Զարթուցիչ

Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում անցկացվելու է Մեդիագրագիտության շաբաթ

Նոյեմբերի 1-ը բուսակերների՝ ավելի ճիշտ վեգանների համաշխարհային օրն է։ Վեգաններն այն մարդիկ են, ովքեր ոչ միայն հրաժարվում են կենդանական սննդից, այլ նաև խիստ կանոններ ունեն կենցաղում։ Նրանք չեն օգտագործում կաշվե և բրդյա իրեր, մետաքս, ինչպես նաև մարգարիտ, որն, ինչպես գիտենք, առաջանում է որոշ փափկամարմինների խեցիներում։ Վեգանների տոնը նշվում է 1994 թվականից։ Օրվա առթիվ բուսակերները հանդիպումներ և տեղեկատվական արշավներ են կազմակերպում իրենց համախոհների շրջանում։

Այսօր նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրն է։ Այս տարի նշում ենք մեծ կոմպոզիտորի 150 ամյակը։ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է։ Գրել է քառասունից ավելի երգեր, ռոմանսներ ու խմբերգեր։ Նրա հայտնի ստեղծագործություններից է ‹‹Ալմաստ›› օպերան։ Կոմպոզիտորն այն գրել է 1900-ական թվականներին և հենց այդ ստեղծագործությամբ է 1933 թվականին բացվել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնը։ Նրա անունով նաև երաժշտական դպրոց կա, իսկ Երևանի Նալբանդյան փողոցում գտնվում է կոմպոզիտորի տուն-թանգարանը։ Այնտեղ ցուցադրված է Ալեքսանդր Սպենդիարյանի դաշնամուրը, ձեռագիր նոտաները, ժամացույցը, ճամպրուկը և այլ անձնական իրեր։ Թանգարանը պատանիների համար նաև տարբեր կրթական ծրագրեր է իրականացնում, որոնց մասնակցելով ավելի լավ կճանաչեք մեր մեծ կոմպոզիտորին։

Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում անցկացվելու է Մեդիագրագիտության շաբաթ։ Այն կազմակերպել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Շաբաթվա շրջանակներում մեդիագրագիտության, լրատվության աղբույրների ստուգման, ինչպես նաև համացանցից անվտանգ օգտվելու կանոների մասին դասընթացներ ու քննարկումներ կկազմակերպվեն աշակերտների և ուսուցիչների համար։ Մինչ այդ, Լև Տոլստոյի անվան 128 դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի՝ Լուսինե Գևորգյանը և աշակերտներից՝ Արամեն ու Տիգրանը կպատմեն իրենց նոր նախաձեռնությունների մասին, որոնք կներկայացնեն Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button