Լուրեր

Հաստատվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը:

Օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական): Դրանք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը:

Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում («Ինֆորմատիկա» առարկայի դեպքում` առցանց եղանակով): Առաջին փուլին կարող է մասնակցել ցանկացած սովորող («Ինֆորմատիկա» առարկայի դեպքում՝ C կամ C++ ծրագրավորման լեզուներից որևէ մեկին տիրապետող աշակերտ)` այդ մասին տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է 2021 թ. նոյեմբերին և դեկտեմբերին:

Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվելու է մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) սահմանած վայրում: Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները` հանրապետական կազմկոմիտեի որոշման համաձայն: Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է 2022 թ. հունվարին և փետրվարի սկզբին: Երկրորդ փուլի հաղթողները պարգևատրվում են մարզպետարանների (Երևանում՝ քաղաքապետարանի) դիպլոմներով և գովասանագրերով:

Օլիմպիադայի երրորդ փուլը 2022 թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած վայրում: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման: Երրորդ փուլի մասնակիցներին տրվում են օլիմպիադայի մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները պարգևատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով: Օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադաների ՀՀ թիմի հավակնորդներ:

Ցուցադրել ավելի
Back to top button