Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը:
«Սա շատ հիանալի գաղափար է, որը նաև պարտավորեցնող է բոլորիս և հատկապես Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի համար: Համայն հայությունը պետք է վստահ լինի, որ մեծ վարպետի անունը կրող քոլեջն իր ձևով և բովանդակությամբ համապատասխանում է իր բարձր անվանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ-ն և «Ազնավուր» հիմնադրամը համատեղ աջակցելու են դրա հաջող իրականացմանը:
Նշենք, որ հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի ոլորտում միջին մասնագիտական կրթություն ստացող երիտասարդների հնարավորությունները և նպաստելու նրանց հետագա մասնագիտական գործունեությանը: Կողմերի նպատակն է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը և դրա առաջխաղացմանը՝ ձգտելով այն դարձնել տարածաշրջանում տվյալ բնագավառում առաջատար ուսումնական հաստատություններից մեկը:
Կողմերը պարտավորվում են աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի համալրմանը և շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքների կազմակերպմանը: Հուշագիրը կգործի 3 տարի ժամկետով: