Դիտել ե՞ք 1964 թվականին նկարահանված «Մերի Փոպինս» ընտանեկան մյուզիքլը։ Եթե դուք՝ ոչ, ապա, վստահեցնում եմ, ձեր ծնողները հաստատ դիտել են այն։ Նրանց էլ հիմա կանչեք, ինչո՞վ եք լսում մեզ․․․հեռախոսի, համակարգչի մոտ։ Հիմա պատմելու եմ «Դիսնեյ» ընկերության կողմից 2013-ին նկարահանված «Փրկել պարոն Բենքսին» ֆիլմի մասին։ Այն նվիրված է գրեթե 60 տարի առաջ էկրան բարձրացած ու շատ սերունդների կողմից սիրված «Մերի Փոպինս» կինոնկարի ստեղծման պատմությանը։ «Փրկել պարոն Բենքսին» կատակերգության և դրամայի տարրեր պարունակող ֆիլմի ռեժիսորը Ջոն Լի Հենկոկն է, գլխավոր հերոսները՝ գրող Պամելա Լինդոն Թրևերսն ու «Դիսնեյ» կինոընկերության հիմնադիր-ղեկավար Ուոլթ Դիսնեյը, որոնց դերերը խաղում են Էմմա Թոմփսոնն ու Թոմ Հենքսը։ Հրաշալի դերասանական զույգ է, չէ՞․․․
Պատմությունը, ինչպես արդեն նշեցի, իրական հիմքեր ունի և այսպես է ծավալվում ․
1940-ականների սկզբին Ուոլթ Դիսնեյն իր դուստրերին խոստացել էր ֆիլմ նկարահանել Մերի Փոպինսի մասին՝ նրանց սիրելի գրքերի հիման վրա։ Ուղիղ 20 տարի, նա այդ գրքերի հեղինակին՝ գրող Պամելա Թրևերսին համոզում էր թույլ տալ՝ ֆիլմ նկարահանել Մերի Փոպինսի մասին, սակայն հեղինակն ամեն անգամ հաստատակամորեն մերժում էր նրան։ Պատկերացնու՞մ եք, որքան կարևոր էր Դիսնեյի համար՝ դուստրերին տված խոստումն իրականացնելը, և ինչպիսի համառությամբ էր նա պայքարում Մերի Փոպինսի էկրանավորման իրավունքը ձեռք բերելու համար։
Վերջապես 1961 թվականին, 20 տարի անց՝ նա հասնում է նպատակին․․․ կազմակերպում է Թրևերսի երկշաբաթյա ուղևորությունը դեպի Լոս Անջելես։ Շտապեցիք ուրախանա՞լ մուլտիպլիկատորի հաջողության համար։
Մի շտապեք, Պամելա Թրևերսն աներևակայելիորեն համառ էր։
Այդ՝ 14 օրյա ուղևորության ընթացքում, Դիսնեյը կրկին փորձում էր ֆիլմ նկարելու համաձայնություն ստանալ։ Նույնիսկ, տիպված էր տիկին Պամելային ընդգրկել ֆիլմի նախապատրաստական աշխատանքների մեջ՝ սցենարիստ Դոն ԴաԳրադի ու երաժշտության հեղինակներ Ռիչարդ և Ռոբերտ Շերման եղբայրների հետ միասին։
Չնայած, Դիսնեյի կազմակերպած ջերմ ընդունելությանն ու ջանքերին՝ Պամելա Թրևերսը՝ ապագա ֆիլմի նախագծման փուլում, բառացիորեն դժգոհ է ամեն ինչից. նա պահանջում է արմատական փոփոխություն սցենարում, անիմացիայի լիակատար բացակայություն, ինչպես նաև՝ երգերի տեքստերի լեզվական ճշգրտություն։ Բացի այդ, նա կարծում է, որ ֆիլմում տղամարդու գլխավոր դերը պետք է կատարի ոչ թե ամերիկացի Դիկ Վան Դայքը, այլ բրիտանացի որևէ դերասան։
