10 րոպե կինոյի մասին

«Ջեսիկա Դարլինգի յուրօրինակ ցուցակը». 10 րոպե կինոյի մասին

Այսօր պատմելու եմ տիպիկ ամերիկյան թինեյջերական մի ֆիլմի մասին, որի վերնագիրն է «Ջեսիկա Դարլինգի յուրօրինակ ցուցակը» … ինքս եմ թարգմանել: Ֆիլմի պրեմիերան դեռ 2016 –ին է եղել  ու բազմաթիվ դիտումներ ունի տարբեր երկրներում՝ հատկապես պատանիների շրջանում: Դիտվում է առանց լարումների, շատ թեթև, առանց ավելորդ հարցերի վրա կենտրոնանալու …

Եվ այսպես, ո՞վ է  Ջեսիկան և ի՞նչ յուրօրինակ ցուցակի մասին է խոսքը: Գամ ամենասկզբից:

Գլխավոր հերոսուհին, առաջին հայացքից, սովորական աղջնակ է։ Բայց, իրականում, առանձնանում է իր հասակակիցներից: Նախ  արտաքինով է տարբերվում. Ասենք այսպես․․․նա դասարանի ամենաոճային աղջիկը չի: Ջեսիկան չի սիրում գնումներ անել կամ, այս դեպքում ավելի տեղին է  ասել՝ շոփփինգի գնալ:  Հա, գուցե դժվար է պատկերացնել, բայց նրա մայրը մի կերպ է համոզում աղջկան, որ նոր զգեստներ ընտրի և թարմ հագուստով  սկսի նոր ուսումնական տարին՝  8-րդ դասարանը:

Առաջին անգամ միջին դպրոց … պատասխանատու պահ, նոր միջավայր, նոր դասընկերներ … նոր շրջապատին հարմարվելն ու լավ տպավորություն թողնելը կարևոր է: Համենայնդեպս, այդպես են մտածում Ջեսիկայի ծնողներն ու ճանաչելով իրենց աղջկան, իմանալով, որ սիրում է մեկուսանալ շրջապատից ու  հագնել՝ ինչ ինքն է նախընտրում, դիմում են ավագ աղջկա օգնությանը: Բեթանի Դարլինգը՝ Ջեսիկայի ավագ քույրը, որն արդեն համալսարանական է ու առանձին է ապրում, հատուկ խորհրդատվություն է հրավիրում քրոջը: Նա կազմում է մի ցուցակ, որը բացկացած է ընդամենը 4 կետից ։

Կետ առաջին. Ամեն օր հագնվիր արտասովոր ու տարբերվող ոճով:

Կետ երկրորդ. Դարձիր չերլիդերների թիմի անդամ … դե այն աղջիկների ակումբը, որոնք դպրոցի սպորտային խաղերից առաջ ելույթ են ունենում ու ոգևորում մարզիկներին

Երրորդ.  Ճիշտ ընտրիր ապագա ընկերոջդ

Եվ կետ չորրորդ. Մի առանձնացիր, միշտ եղիր խմբում

Չորս պարզ կանոն, որոնց հետևելը սակայն, միջին դպրոցում կարևոր է հայտնի դառնալու և հաջողության հասնելու համար։

Հնարավոր է,  շատերդ եք հայտնվել նման իրավիճակներում․ կողքից բոլորը խորհուրդներ են տալիս՝ այսպես արա, այնպես արա,  հանկարծ չսխալվես, պարտադիր կհագնես այս հագուստը, ոչ մի դեպքում բաց չթողնես այս կամ այն միջոցառումը:

Դուք իհարկե, ուզում եք, որ ձեզ մոտ ամեն բան լավ ստացվի ու միանաք շրջապատին, ասել է թե՝ օտար չլինեք  տարեկիցների շրջանում, բայց մյուս կողմից, տրվելով այս ամենին, կարծես,   կորցնում եք ձերը: Դուք պարզապես չեք կարողանում անել այն, ինչ ձեզ իսկապես դուր է գալիս, իսկ   ինչ անում եք ստիպված՝ ձեզ երջանկություն չի բերում:

 Ճիշտ նույն իրավիճակում է հայտնվում նաև  Ջեսիկան: Ֆիլմի ընթացքում նա  նոր ընկերներ է ունենում, որոնց հետ, սակայն, ընդհանուր  ոչինչ չունի, իսկ  ամենակարևորը, վերջում, նա հասկանում է, որ կա ընդամենը մի կանոն. Լինել այնպիսին, ինչպիսին կաս:

Հենց սա էլ գրում է իր անձնական ցուցակում ՝ ջնջելով քրոջ   ցուցակի 4 կետերը: Դե  արդեն կազմվում է Ջեսսիկա Դարլինգի ցուցակը:

Չդավաճանել սեփական «ես»-ին ու միշտ լինել բնական: Սա այն է, ինչ սովորեցնում է «Ջեսիկա Դարլինգի յուրօրինակ ցուցակը» ֆիլմը: Դուք էլ  սիրելի հասակակիցներ  հիշեք, որ ինչ հոբբի էլ  ունենաք, ի՞նչ ոճի հագուստ էլ կրեք, կարևոր չէ։ Կարևորը իրական   ընկերներն են, որոնք ձեզ կընդունեն այնպիսին՝ ինչպիսին կաք։

Ցուցադրել ավելի
Back to top button