ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է Սևանա լճի ափամերձ և ստորգետնյա հատվածներում միկրոբիալիթների կամ սևանիտների առկայությունը: Գիտական աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:
Միկրոբիալիթները կամ սևանիտները նստվածքային (կարբոնատային) գոյացություններ են, որոնք առաջացել են մի քանի հազար տարիների ընթացքում ցիանոբակտերիաների (կապտականաչ ջրիմուռների) գործունեության արդյունքում, ջրի որոշակի քիմիական կազմի և CO2 գազի առկայության պայմաններում: Ցիանոբակտերիաները ամենահին օրգանիզմներ են (նրանց գործունեության արդյունքում մոտ 3.7 մլրդ տարի առաջ ձևավորվել են Երկիր մոլորակի ամենահին նստվածքային ապարները՝ ստրոմատոլիթները), որոնք արտադրում են թթվածին՝ օգտագործելով CO2 գազը ֆոտոսինթեզի ժամանակ: CO2-ը կարևոր բաղադրիչ է ցիանոբակտերիաների աճի համար ՝ ներառյալ արևի ճառագայթները, ջուրը և ֆոսֆորային ու ազոտական սննդանյութերը:
Սևանիտները հանդիսանում են բնական պահոցներ և տարածված են Սևանի ավազանի որոշ ափամերձ և խորջրյա (մինչև 30 մ) հատվածներում: Դրանց իզոտոպային ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզաբանել առաջացման ժամանակահատվածում պալեոմիջավայրի պայմանները, Սևանա լճի ցիանոբակտերիաներով ծաղկման բնական պատճառները, կառաջարկվեն միջոցառումներ դրանք չեզոքացնելու վերաբերյալ:
Այս ուսումնասիրությունը ներկայացվել է երկու գիտաժողովներում՝ Հայաստանում և Ֆրանսիայում: Եվս մեկ զեկույց 2021 թ.-ի դեկտեմբերի 4-ին կներկայացվի Գերմանիայի Գրեյսֆալդի համալսարանում կազմակերպվելիք աշխատաժողովում: