ Պետք է իմանալ ու հիշել՝ ճանկռոտելը, ճանկեր սրելը՝ բնական, ենթագիտակցական մակարդակի գործողություն է կատուների համար։ Եթե նրանց արգելեք դա անել՝ կատվիկներն իրենց վատ կզգան ու կվհատվեն։ Մեկ էլ՝ ֆելինոլոգները խորհուրդ չեն տալիս հեռացնել Սֆնիքսի ճանկերը, դա նրանց վրա, վատ է անդրադառնում։ Իսկ ստերիլիզացնել՝ հակառակը, խորհուրդ են տալիս, էդպես կենդանին ավելի երկար կապրի։ Եվ խորհուրդ չի տրվում նրանց տնից դուրս հանել, եթե դրա ծայրահեղ անհրաժետությունը չկա, Սֆինքսը, էսպես ասենք՝ «տան կատու է», նրա համար ամենից լավ ու ապահով տեղն աշխարհում տունն է։ Սսինքսը, «Կարմիր Գլխարկի» գայլի նման ունի մե՜ծ ականջներ ու մե՜ծ աչքեր, երևի, որ ձեզ լավ տեսնի ու լսի։ Եթե հաճախակի է ընդունում արևային լոգանք՝ գունավորումը դառնում է ավելի վառ։
Սֆինքսի նյութափոխանակությունը բավականին արագ է, նա ունի լավ ախորժակ, հայերեն ասած՝ ուտող-խմող կատու է, էնպես որ պիտի նրան պահելու համար միջոցներ ունենաք։
Եթե, այնուամենայնիվ, որոշել եք նման այլմոլորակային կատու ձեռք բերել, հիշեք նաև, որ լավ կլինի, եթե նա ունենա իր պստիկ, հարմարավետ, տաք անկյունը, ասենք՝ փափուկ կտորից։
Մեկ էլ, ասում են՝ Սֆինքսն ընկերասեր է ու ամենից լավը կլինի, եթե տանն ունենա ընկեր-կենդանի, ցանկալի է՝ հենց իր ցեղատեսակից։ Իսկ ընդհանրապես, Սֆինքս իր խելացի, ամեն ինչ հասկացող հայացքով, ասես ասում է․ «Տեսքիս չխաբնվեք, ես մնացած բոլոր կատուների պես կատու եմ, սիրում եմ ուտել, ճանկռոտել և խաղալ ու ընկերություն անել ուրիշ փիսիկների և անգամ՝ շների հետ։ Որովհետև ընկերովի կյանքը ուրախ է, հագեցած ու իմաստալից»։