Ի՞նչ տեսարաններ են կրճատվել ֆիլմում․Կներկայացվի «Հարրի Փոթերի» ամբողջական տարբերակը

Այս տարի լրանում է շատերիս սիրելի մի ֆիլմի էկրանին հայտնվելու 20–ամյակը։ Խոսքը «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմի մասին է, որով սկսվեց պատանի կախարդի ու նրա ընկերների սրընթաց երթը կինոաշխարհում։ Թվում է՝ ամեն ինչ արդեն գիտենք ֆիլմի մասին։ Պարզվում է՝ ոչ։
Ֆիլմի 20–ամյակի առթիվ տված հարցազրույցում ռեժիսոր Քրիս Քալամբուսը հայտնել է, որ ուզում է հանրությանը ներկայացնել ֆիլմի ամբողջական տարբերակը։ Պարզվում է՝ ֆիլմը, որն այսօր 152 րոպե տևողություն ունի, նախապես 172 րոպե է, մոտ երեք ժամ տևողություն է ունեցել։
Այդ երեք ժամանոց տարբերակը նախապես ցուցադրվել է Չիկագոյում։ Եվ չնայած երեխաներին այն դուր է եկել, ծնողները համարել են, որ շատ երկար է։ Այդ պատճառով պրեմիերայից առաջ ֆիլմը կրճատել են 20 րոպեով։ Կրճատված մասում են բոլոր այն տեսարանները, որտեղ հանդես է գալիս չարաճճի պոլտերգեյսթ Պիվզը, որն ապրում է Հոգվարթսում և թե ուսուցիչների ու թե երեխաների գլխին տարբեր օյիններ սարքում։
«Պետք է վերադարձնել Պիվզին»,–ասել է Քալամբուսը։
Այնպես որ՝ հայտնի ու սիրելի ֆիլմում դեռ հայտնաբերելու բաներ կան։