Դրան զուգահեռ՝ ֆիլմում զարգանում է սյուժետային մեկ այլ գիծ՝ կապված Թրևերսի՝ Ավստրալիայում անցկացրած մանկական հիշողությունների հետ, երբ դեռ նրան անվանում էին Հելեն Գոֆ։ Լոս Անջելեսում տեղի ունեցող գործողությունները, պարբերաբար, ընդհատվում են կինոյի տերմինաբանությամբ ասված՝ ֆլեշբեք կադրերով։ Նա հիշում է իր հորը՝ Թրևերս Գոֆին և մորը՝ Մարգրետին։ Հոր քնքուշ սերն իր երեխաների նկատմամբ զուգակցվում է թուլակամության և ալկոհոլից կախվածության հետ, ինչը, ի վերջո, հանգեցնում է նրա ողբերգական մահվանը։
Շատերի համար անտանելի թվացող այս կին-գրողը, Մերի Փոպինսի մասին գրքերում պարոն Բենքսի կերպարն ստեղծել է իր հոր կերրպարով։
Չնայած բոլոր հնարքներին, ներառյալ Դիսնեյլենդում համատեղ, զվարճալի էքսկուրսիան, Ուոլթ Դիսնեյին այդպես էլ չի հաջողվում ֆիլմը ստեղծելու իրավունքը նվաճել։ Վարորդ Ռալֆի ուղեկցությամբ, Թրևերսը մեկնում է օդանավակայան, որպեսզի վերադառնա Լոնդոն։ Վշտացած Դիսնեյը,շատ պատահաբար, որոշ մանրամասներ է իմանում գրողի անցյալից և փորձում է օգտագործել իր վերջին հնարավորությունը …
Դե ․․․ գաղտնիք չէ, որ ֆիլմն ի վերջո նկարահանվում է։ Բայց ինչպե՞ս է Դիսնեյին հաջողվում համոզել տիկնոջը, ինչպե՞ս է օգտագործում իր վերջին հնարավորությունը՝ անձամբ մեկնելով Լոնդոն՝ գրողի տուն, և ինչու՞ է այս կինոնկարը կոչվում «Փրկել պարոն Բենքսին»։ Կիմանաք, երբ դիտեք այն։
Ի դեպ, շատ կինոքննադատներ նույնպես կարևորել են այս պահը․ թեև հանդիսատեսը, ի սկզբանե գիտի, որ Մերի Փոպինսի մասին ֆիլմը նկարահանվել է, բայց հաճույքով է դիտում նաև այս ֆիլմը։ Մարդիկ հետաքրքիր մանրամասներ են իմանում իրենց մանկության սիրելի կիոններից մեկի ստեղծման մասին, հուզվում են, ծիծաղում, զարմանում և, ի վերջո, զայրանում ։
Այդ ամենին, իհարկե, նպաստում են ռեժիսորի և մյուս դերակատարների նրբանկատ աշխատանքները։ Ինչպիսի գեղեցիկ կադրեր կան, դերասանական տպավորիչ խաղ ու սքանչելի ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, որը, ի դեպ 2014-ի ներկայացված էր Օսկարի՝ լավագույն սաունդթրեք անվանակարգում
Որևէ պատահական բան ֆիլմում չկա, ամեն ինչ հաշվարկված է՝ հանդիսատեսին 2 ժամ էկրանների մոտ գամված պահելու համար։ Նույնիսկ վարորդ Ռալֆի փոքրիկ դերն ու կերպարն են առանձնահատուկ մթնոլորտ ստեղծում։ Ինձ թվում է հետաքրքիր պատմեցի ու ձեզ գրավեց այս պատմությունը։ Եթե այդպես է՝ ու՞մ եք սպասում, որոնողական համակարգով փնտրեք ու դիտեք «Փրկել պարոն Բենքսին» ֆիլմը։