Զարթուցիչ

Քո ֆիլմը … չնկարե՞նք․ Զարթուցիչ

Մտովի ֆիլմ նկարած կա՞ք, կամ որևէ սիրելի ֆիլմի սցենարը փոխած, կամ ֆիլմի հերոսի դերում ձեզ պատկերացրած․․․Վստահ եմ, շատերդ կպատասխանեք՝ այն էլ որքա՜ն։ Անկախ նրանից՝ ինչ մասնագետ եք ուզում դառնալ, եթե կինո սիրող եք, սեփական սցենարով կինո նկարելու մասին կյանքում գոնե մեկ անգամ երազած կլինեք։ Իսկ շատերն էլ կինոյի ու կինոստեղծման հանդեպ հետաքրքրության հետքով հասնում են Թումո և դառնում շատ հետաքրքիր մի դասընթացի մասնակիցը։

Այդ շատերի մեջ է նաև «Զարթուցիչ»-ի պատանի թղթակից Անուշը, ով այս տարի է դարձել Թումոյի սան ու որոշել է մեզ պատմել ֆիլմաստեղծման դասընթացի մասին։

«Թումոյում հերթական վարժանքներին էի անցել, երբ հանդիպեցի ֆիլմաստեղծման վարժանքներին։ Շատ հավանեցի դրանք, քանի որ թեթև ու հետաքրքիր էին։ Որոշեցի ընտրել հենց ֆիլմաստեղծման դասընթացը, բայց ոչ միայն այն պատճառով, որ վարժանքներն ինձ դուր եկան, այլ նաև այն պատճառով, որ կինոն իմ սիրելի աշխարհն է։ Շատ սիրում եմ ֆիլմեր դիտել, հետևել իմ սիրելի դերասանների կյանքին, ծանոթանալ ռեժիսորների աշխատանքներին։ Կան ֆիլմեր, որոնք պարզապես ժամանցային են ինձ համար, բայց ֆիլմեր էլ կան, որոնք ինձ շատ հարցերում ուղղորդում են, օգնում, մտածելու առիթ տալիս։ Եվ որտեղ կարող եմ ավելի մոտ լինել իմ սիրած աշխարհին, եթե ոչ այստեղ՝ Թումոյի ֆիլմաստեղծման դասընթացին մասնակցելով։ Հատկապես որ դասընթացավարն այնպես պարզ ու մատչելի է ներկայացնում դասընթացի էությունը։

Ֆիլմաստեղծման դասընթացը, իսկապես, շատ հետաքրքիր է։ Մենք նկարում ենք տարբեր կադրեր`տարբեր կոմպոզիցիոն, լուսային լուծումներով։ Ես էլ ընկերներիս պես անհամբեր սպասում եմ մեր փոքրիկ ֆիլմը նկարելուն, որով պետք է տրամադրություն փոխանցենք»։

Տեղեկացնենք, որ այսօր նոյեմբերի 19–ին,  իր ծննդյան օրն է նշում աշխարհի հայտնի թանգարաններից մեկը՝ Պրադոն։ 202 տարի առաջ՝ 1819 թվականի նոյեմբերի 19–ին, Մադրիդում, բացվեց աշխարհի հայտնի թանգարաններից մեկը՝ Պրադոն։ Այն հայտնի է իր ցուցանմուշների հարուստ հավաքածուով։ Այստեղ պահվում են իսպանական գեղանկարչության՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն, նաև XII–XIX դարերի եվրոպացի նկարիչների լավագույն շատ գործեր:

Թանգարանը  նախապես կոչվում էր Գիտության և արվեստի թագավորական թանգարան, որի հավաքածուն ընդգրկում էր ընդամենը 311 նկար։ 1868 թվականին թանգարանն իրեն շրջապատող այգու անունով վերանվանվեց  Պրադո։ Այսօր Պրադո ազգային թանգարանը Իսպանիայի խորհրդանիշերից մեկն է, որի հավաքածուն ընդգրկում է գեղանկարչական տարբեր ժանրերի մոտ 8600 գլուխգործոց, նաև քանդակներ ու զարդեր հավաքածուներ։

Ցուցադրել ավելի
Back to top button