Այսօր աշխարհում նշվում է Ծովի օրը։ Սա ՄԱԿ–ի սահմանած տոներից է և նշվում է յուրաքանչյուր սեպտեմբերի վերջին շաբաթվա որևէ օր։ Այս տարի Ծովի համաշխարհային օրը հենց այսօր՝ սեպտեմբերի 30–ին կտոնվի աշխարհի շատ երկրներում։
Ջուրը մեր մոլորակի կյանքի հիմքն է։ Երկրագնդի մակերեևույթի 70 տոկոսը զբաղեցնում է այս կենարար հեղուկը։ Եվ չնայած բոլորը գիտեն այդ մասին, մեկ է, այս պահի շահը կարևորելով, մարդկությունը մեծ վնաս է հասցրել հենց իր կյանքի հիմքին՝ անդառնալի աղտոտելով ծովերն ու օվկիանոսները, վերացնելով դրանցում ապրող բույսերի ու կենդանիների շատ տեսակներ։ Եվ պատահական չէ, որ ամեն տարի այս տոնը նվիրվում է էկոլոգիական որևէ խնդրի և ուղեկցվում է բնապահպանական, կրթական միջոցառումներով, երթերով, գիտաժողովներով։
«Զարթուցիչն» էլ ամեն տարի չի զլանում հիշեցնել, որ մենք էլ մեր փոքրիկ ծովն ունենք․․․մեր սիրուն Սևանը․․․ իհարկե, գիտական բոլոր սահմանումների համաձայն, մեր Սևանը լիճ է, բայց մինչև այսօր էլ նրա ափերին գտնվող գյուղերի բնակիչները Սևանի մասին խոսելիս այն հաճախ հենց ծով են անվանում։ Իսկ ավելի հին ժամանակներում այն հայտնի էր Գեղամա ծով կամ ծովակ անունով։
Լեռների գրկում օրօրվող կապույտ հրաշքը բոլորիս հոգատարության ու սիրո կարիքն ունի․ մի աղտոտեք Սևանի ափերն ու ջուրը, պե՞տք է՝ մասնակցեք բոլոր այն միջոցառումներին, որոնց նպատակը լիճն աղբից մաքրելն է։
Ամենաաղի ծովը գիտե՞ք որն է։ Եթե ասեք Մեռյալ ծովը, կսխալվեք, որովհետև այն ևս լիճ է, ոչ թե ծով։ Իսկ ամեննաաղի ծովը Կարմիր ծովն է, որի մեկ լիտր ջուրը պարունակում է 41 գրամ աղեր։ Կարմիր ծովը միակն է, որի մեջ ոչ մի գետ չի թափվում։ Հենց դրանով է պայմանավորված նրա ջրի թափանցիկությունն ու աղիությունը՝ նույնպես։ Այն նաև աշխարհի ամենատաք ծովն է համարվում։
Աշխարհի ամենամեծ ծովերն են Սարգասյան և Ֆիլիպինյան ծովերը։ Սարգասյան ծովն առանձնահատուկ է նաև նրանով, որ հենց օվկիանոսի կենտրոնում է գտնվում և ափ չունի։ Իսկ Ֆիլիպինյան ծովը ամենախոր ծովն է, և հենց դրա տարածքում է գտնվում Մարիանյան իջվածքը։