Ռադիոլաբ

ԴիջիԹեք 2021 էքսպո․ Ռադիոլաբ

Մեկնարկեց տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն ու ամենասպասված միջոցառումը՝ #DigiTec21Expo-ն:

Այս տարի DigiTec Expo-ն երբևէ տեղի ունեցածներից ամենաընդգրկունն էր: Մասնակցում էին ինչպես սկսնակ, այնպես էլ տեխնոլոգիական ոլորտի առաջատար 100-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում էին իրենց արտադրանքն  ու ծառայությունները։

Հասկանալի պատճառներով նախորդ տարի միջոցառումը չկազմակերպվեց, ուստի այս տարվա ցուցահանդեսին պատրաստվելու համար կազմակերպություններն ավելի շատ ժամանակ էին ունեցել, ինչն էլ բնականաբար, լավ իմաստով անդրադարձավ Դիջիթեք 2021-ի որակի վրա։

Հայտնի ու ոչ այնքան, շուկայում տարիների փորձ ունեցող ու նոր ստեղծված ընկերությունների միմյանցից տարբեր ու  հետաքրքիր տաղավարներ այցելելու համար բազմաթիվ հյուրեր  այցելում էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ Նրանց թվում՝ նաև ես։

«Մենք սարքում ենք աշխարհի բոլոր աստղադիտակները՝ առցանց։ Այսինքն հնարավորություն ենք տալիս, որպեսզի կամայական աշխարհի կետից հնարավոր լինի միանալ կամայական աստղադիտակի և օգտագործել իրեն առցանց, օնլայն։ Դուք վճարում եք ժամավարձ էդ աստղադիտակը օգտագործելու համար, իսկ աստղադիտակի սեփականատերը ստանում է գումար, իր աստղադիտակը տրամադրելու համար։ Դա տալիս ա շատ մեծ հնարավորություններ առաջինը՝ աստղագիտության ոլորտում մի քիչ ավելի գումար վաստակել աստղագետներին ու սեփականատերերին և մյուս կողմից մեզ շատ հնարավորություն ա տալիս, որպեսզի մենք չսպասենք երբ ա գիշերը, չսպասենք երբ ա եղանակը լավ և կարողանանք միանանք էն աստղադիտակներին, որոնք էս պահին հասանելի են» — «Freedom Astronomy» ընկերության տնօրեն Սամուել Ասատրյան։

Ընկերության տնօրենը վստահ է, որ իրենց արտադրանքը օգտակար կլինի նաև ուսանողների համար։ Համալսարանում, դասի ժամանակ նրանք կկարողանան անմիջապես միանալ աշխարհի որևէ ծայրում գտնվող աստղադիտակի, կատարել ուսումնասիրություններ ու ավելի գործնական հիմքով ամրապնդել իրենց գիտելիքները։ Առցանց աստղադիտակը լայն շերտերին դեռ հասանելի չէ, սակայն ընթացքի մեջ է։

Սամուել Ասատրայն — «Այս պահին մենք ավարտել ենք մշակումը և խրախուսում ենք աստղադիտակի սեփականատերերին մեզ միանալ և տրամադրել իրենց աստղադիտակները համաօգտագործման, որով իրենք կօգնեն նաև աստագիտության զարգացմանը և իրենց աստղադիտակները պարապուրդի մատնված չեն լինի։ Հենց մեզ մոտ արդեն մի քիչ ավելի շատանան աստղադիտակները, շուտով նաև բետա թեստ ենք պատրաստվում անել, բետա թեստից հետո արդեն լայն շուկային կտրամադրվի, որպեսզի բոլորը սկսեն օգտագործել ու նաև համագործակցություններ կունենանք համալսարանների հետ, որ իրենք էլ սկսեն օգտագորել՝ ավելի պրակտիկ աստղագիտություն սովորելու համար»։

«Freedom Astronomy» ընկերության տաղավարից հետո ինձ միանգամից գրավեց փոքր ու շատ գեղեցիկ մի ռոբոտ։ Շտապեցի ծանոթանալու։

Մոքսի անունով ռոբոտը նախագծվել է ԱՄՆ-ում հիմնված Embodied ընկերության կողմից, որի հիմնադիրը հայ է ու Հայաստանում էլ մեծ աշխատանքային թիմ ունի։

«Ռոբոտը նախատեսված ա երեխաների սոցիալական շփման հմտությունները բարելավվելու, զարգացնելու համար։ Այսինքն կոնկրետ մասնագետների թիմ կա՝ բժիշկների, հոգեբանների, որ մշակել են էդ ամբողջ բովանդակությունը։ Նախատեսված ա, որ օրական 20 րոպե ռոբոտը երեխայի հետ շփվում ա, իրարից սովորում են, երեխան ռոբոտից, ռոբոտը՝ երեխայից։ Կարա երեխան հարցեր տա ինքը պատասխանի,  կան տարբեր activity-ներ, օրինակ կատակներ են անում, միասին ինչ-որ գիրք են կարդում, նկարում են, առաջադրանքներ են անում ․․․ անգլերեն լեզվով ա ամբողջը, Ամերկյան շուկայում ա հիմա առկա»  — նշում է ընկերության դատա անալիտիկայի թիմի անդամ Վարդուհի Սարգսյանը։

