Վաղորդյան զանգակներ

«Հանճարը»․ Վաղորդյան զանգակներ

Վահեն տխուր նստել էր բակի նստարանին, ու Գեղամի հարցին՝ թե ինչ է պատահել․․․պատասխանեց՝

-Կորան կիրակիներս

-Ինչո՞ւ

-Քույրս որոշել է նկարիչ–ձևավորող դառնալ․․․ պետք է պատկերասրահ ու ցուցահանդեսներ տանեմ…այսպես ասած` ճաշակը զարգացնելու համար․․․

–Դու ինչ կապ ունես․․․թող մենակ գնա

-Դեեե․․․․որպեսզի ինչպես մերոնք են ասում` պարապ-սարապ չթափառեմ,նրան պիտի ուղեկցեմ…պատկերացնո՞ւմ ես ամբողջ օրը պիտի նկարների առջև կանգնեմ ու ձանձրանամ

-Չես ձանձրանա, չես ձանձրանա․․․դու էլ ճաշակդ կզարգացնես

-Ծիծաղիիիր-ծիծաղիիիր… բա ինչ կանես… լսիր, դու էլ արի մեզ հետ հա՞։ Ցուցահանդեսից հետո կգնանք համեղ բաներ ուտելու։

Վերջին նախադասությունը Գեղամի մեջ արվեստի հետ շփվելու մեծ ցանկություն առաջացրեց: Նա միանգամից համաձայնեց, առանց հետևանքների մասին մտածելու: Առաջին մի ժամը Վահեն ու Գեղամը մի կերպ դիմացան, սպասելով, թե երբ է Վահեի քույրիկը հոգնելու ամեն նկարի շուրջ երկար կանգնելուց: Բայց աստիճանաբար նրանց համբերությունն սպառվեց և սկսեցին զվարճանալ։ Մի սրահից մյուսն անցնելով ՝ մրցում էին, թե ով կլինի առաջինը, որ նստելու է այցելուների համար նախատեսված բազմոցին, բայց շուտով սրանից էլ ձանձրացան։ Գեղամը զղջաց, որ լսել է ընկերոջն ու եկել պատկերասրահ։ Դրա փոխարեն կարող էր պառկել բազմոցին , կամ փողոցում հեծանիվ քշել․․․ իսկ այստեղ նույնիսկ խոսելն անհնար էր, քանի որ լռությունը խստորեն պահպանում էին կապույտ համազգեստով խիստ մորաքույրները: Գեղամը աննկարագրելի ձանձրույթ զգաց, բայց հենց այդ պահին էլ ճակատագիրը նրան անակնկալ մատուցեց: Աստիճաններով բարձրանալով ՝ նրանք մտան ժամանակակից արվեստի սրահ, ուր բոլորի հայացքները կանգ առան ճչան դեղինով ներկված կտավին, որի երկայնքով մի սև շերտ էր պատկերված: Սա հանճարեղ գործ էր համարվում, որն անվանել էին «Կոմպոզիցիա թիվ 145»: Գեղամը հիասթափված բացականչեց .

-Մի տես ինչ հիմարություն է:

— Ճիշտ որ․․․ ինձ ավելի շատ դուր են գալիս հին նկարները: Այնտեղ ամեն ինչ իրականի պես է։

-Ոչինչ չես հասկանում… էս տեսակ անհեթեթությունները պատկերասրահ հասցնելու համար տաղանդ է պետք․․․տա–ղանդ ։

Սրա հետ դժվար էր չհամաձայնել: Ինքը ՝ Վահեն չէր հասկանում, թե ինչն էր յուրահատուկ այս խայտառակ կտավի մեջ, և ինչու էր այն ցուցադրվում պատկերասրահում: Այսպիսի կտավներ էլի կային: Մեկի տակ նշված էր հեղինակի անունը` Պիկասո: Գեղամը դժգոհ փնթփնթաց…

-Ես էլ կարող եմ մի դույլ ներկ ցրիվ տալ կտավով մեկ ու էսպես խզբզել…

Հենց այդ պահին Գեղամի գլխում միփայլուն միտք ծագեց : Նա հասկացավ, որ ինքն ստեղծված է արվեստի համար: Նրան այնքան գրավեց այս միտքը, որ մոռացավ պատկերասրահից հետո համեղ ուտելիքների մասին․․․ Արագ հասավ տուն, հաստատ որոշելով՝․․․ նկարիչ է դառնալու:

— Նկարներս կցուցադրվեն պատկերասրահում, և ամբողջ դպրոցը կգա դիտելու արվեստի իմ գլուխգործոցները: Երևի Մանեն էլ կգա․․․թող գա ու տեսնի, թե ում ընկերությունից է հրաժարվել․․․. Մնում է նկարեմ ու գլուխգործոցներս հասցնեմ պատկերասրահ:

Քիչ անց Գեղամը բախվեց առաջին դժվարությանը:

/Շարունակությունը լսեք՝ հաղորդման մեջ/

Ցուցադրել ավելի
Back to top button