10 րոպե կինոյի մասին

«Հյուգո կամ Ժամանակի պահապանը»․ 10 րոպե կինոյի մասին

Ընտանեկան դիտման համար մի ֆիլմ ենք առաջարկում։ Այն նոր չէ, նկարահանվել 2011 թվականին, ուստի հնարավոր է տեսած լինեք, բայց հնարավոր է՝ որ ոչ։ Ամեն դեպքում այն շատ հետաքրքիր է, ու ինքս էլ թեպետ դիտել եմ, մեծ հաճույքով այս հանգստյան օրերից որևէ մեկին նորից կնայեմ։

Խոսքը ռեժիսոր Մարտին Սկորսեզեի արկածային ժանրի ֆիլմի մասին է, որի անունը օրիգինալում, այսինքն անգլերենով կոչվում է՝ «Hugo», իսկ ռուսերեն տարբերակում “Хранитель времени” ՝ այսինքն «Ժամանակի պահապանը»։ Անվանեք ինչպես կուզեք, բայց այն հաստատ արժանի է ուշադրության։ 2012-ին «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին, նույն թվականին նոմինացվել է նաև Օսկարի՝ միանգամից 11 անվանակարգերում, որոնցից 5-ում հաղթել է։ «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ձայն», «Լավագույն ձայնային մոնտաժ», «Լավագույն դեկորացիաներ» ու «Լավագույն վիզուալ էֆֆեկտներ»։

Վերնագրից կարող է ենթադրեք, որ այն կապ ունի ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի հետ։ Ամենևին։ Կինոնկարը հիմնված է ժամանակակից հեղինակ Բրայան Սելզնիքի «Հյուգո Կաբրեի հայտնագործությունը» գրքի սյուժեի վրա։ Ինչպես արդեն նշեցի, այստեղ չեք հանդիպի Վիկտոր Հյուգոյին, բայց ուշադիր եղեք․ շուտով ֆիլմի միջոցով ծանոթանալու եք ֆրանսիացի նշանավոր ռեժիսորներից մեկի հետ, որի կերպարը ֆիլմում առանցքային նշանակություն ունի։

Գլխավոր դերում հանդես է գալիս բրիտանացի դերասան Էյսա Բաթթերֆիլդը, ով շատերիդ ծանոթ է «Զոլավոր գիշերազգեստով տղան», «Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների տունը» և «Տիեզերքը մեր միջև» ֆիլմերից։ Հիմնական մյուս դերերում հանդես են գալիս դերասաններ Բեն Քինգսլին, Սաշա Բարոն Քոենը, Քլոե Մորեցը և այլք։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1931 թվականին Փարիզում։

Եվ այսպես «Հյուգո» կամ «Ժամանակի պահապանը»։

Հյուգո Կաբրե անունով 12 ամյա մի որբ տղա քեռու հետ ապրում է կայարանում։ Նրա կյանքի նպատակը հորից ժառանգած խորհրդավոր մեխանիկական տիկնիկը վերականգնելն է։ Դրա համար Հյուգոյին անհրաժեշտ են տարատեսակ փոքրիկ դետալներ, որոնք նա թաքուն գողանում է խաղալիքներ վաճառող Ժորժ Մելիեսից։ Վերջինս օրերից մի օր տղային ինչպես ասում են բռնացնում է գործի վրա, դատարկում գրպաններն ու խլում գծագրությունների տետրը։ Առանց այդ նշումների, Հյուգոն չի կարող գործարկել տիկնիկի մեխանիզմը։ Նա ծանոթանում է Մելիեսի թոռնուհու՝ Իզաբելի հետ և պարզում, որ աղջնակի պարանոցից կախված թալիսմանը շատ նման է իր մեխանիկական տիկնիկի բանալուն։ Սրտի տեսք ունեցող բանալիով նրանց հաջողվում է գործարկել տիկնիկը, որն էլ անմիջապես  թղթի վրա լուսին է նկարում։ Ինչպես պարզվում է հետագայում, դա «Ճանապարհորդություն դեպի լուսին» ֆիլմից կադր է, որի ռեժիսորը ․․․ Ժորժ Մելիեսն է, կինոմատոգրաֆիայի առաջին ու նշանավոր ռեժիսորներից, ում մասին սակայն հայտնի էր, որ մահացել է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Իզաբելը իր նոր ընկերոջ Հյուգոյի Կաբրեի հետ դեռ շատ բաներ պիտի բացահայտի իր պապիկի՝ Ժորժ Մելիեսի, նրա ֆիլմերի, ինչպես նաև դերասանուհի տատիկի՝ Ժաննայի մասին։

Ի դեպ ավտոմատոնը՝ ֆիլմում ծրագրավորած գործողություններ անող տիկնիկը, կարելի է համարել առաջին ռոբոտը կամ դրա նախատիպը։ Դրանց հեղինակներից է շվեյցարական ժամագործների հայտնի Ժակե-Դրո ընտանիքն ու շվեյցարացի մեկ այլ ժամագործ Անրի Մայարդեն։

Ֆիլմը ձեզ միանգամից տեղափոխում է հեքիաթային Փարիզ, իսկ տաղանդավոր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն իրապես կարողացել է հանդիսատեսին փոխանցել այդ հեքիաթային անչափ բարի ու տաք տրամադրությունը։ Ամեն ինչ, գույները, երաժշտությունը, դեկորացիաներն ու կադրերի համադրությունը, փայլուն դերասանական խաղն ու իհարկե գրավիչ սցենարը կստիպեն ձեզ 2 ժամ մնալ էկրանների մոտ։ Դե, կարծում եմ, հանգստյան օրերից մեկի երեկոն արդեն կարող եք պլանավորել․ հավաքվեք ամբողջ ընտանիքով ու դիտեք «Հյուգո» կամ «Ժամանակի պահապանը» ֆիլմը։

Ցուցադրել ավելի
Back to top button