10 րոպե կինոյի մասին

Ձեր փոքրիկ կառավարիչները՝ «Գլուխկոտրուկ». 10 րոպե կինոյի մասին

Ձեր կարծիքով ո՞ր զգացմունքն է ձեզ կառավարում: Զայրույթը, Ուրախությունը, Տխրությունը, Զզվանքը թե՞ Վախը: Կարծում եմ, որ բոլորը․․․ ու միանգամից: Իհարկե, մարդն  ավելի շատ  զգացմունքներ ունի, քան այս հինգը, բայց ռեժիսոր Փիթ Դոքթերը հենց այս հինգին է վերցրել   ու նկարահանել «Գլուխկոտրուկ» անիմացիոն ֆիլմը: 2015 թվականին Դիսնեյ և Փիքսար ընկերությունների կողմից թողարկված այս մուլտֆիլմի գաղափարը ռեժիսորի մոտ ծնվել է այն ժամանակ, երբ   դուստրը  անցումային տարիքում էր:

Եվ այսպես՝ Գլուխկոտրուկ, կամ անգլերենով՝  inside out:

Ռայլին սովորական 11-ամյա դպրոցական է, որի գործողությունները ղեկավարում են հինգ զգացմունքները՝ Զայրույթը, Ուրախությունը, Տխրությունը, Զզվանքն ու Վախը։ Նրանք ապրում են աղջկա ուղեղում,  որտեղ նաև   նրա հիշողություններն են։ Դրանք  գունավոր ապակե գնդիկների տեսք ունեն ։ Հիշողությունը պահպանվում է մեկ օր, այնուհետև ուղարկվում  հատուկ պահեստ։

Թվում է՝ ամեն ինչ հրաշալի է, սակայն, ամեն բան փոխվում է, երբ Ռայլին ծնողների հետ հարազատ Մինեսոտայից տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո։ Նրա ուղեղում փոթորիկ է սկսվում՝ գացմունքներն սկսում են ավելի հաճախ վիճել։

Տխրությունը ցանկանում է Մինեսոտայից մնացած պայծառ հիշողությունների երանգը փոխել՝ դարձնել տխուր, սակայն ուրախությունը դեմ է ու փորձում է  թույլ չտալ։ Կոնֆլիկտի պատճառով նրանք պատահաբար դուրս են թռչում  ուղեղային կենտրոնից և հայտնվում երկարաժամկետ հիշողության տիրույթում։ Այդ զգացմունքները կորցնելուց հետո Ռայլիի կյանքում ծանր ժամանակաշրջան է սկսվում:

Երկարաժամկետ հիշողության մեջ Ուրախությունն ու Տխրությունը հանդիպում են վարդագույն կատվափղադելֆին Բինգո-Բոնգոյին՝ Ռայլիի մանկության երևակայական ընկերոջը, որին աղջիկն արդեն մոռացել էր։ Բինգո-Բոնգոն համաձայնվում է օգնել գլխավոր զգացմունքներին՝ վերադառնալ ուղեղային կենտրոն։ Նրանք անցնում են երևակայության, վերացական մտածողության, երազների և ենթագիտակցական վախերի միջով։ Այդ ամենն ուղեկցվում է Ռայլիի անձնային համարյա բոլոր կղզյակների ոչնչացմամբ։

Մյուս զգացմունքները, որոնք մնացել էին ուղեղային կենտրոնում, փորձում են կարգավորել Ռայլիի կյանքը, սակայն դա չի ստացվում։ Աղջիկը վիճում է ծնողների ու լավագույն ընկերուհու հետ, թողնում է հոկեյն ու ի վերջո, Զայրույթի ազդեցության տակ, փախչում է տնից։

Ուրախությունն ու Բինգո-Բոնգոն ընկնում են հավերժական մոռացության դաշտ, որտեղ Բինգո-Բոնգոն զոհում է իրեն, որպեսզի Ռայլիի գլխավոր զգացմունքը կարողանա դուրս պրծնել։ Այդ ժամանակ Ուրախությունը հասկանում է, որ ինքը, միևնույն է, մենակ  չի կարող ղեկավարել Ռայլիի կյանքը,  հասկանում է, թե ինչքան կարևոր դեր ունի Տխրությունը  ։ Նրանց հաջողվում է վերադառնալ ուղեղային կենտրոն և կարգավորել Ռայլիի կյանքը։

Մուլտֆիլմում զգացմունքների յուրաքանչյուր կերպար ստեղծվել է իրեն բնորոշ որևէ առարկայի նմանությամբ: Ուրախությունը աստղի տեսք ունի, Տխրությունը՝ արցունքի, զարմանալի է բայց Զզվանքը՝ բրոկոլիի (չնայած, որ ռեժիսորի խոսքով  ինքը սիրում է այդ բանջարեղենը)։ Իսկ ահա Վախը՝ զգայուն նյարդի,   Զայրույթը՝ հրակայուն աղյուսի են  նման։ Ի դեպ ֆիլմում բացի պատանի Ռայլիից, մյուս կերպարները նույնպես ունեն ուղեղային կենտրոնում գործողությունները կառավարող զգացմունքներ: Օրինակ նրա ծնողների գլխում դրանք ավելի մեծ ու հասուն տեսք ունեն, իսկ ավտոբուսի վարորդի գլխում՝ բոլոր զգացմունքները  վերածվել են զայրույթի: Բա՜:

Անիմացիոն ֆիլմը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար, բայց սեփական փորձովս եմ ասում, որ պակաս հետաքրքրությամբ չեն  դիտում նաև  ավագները: Կարող եք հավաքվել ընտանիքի բոլոր անդամներով ու զգացմունքների մի ամբողջ շարք վայելել էկրանի մոտ:

 Գլուխկոտրուկ մուլտֆիլմն այն մասին է, որ բոլոր զգացմունքներն էլ անհրաժեշտ են: Այդպե՛ս է  կյանքում: Պատկերացրեք, որ մարդն անընդհատ ուրախ լիներ, կամ միայն վախենար: Համաձայնեք, որ ձանձրալի կլիներ: Բայց կարևոր է նաև զգացմունքները կառավարելը ․ թույլ չտանք, որ,  օրինակ, անձրևոտ եղանակը տխրեցնի մեզ,   ցածր գնահատականի պատճառով  անիմաստ չզայրանանք ու   չվիճենք մեր լավագույն ընկերոջ կամ ընկերուհու հետ, իսկ այն մարդկանց, ում սիրում ենք, անպայման պետք է ասենք այդ մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button