Ամերկյան շուկայում վաճառվող, բայց հայկական  «ծագում» ունեցող արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտ Մոքսին հարուստ կոնտենտ ունի։ Այն գնելուց հետո երեխան 1 տարուց էլ ավել կարող է զբաղվել հետն  ու չձանձրանալ, նյութերը չեն կրկնվի։

Zoomerang. հեռախոսային հավելված, որն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 25 մլն ներբեռնում։

«Զումերանգը դա հայկական ընկերություն է, որը հիմնադրել ենք 3 տարի առաջ։ Ինքը ստարտափ ընկերություն է, որը օգնում է մարդկանց նկարել կրեատիվ կարճ տեսակի վիդեոներ և ինքաարտահայտվել սոցիալական հարթակներում։ Զումերանգի օգնությամբ 2 միլիարդից ավել վիդեո է ստեղծվել։ Աշխարհում զումերանգ անունը արդեն հենց շատ տարածված է։ Այդ ամենը ստեղծվել է Հայաստանում, հայ ծրագրավորողների ու մարքեթինգի թիմի կողմից» — Zoomerang-ի համահինադիր Դավիթ Գրիգորյան։

Հավելվածն անվճար հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։ Հեղինակների խոսքով, հետագայում, web տարբերակն էլ հասանելի կլինի։ Ներբեռնեք, նկարեք ու մշակեք յուրօրինակ տեսանյութեր ձեր տիկտոկի համար։ Ի դեպ այդ հարթակում փնտրեք նաև մեզ՝ @radioarevik:

Հասա 2007 թվականից տեխնոլոգիական ոլորտում գործունեություն իրականացնող E Works ընկերության տաղավար։ Նրանք վերջին տասնամյակում զբաղվում են կայքերի պատրաստմամբ, հեռախոսային հավելվածների նախագծմամբ ու տարբեր տեխնլոգիական ծառայությունների մատուցմամբ։ ԴիջիԹեքին ներկայացել էին իրենց հավելվածով՝ Virtlo-ով։

«Վիրտլոն վիրտուալ իրականության քարտեզ է։ Բաց ենք անում ծրագիրը, մտնում ենք կամեռայի հատվածը և էս պահի դրությամբ, իրականության մեջ տեսնում ենք մեր մոտակայքում գտնվող ցանկացած բան, որը հնարավոր է գոյություն ունենալ այս պահին, այսինքն խանութներ, ռեստորաններ, հանրային առևտրի կետեր, հանգստի կետեր, ժամանցի կետեր, ցանկացած բան, որը որ հնարավոր է մարդիկ փնտրեն, երևակայության մեջ ինչ որ կտեղավորվի: Կարող եք առանձին կատեգորիաներով նշել ցանկացած բան, որը որ հստակ գիտեք ինչ եք փնտրում, դա կլինի բանկոմատ, ինչ-որ պետական կառույց, օդանավակայան և այլն, ցանկացած բան կարող եք այստեղ գտնել 3դ վիճակում, այսինքն տեսնել, թե ուղիղ ձեր ո՞ր հատվածում է դա գտնվում, արդեն destination-ը ընտրելուց հետո մոտենալ գտնել ձեզ հետաքրքրող ցանկացած բան։ Առավելություններից մեկն այն է, որ աշխատում է և օնլայն, և օֆֆլայն ռեժիմում։ Այսինքն աշխարհի ցանկացած կետում, օրինակ չգիտեմ, ասենք ճամփորդում եք Մոզամբիկ, ինչի Մոզամբիկ, որովհետև անգամ Մոզամբիկում ենք ծառայություններ տրամադրում, ամբողջ աշխարհի բազան կարող եք տեսնել»։ — «E Works» ընկերության նախագծերի ղեկավար Ալլա Վարդանյան:

Հավելվածը հասանելի է և անդրոիդ և ios օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։

Դիլիջանում գործող ՖաբԼաբ լաբորատորիան էլ, որը Կենտրոնական բանկի ու Մասաչուսեթսի տոխնոլոգիական համալսարանի համատեղ նախագիծ է, ներկայացնում էր խոսող քարտեզ, ալկոգելով ախտահանման ավտոմատ սարք ու խելացի ծաղկաման։

Սա ընդամենը մի փոքր մասն էր մարզահամերգային համալիրի մեծ ու ընդարձակ տարածքում իրենց արտադրանքները էքսպոյին ներկայացրած ընկերությունների ցուցադրությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button