10 րոպե կինոյի մասին

«Ճանապարհ դեպի տուն»․ 10 րոպե կինոյի մասին

Ֆիլմը, որը հիմա պիտի ձեզ առաջարկեմ ընտանեկան դիտման համար, անչափ հուզիչ ու բառիս ամենալայն իմաստով՝ Բարի ֆիլմ է։ Այն դիտելուց հետո ․․․համոզված եմ․․․ ձեզ կպատի անսահման սիրո զգացում՝ ողջ կենդանական աշխարհի նկատմամբ։
Դուք անմիջապես կցանկանաք որևէ կենդանի բերել տուն ու խնամել նրան։
Իսկ ում բնակարանում արդեն իսկ սպասում են չարաճճի, զվարճալի, հավատարիմ ու նվիրված «փոքրիկ արարածները»՝ ուղղակի հպարտություն կապրեն։
Կինոնկարը կոչվում է «Ճանապարհ դեպի տուն», ռուսերենով՝ ‘Путь домой’, իսկ անգլերենով ՝ “A Dog’s Way Home”: 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար նախատեսված այս դրաման նկարահանվել է 2019-ին, սա անպայման կգրեք որոնողական համակարգում, երբ փնտրեք ֆիլմը, որպեսզի հանկարծ չշփոթեք նման վերնագրով մեկ այլ կինոյի հետ։

Լուկաս անունով մի երիտասարդ , որը միշտ կերակրում էր կիսաքանդ շինության մեջ ապաստանած կատվի ձագերին, օրերից մի օր այնտեղ գտնում է մի հմայիչ թափառող շնիկի և, խղճալով նրան, որոշում է իր հետ տուն տանել։ Փոքրիկ հրաշքին՝ ում Բելլա են անվանում, շատ են սիրում նաև Լուկասի մայրն ու ու ընկերուհին՝ Օլիվիան։ Բելլայի հայտնվելուց հետո փոխվում է նրանց սովորական առօրյան։ Չնայած ամենուրեք թափթփված խաղալիքներին ու կրծած կոշիկներին՝ նա ընտանիք ուրախություն է բերում։ Իսկ Երբ մեծանում է, սկսում է օգնել տիրոջը։ Լուկասը Բելլային իր հետ աշխատանքի էր տանում՝ վերականգնողական կենտրոն, որտեղ նա, ինչպես կարող էր, փորձում էր հանգստացնել և զվարճացնել մարդկանց, հիմնականում պատերազմի վետերաններին ՝ ստիպելով նրանց ժպտալ և մոռանալ դժբախտությունների, ցավի և վերքերի մասին։

Մի անգամ, երբ Լուկասն աշխատանքի էր, Բելլան տան պատուհանին սկյուռ տեսավ, վազելով նրա հետեևից՝ չնկատեց, թե ինչպես հայտնվեց փողոցում, ուր իրեն նկատեց խիստ ոստիկանը։ Համաձայն տվյալ քաղաքի օրենքի, այդ տեսակ շներին կարելի է պահել միայն տանը, իսկ պատերից դուրս հայտնվելն արգելվում է, ուստի Բելլային կենդանիների կացարան տեղափոխեցին։ Որոշ փաստաթղթեր լրացնելուց հետո Լուկասին հաջողվեց Բելլային դուրս բերել այնտեղից, բայց եթե շանը երկրորդ անգամ բռնեին, նրան քնացնելու էին ․․․ Դաժան օրենք է չէ՞։ Նրանք այնքան էին կապված, որ Լուկասը որոշում է տեղափոխվել ուրիշ քաղաք, որտեղ նրանք հանգիստ, ապահով ու երջանիկ կլինեն միասին, թե տան պատերի ներսում, և թե բակում ու այգիներում։
Մինչ տղան վարձով տուն կգտներ այլ քաղաքում ու կզբաղվեր տեղափոխման հարցերով, շանը ժամանակավորապես տեղավորում է Օլիվիայի հորաքրոջ տանը՝ մի քանի հազար կիլիոմետր հեռու։
Բելլան շատ է կարոտում տիրոջն ու հավատալով՝ սպասում է նրա վերադարձին։ Բայց, մի արևոտ առավոտ, նա փախչում է իրեն հյուրընկալած ընտանիքից․․․․և դա տեղի է ունենում Լուկասի գալուց րոպեներ առաջ։
Հավատարիմ կենդանուն շատ երկար ու դժվար ճանապարհ էր սպասվում․ նա հայտնվում է մահվան եզրին, մարդկային կյանք փրկում և նոր ընկերներ է ձեռք բերում կենդանական աշխարհում։ Բարի մարդիկ նրան նույնիսկ ուզում են որդեգրել բայց նա գիտեր, որ պետք է գնար Լուկասի մոտ, որքան էլ երկար և վտանգավոր լիներ այդ ճանապարհը։
Նա պետք է հասներ դեպի տուն։

Սա այն ֆիլմերից է, որ հուզվում ես ոչ միայն ֆիլմի վերջում այլ նաև ընթացքում՝ այն էլ՝ մի քանի անգամ։
Խորին երախտագիտությունս եմ հայտնում ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմին, ռեժիսոր Չարլզ Մարտին Սմիթի գլխավորությամբ, ով ի դեպ շների մասին շատ այլ հետաքրքիր ֆիլմերի հեղինակ է։
Հա, մոռացա ասեմ, ողջ ֆիլմի ընթացքում պատմությունը ներկայացնում է Բելլան։ Նրան հնչյունավորել դերասանուհի Բրայս Դալլաս Հովարդը։
Իսկ կինոնկարը նկարահանվել է Բրյուս Քեմերոնի համանուն ստեղծագործության հիման վրա։

«Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը դիտելուց հետո հոգիդ լցվում է բարությամբ․․․անբացատրելի զգացողություն է։ Այնքան դաստիարակչական տարրեր ու հատկապես կենդանական աշխարհի մասին ուսուցողական նյութեր է պարունակում այս ֆիլմը, որ հաստատ արժե մեկ անգամ դիտել, քան 100 անգամ երկար-բարակ մեկնաբանություններ լսել։

Ցուցադրել ավելի
Back to top button