Ռադիոլաբ

Բացահայտելով տեխնոլոգիական նախագծերի հանգույց՝ Թումո Լաբերը

Այս թողարկման ընթացքում այցելում ենք Թումո Լաբեր՝ ծանոթանալու կրթական նոր ծրագրերի ու նորարարական նախագծերի հետ։

Եթե լրացել է ձեր 18 տարին ու ցանկանում եք զրոյից սովորել phyton, machine learning կամ javascrip լեզուները, կամ էլ խորացնել արդեն ունեցած հմտությունները ու դրանք կիրառելով մասնակցել տարբեր նախագծերի, ապա կարող եք դիմել ԹումոԼաբս։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ ու լիովին անվճար է։ Հաղորդման ընթացքում մանրամասներին է ծանոթացնում «Թումո Լաբեր» -ի հաղորդակցության մասնագետ Սաթենիկ Խաչատրյանը։

Ուսանողներն այստեղ նաև զբաղված են «Կրիսպ» ընկերության հետ համատեղ իրականացվող 2 նախագծերի վրա։ Դասընթացավար Արտաշես Հարթենյանի խոսքով դրանք արհեստական բանականությամբ աշխատող համակարգչային ծրագրեր են, որոնցից մեկը՝ երկար տեքստից ֆիլտրելու ու առանձնացնելու է կարևոր միտքը, իսկ մյուսը՝ պարզելու է տեքստում առկա տրամադրությունները։ Յուրաքանչյուր նախագծի վրա աշխատում է 5 հոգանոց առանձին թիմ։ Նախատեսվում է 2 ամսվա ընթացքում համակարգչային ծրագրերը գործարկել, իսկ թե հետագայում արդյոք դրանք կդառնան բջջային հավելվածներ՝ ժամանակը ցույց կտա։

Գերմանիայից Հայաստան տեղափոխված, «OQNI» ՀԿ տնօրեն Հայկ Բագրատյանցն էլ ներկայացնում է իրենց համատեղ նախագծերը։ Մշակում են մի հավելված, որը հոգեկան ու ֆիզիկական վարժություններ է առաջարկելու հաշմանդամություն ունեցող անձանց համար։ ԹումոԼաբսի հետ ուսանողների համար իրականացնում են նաև կրթական ծրագիր ու նախագծում պրոթեզներ։ Բավականին հետաքրիքր թիմ է հավաքված․ բացի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներից, կան նաև զինվորներ ու համալսարանի դասախոս, իսկ ամենատարեց թիմակիցը՝ 65 տարեկան մի ինժեներ է, ով Արցախյան առաջին պատերազմի ընթացքում կորցրել է իր ոտքն ու պրոթեզների նախագծման գործում բավականին օգնում է։ Նախատեսվում է, որ պրոթեզներն իրենց վերջնական տեսքով ակտիվ արտադրության փուլ կմտնեն մյուս տարվա վերջին։

Լսեք «Ռադիոլաբ» հաղորդումն ամբողջությամբ ու կբացահայտեք ևս մեկ տեխնոլոգիական նախագծերի հանգույց՝ Թումոլաբս-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button