Հիթ 1

«Իգլսի» առեղծվածային հյուրանոցը – “Hotel California”

Այսօր մեր «Հիթ 1»-ում  ներկայացնելու եմ մի երգ, որի մասին եթե չխոսեի՝ ինքս ինձ երևի չհարգեի, որպես երաժշտասեր ու նաև՝ որպես երաժիշտ-երգահան։ Խոսքը` «քանթրի սոֆթ» ռոք ուղղությունը ներկայացնող և էդ ուղղության լավագույն ներկայացուցիչ «Իգլս» ամերիկյան խմբի և նրա    հանրահայտ “Hotel California” երգի մասին է։

Խմբի վինիլային ձայնասկավառակը, կամ ինչպես մեր երիտասարդության տարիներին էին ասում՝ դիսկը հիմա էլ իմ ձայնադարանում է․․․ ես այն պահում եմ առանձնակի խնամքով, թեև վաղուց, տարբեր ձայնարկիչներով անընդհատ լսելու հետևանքով՝ խզվել է, կազմն էլ՝ քրքրվել ։ Բայց դա հորս նվերն է, իսկ նման բաները, գիտեք ինչ արժեք են ներկայացնում մարդու համար․․․

«Իգլս»-ն այս երգը ձայնագրել է  45 տարի առաջ, սակայն հանրությանը ներկայացրել՝ 43 տարի առաջ։

Բայց, համարձակվում եմ ասել, որ  երգը  վաղեմության ժամկետ պարզապես չունի, այն հիմա էլ լսվում է ու համարվում Կալիֆոռնիա նահանգի, կարելի է ասել, ոչ պաշտոնական հիմնը։

Մի անգամ, Ամերիկայում, խելքիս փչեց գնալ ու սեփական աչքով տեսնել ձայնասկավառակի կազմին պատկերված և աշխարհով մեկ աղմուկ հանած հյուրանոցը։

Բայց ինձ ասացին, որ դրա համար, պետք է կտրել գրեթե 1000 մղոն տարածություն։ Իմացողները վկայեցին նաև, որ շինությունն իրենից առանձնապես մի արտակարգ բան չի ներկայացնում, էն իմաստով, որ «Իգլս»-ի երգի հետ կապված՝ որոշակի պատմական փաստեր էնտեղ չկան, չեն էլ եղել ․․․ ես միտքս փոխեցի․․․բայց նաև էն պաճառով, որ ձայնասկավառակի կազմին պատկերված  շինությունը իրականում գտնվում է Բեվերլի Հիլզում:

Լուսանկարիչներ` Դեյվիդ Ալեքսանդրն ու Ջոն Քոշը հյուրանոցը նկարել են հատուկ հարմարանքի օգնությամբ։ Բարձանալով մոտ 20 մետր, նրանք շինությունը լուսանկարել են մայրամուտի շողերի մեջ։Ու դա արդեն հյուրանոցի պաշտոնապես հաստատված վայրն է։  

Ընդհանրապես, էս երգի խորհրդավոր խոսքերի ու ասելիքի հետ կապված տեսակետներն ու ենթադրությունները հիմա էլ հանգիստ չեն տալիս շատերին ու դրանց էլ կանդրաառնամ։ Բայց, մինչ դա անելը նշեմ, որ երգի բազում քավրներ (qօver) կան՝ հաջող, անհաջող։ Սակայն էնպես, ինչպես «Իգլսն» ու հատկապես նրա հարվածայինը՝ Դոն Հենլին են կատարել էս ստեղծագործությունը՝ խարիզմատիկ, անկեղծ ռոմանտիզմով, հնարավոր բարձրագույն պրոֆեսիոնալիզմով, իրենց հատուկ կիթառի սոլոների նմանը չունեցող բարձրաճաշակ մատուցմամբ, որոնցով միշտ էլ հայտնի է եղել «Իգլս»-ը, դեռ  ոչ ոքի չի հաջողվել գերազանցել նրանց․․․    

Ավելացնենմ,  որ երգն իր կառուցվածքով չի համապատասխանում «շլյագեր» կոչված էն ժամանակների, և, ինչու չէ, նաև մեր օրերի ընդունված ստերեոտիպերին ու չափանիշներին, քանզի՝ սոլո կիթառի շշմեցնող երևակայության ու գեղեցկության պարտիան միանում է երգին վերջում և ոչ թե միջնամասում, ինչպես սովորաբար ընդունված է եղել…

Ցուցադրել ավելի
Back to top button