Հոպլյա՛, հեքիաթ

Անապատի տունը. Հոպլյա՛, հեքիաթ

Կար- չկար մի շատ հարուստ սինյոր կար։ Իր փողերը նա պահում էր հսկայական պահեստներում, որոնք, մինչև առաստաղ, լեփ-լեցուն էին դրամներով։ Այստեղ կային աշխարհի բոլոր երկրների և բոլոր ազգերի դրամները։ Նրա անունը սինյոր Մոնետի էր։

Եվ ահա, մի անգամ, նա ցանկացավ իր համար տուն կառուցել։

— Անապատում կկառուցեմ տունս,- որոշեց  Մոնետին,- մարդկանցից հեռու։

Բայց անապատում շինարարության համար ո՛չ քար կար, ոչ՛ աղյուս, ո՛չ կիր, ո՛չ տախտակներ, ո՛չ մարմար… Ոչինչ չկար, միայն ավազ։

— Կարևոր չի,- ինքն իրեն ասաց սինյոր Մոնետին,- Քարերի, աղյուսների, տախտակների ու մարմարի փոխարեն դրամներ կօգտագործեմ։

Նա կանչեց ճարտարապետին և հանձնարարեց տուն նախագծել։

— Թող էնտեղ 365 սենյակ լինի,- հրահանգեց սինյոր Մոնետին,- մի-մի սենյակ՝ տարվա ամեն օրվա համար։ Եվ տասներկու հարկ՝ տարվա յուրաքանչյուր ամսվա համար։ Եվ թող հիսուներկու սանդուղք լինի տան մեջ՝ մեկական՝ տարվա յուրաքանչյուր շաբաթվա համար։ Եվ էդ բոլորը թող փողերից պատրաստվի, պա՞րզ է։

— Իսկ մեխե՞րը…

— Մեխե՞րը․․․վերցրեք իմ ոսկեդրամները և դրանցից ոսկե մեխեր ձուլեք։

— Իսկ տանիքի համար կղմինդրներ են անհրաժեշտ…

— Ոչ մի կղմինդր։ Վերցրեք իմ արծաթե դրամներն  ու դրանցով ծածկեք տանիքը։

Եվ ճարտարապետը նախագծեց տունը։ Որպեսզի անապատ բերեն տան համար անհրաժեշտ բոլոր դրամները, երեք հազար հինգ հարյուր ավտոքարշակ պետք եղավ։ Իսկ շինարար բանվորներին տեղավորելու համար չորս հարյուր վրան խփեցին։ Աշխատանքը եռաց։ Սկզբում տան հիմքի համար մի մեծ փոս՝ խանդակ փորեցին, բայց այնտեղ երկաթբետոնե սյուներ չտնկեցին և սալեր չշարեցին, այլ լցրեցին մետաղադրամները։ Մեկը մյուսի հետևից մոտենում էին բերնեբերան մետաղադրամներով լեցուն բեռնատար մեքենաները և խանդակի մեջ էին լցնում իրենց թանկարժեք բեռը։ Հետո սկսեցին պատերը շարել. մեկ առ մեկ դրամը դրեցին դրամի վրա։ Սկզբում մի շերտ մետաղադրամ, հետո՝ մի քիչ շաղախ, դրա վրա՝ էլի դրամներ… Դռները նույնպես դրամներից պատրաստեցին՝ ջանասիրաբար իրար սոսնձելով մետաղադրամները։ Տանիքը, խողովակները և բուխարիները նույնպես մետաղադրամներից շարեցին։ Մի խոսքով՝ ամեն ինչ մետաղադրամներից պատրաստեցին:   Երեկոյան պարոն Մոնետին անպայման ստուգում էր շինարարությունից հեռացող աշխատողներին. հանկարծ ինչ-որ մեկը գրպանում կամ կոշիկի մեջ մի դրամ չտանի․․․

Նա ստիպում էր անգամ լեզուն ցույց տալ, որ մեկնումեկը բերանում էլ փող պահած չլինի։

Երբ շինարարությունն ավարտեցին, դեռ մետղադրամների մի ամբողջ սար էր մնացել: Սինյոր Մոնետին պատվիրեց դրանք լցնել նկուղները, դասավորել ձեղնահարկում և դրանցով լցնել գրեթե բոլոր սենյակները`դրամի կույտերի մեջ թողնելով միայն նեղ անցումներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լիներ հասնել դրանց և հաշվել:

Հետո բոլորը գնացին ու պարոն Մոնետին մենակ մնաց իր մեծ տանը՝ անապատի մեջ գտնվող փողե պալատում։  Իսկ տան շուրջը ձգվում էր անսահման անապատը:  

Մի օր, գիշերը, սինյոր Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա անսխալ կռահեց. «Թակում են հնագույն եթովպիական թալերներով պատրաստված դուռը»։ Իջավ ներքև ու բացեց դուռը: Նրա առջև կանգնած էին անապատում կորած երկու երեխա:

Նրանք քաղցած ու մրսած էին և դառնորեն լաց էին լինում:

— Օգնեցե՜ք մեզ, խնդրո՜ւմ ենք…

Ցուցադրել ավելի
Back to top button