Լուրեր

Հրազդանը 2022թ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր հայտարարել է ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը:

Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Հրազդանը, որը հավաքել է առավելագույն միավորներ: 2022 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել չորս քաղաք՝ Ալավերդին, Արմավիրը, Եղեգնաձորը և Հրազդանը։

Կազմկոմիտեի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ տարվա երիտասարդական քաղաքի շրջանակում անցկացվող միջոցառումները պետք է ուղղված լինեն մշակութային կյանքի աշխուժացմանը, երիտասարդների կարողությունների զարգացմանը և նրանց մասնակցության ակտիվացմանը:

Արդյունքների ամփոփումից հետո նա շնորհավորել է Հրազդանի ներկայացուցիչներին՝ նշելով, որ հաղթանակը նաև մեծ պատասխանատվություն է: Փոխնախարարը վստահեցրել է, որ ողջ տարվա ընթացքում նախարարությունը կանի հնարավորը՝ երիտասարդական կազմակերպությունների, միջազգային և տեղական գործընկեր կառույցների երիտասարդական, կրթական և մշակութային միջոցառումներն ուղղորդելու դեպի տարվա երիտասարդական քաղաք:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակն է նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խրախուսել համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն, աջակցել մարզային երիտասարդական կազմակերպությունների ու ենթակառույցների առաջխաղացմանը, զարգացնել երիտասարդական նախաձեռնողականությունը, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում:

Ցուցադրել ավելի
Back to top button