Զարթուցիչ

Անձրևի ու տուն֊հովանոցի մասին. Զարթուցիչ

2004 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Համացանց, սոցկայքեր, հեռուստացույց․․․իհարկե, սրանք մեր ազատ ժամանակի մի մասն են։ Բայց եթե սիրում ենք գիրք կարդալ, ուրեմն այդ ժամանակի մեջ իրենց անփոխարինելի  տեղն ունեն գրքերը և գրադարանի ճանապարհն էլ սիրելի ու ծանոթ ճանապարհ է մեզ համար։ Իսկ ծանոթ գրադարանավարները՝ հրաշալի խորհրդատուներ բոլոր այն դեպքերում, երբ հետաքրքիր գիրք ես ուզում կարդալ, բայց ի՞նչ՝ չգիտես։

Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը, սիրելի գրադարանավարներ։ Ձեր օգնության կարիքը միշտ ունենք։

Հրաշալի գրադարաններ են ունեցել հայ նշանավոր գրողներն ու գիտնականները, երաժիշտներն ու նկարիչները։ Թումանյանի գրադարանի մասին, օրինակ, վստահ ենք, բոլորդ գիտեք։ Իսկ Կոմիտասի գրադարանի մասին լսե՞լ էիք։ Հոկտեմբերի 5–ին Կոմիտասի թանգարան–ինստիտուտում բացվել է «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» ցուցադրությունը, որը ներառում է Կոմիտասի՝ տարբեր տարիների և տարբեր քաղաքներում ձեռք բերած բազմաժանր գրականությունը. առկա են նոտային գրականություն, երաժշտագիտական  ուսումնասիրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և աշխատություններ, ամսագրեր, գեղարվեստական և այլ գրականություն:

Ըստ ցուցադրության համադրող Մարինե Հարոյանի, չկա մի բնագավառ, որին վերաբերող գիրք չլինի Կոմիտասի գրադարանում: «Գրքերի մեծամասնությունը ստորագրված է. Կոմիտասը վերակազմել է դրանք՝ լավ պահպանելու նպատակով: Գրքերի մեծ մասն օտարալեզու է՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն։ Կոմիտասի նամակագրությունից պարզ է դառնում, որ նա նաև հայերեն լավ գրադարան է ունեցել, բայց չկան այդ գրքերը»,-նշել է նա։ Եթե հետաքրքրեց այս տեղեկությունը, ուրեմն՝ հնարավոր է հանդիպենք մոտ օրերս հենց այստեղ՝ Կոմիտասի թանգարան–ինստիտուտում։

Եթե հիմա անձրևը կտկտացնում է ձեր հովանոցի վրա, ուրեմն հենց ձեզ համար է Լեոնիդ Ենգիբարյանի «Հովանոցը» նովելը։ Նաև ձեզ համար, առանց հովանոցի քայլողներ․․․

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.

— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու: Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև… Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին… Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հետու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատում է արդյոք վերելակն այսօր, թե ոչ…

Ցուցադրել ավելի
Back to top button