Լուրեր

Միջազգային գիտաժողով նվիրված Անրի Վերնոյի 100 ամյակին

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ հոկտեմբերի 29-31-ը Երևանում ՝ Անի Գրանդ հյուրանոցում (Հանրապետության փ. 65) տեղի կունենա «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ» խորագրով գիտաժողով։

Եռօրյա գիտաժողովը կազմակերպվում է ի պատիվ ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակի, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց և 2020 թվականի կարևոր իրադարձությունների օրացույցում: Թուրքիայում ծնված և 1924 թվականին ընտանիքով Ֆրանսիա տեղափոխված Վերնոյի ստեղծագործական ուղին ծավալվել է ֆրանսիական «հանդիսանքային» կինոյի համատեքստում՝ որի վառ օրինակներից են ռեժիսորի ավելի քան քառասուն կոմերցիոն ֆիլմերը: Վերնոն դիմեց հայկական թեմատիկային իր գործունեության մայրամուտին, 1991-ին ստեղծելով իր հանրահայտ ինքնակենսագրական դրաման՝ «Մայրիկը», որը դարձավ նաև սփյուռքահայ կինոյի նշանավոր երկերից մեկը։

Օգտագործելով Անրի Վերնոյի ժառանգությունը և խորհրդային հանրապետությունների կինեմատոգրաֆների հետագիծը որպես ելակետներ, գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալու այս երկակի երևույթներին՝ իբրև «ազգային» կինոյի ձևակերպումները խնդրականացնող ժառանգություն։
Ավանդաբար դիտվելով որպես մեկուսացված երևույթներ, որոնք զարգացել են միջազգային կինոյի լուսանցքներում, ԽՍՀՄ-ում և սփյուռքում ստեղծված «փոքրամասնական» կինոն, հաճախ դուրս է մնացել իշխող պատումներից և կազմերից՝ որպես գերազանցապես տեղային հետաքրքրություն ներկայացնող երևույթ: Այս ընկալումներն արգելափակում են միջմշակութային հարուստ գործընթացները, որոնց միջոցով «փոքրամասնական» ազգային կինոն զարգացել և ազդեցություն է ունեցել իրենց ազգային սահմաններից անդին:

Հաճախ դասակարգվելով որպես զուտ տեղական երևույթ, Հայաստանի պես երկրներում արտադրված ֆիլմերը դուրս են մնում գլխավոր արխիվների, թանգարանների և փառատոնների շրջանակներից, ինչը զգալիորեն սահմանափակում է դրանց վերականգնման, հասանելիության և ավելի լայն շրջանառության հնարավորությունները: Փորձելով միջդիսցիպլինար և քննադատական երկխոսություն բացել ազգային և «փոքրմասնական» կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ, գիտաժողովը կներգրավի խորհրդային, սոցիալիստական և սփյուռքի կինոյի ժառանգությունների հետ աշխատող շուրջ 15 կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից և արտերկրից։

Եռօրյա գիտաժողովը կանցկացվի անգլերեն և հայերեն լեզուներով՝ համաժամանակյա թարգմանությամբ: Դրա շրջանակներում նաև տեղի կունենա հատուկ հանդիպում-զրույց Անրի Վերնոյի որդի՝ Պատրիք Մալաքյանի հետ, կկազմակերպվի Վերնոյի առավել նշանավոր ֆիլմերի կինոպաստառների ցուցադրություն և կներկայացվի նրա 1969 թվականի «Շաբաթավերջը Զյույդկոտում» պատերազմյան ֆիլմը։ Միջոցառման արդյունքները կամփոփվեն Ազգային կինոկնտրոնի կողմից թողարկված ժողովածույում, որում կզետղվեն գիտաժողովում ներկայացված զեկույցները:

Ցուցադրել ավելի
Back to top button