10 րոպե կինոյի մասին

«Հրաշք»․ 10 րոպե կինոյի մասին

Ամերիկացի գրող ու գրաֆիկ –դիզայներ Ռաքել Պալասիոն 2012 թվականին հրատարակում է իր առաջին վեպը՝ «Հրաշք» ՝ անգլերեն՝ Wonder վերնագրով։ Սա ժամանակակից մի երկ է, որը և′ տրամադրություն է բարձրացնում, և′ ծիծաղեցնում է, և′ հուզում. Մի խոսքով, սրտահույզ պատմություն, որը կարդացվում է մեկ շնչով և երկար ժամանակ մնում հիշողության մեջ։ Երևի հենց սա էր գրքի հաջողության հիմնական գրավականը։

Պալասիոն վեպը գրել է մի միջադեպից հետո․ նրա որդին՝ տեսնելով դիմածնոտային խնդիրներով մի աղջկա՝ սարսափ էր զգացել։ Տղայի  նման արձագանքի պատճառով աղջիկն ու նրա ընտանիքի անդամները կարող էին վատ իրավիճակում հայտնվել։ Բայց գրողին հաջողվել է շտկել  իրավիճակը՝ տղային հեռացնելով դեպքի վայրից։ Որոշ ժամանակ անց նա գրում է այս վեպն ու հենց գրելու ընթացքում լսում Նատալի Մերչանթի «Հրաշք» երգը, որն էլ ավելի է ոգեշնչում հեղինակին։

Եվ այսպես,  2012 թվականի փետրվարի 14-ին հրատարակվում է գիրքն ու հենց այդ տարի էլ՝ նոյեմբերին հայտնի է դառնում, որ «Lionsgate» մեդիա ընկերությունը մշակում է վեպը և սցենարիստների է հրավիրում վեպը կինոսցենար դարձնելու   համար։ Երկար աշխատանքներից հետո ռեժիսորական աթոռն զբաղեցրեց Սթիվեն Չբոսկին, ընտրվեց նաև դերասանական կազմը․ Ջուլիա Ռոբերտս, Օուեն Ուիլսոն և 10-ամյա Ջեյքոբ Թրաբլեն, որն  էլ մարմնավորեց ֆիլմի գլխավոր հերոսին՝ Օգգիին։ Հետաքրքիր է, որ չնայած փոքր տարիքին, Ջեյքոբն արդեն հասցրել էր իր նկատելի քայլերն անել համաշխարհային կինոյում։ Օրինակ «Սենյակ» ֆիլմում գլխավոր հերոսներից մեկին՝ Ջեքին մարմնավորելու համար տարբեր փառատոններում ստացել էր բազմաթիվ մրցանակներ։ Ինչևէ, չշեղվենք մեր այսօրվա ֆիլմից՝ «Հրաշք»-ից, որի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականին։

11 ամյա Օգոստոս Փուլմանը, ում կարճ ասում են Օգգի, ծնողների, մեծ քրոջ՝ Օլիվիայի և Դեյզի շան հետ ապրում է Բրուքլինում։ Տղան ծնվել է հազվադեպ հիվանդությամբ (Թրեչեր Քոլինզի Սինդրոմ), որի պատճառով դեմքը դեֆորմացված է։ Նա 27 տարբեր վիրահատությունների է ենթարկվել, որպեսզի կարողանա տեսնել, խոսել ու լսել առանց լսողական ապարատի ։ Օգգին փոքրուց սովորել է տանը, բայց երբ պետք է անցներ 5-րդ դասարանի ծրագրին, ծնողները որոշում են մի մասնավոր միջնակարգ դպրոց տանել նրան։ Մինչ ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրենը 3 այլ աշակերտների՝ Ջեքի, Ջուլիանի ու Շարլոտայի հետ շրջայց է կազմակերպում Օգգիի համար ու ծանոթացնում դպրոցի անցուդարձին։ Բայց երբ սկսվում են դասերը, Օգգին, հաճախ, ծաղրի է ենթարկվում։ Աշակերտները քննարկում են նրա արտաքինն ու խուսափում են շփվել հետը։  

Մի անգամ  Օգգին, ստուգողական աշխատանքներից մեկի ժամանակ օգնում է Ջեքին և նրանք ընկերանում են։ Հելլոուինյան միջոցառմանը Օգգին ներկայանում է ուրվականի դիմակով ու թիկնոցով։ Նրան ոչ ոք չի ճանաչում։ Ու հանկարծ, նա լսում է դասընկերների խոսակցությունը․Ջեքը Ջուլիանի ու մյուս ընկերների մոտ բամբասում է Օգիից և ասում, որ ինքն իրեն կսպաներ, եթե նման լիներ Օգգիին ։

Դպրոցի տնօրենն իմանում է երեխաների վատ վերաբերմունքի մասին, կանչում է Ջուլիանի մորն ու ներկայացնում մի շարք ապացույցներ, որտեղ տղան ծաղրի է ենթարկում դասընկերոջը,այդ թվում ՝  դասարանական մի լուսանկար, որում ֆոտոշոփի միջոցով հեռացրել են Օգգիին։ Ջուլիանի մայրը պաշտպանում է  որդուն, ասում է, որ ինքն է նկարի միջից հեռացրել Օգգիին ու ավելացնում, որ երեխաները չպետք է շարունակեն նրա հետ սովորել նույն դպրոցում։ Չնայած դպրոցի ֆինանսավորումը դադարեցնելու մասին  սպառնալիքներին, պարոն Թաշմենը Ջուլիանին հեռացնում է դպրոցից, ինչի հետևանքով վերջինս բաց է թողնում քաղաքից դուրս ճամփորդությունը։

Բնության գրկում Օգգին ու Ջեքը վիճում են այլ դպրոցի 3 աշակերտների հետ։ Օգգին փորձելով պաշտպանել Ջեքին, քիչ էր մնում ինքը հայտնվեր հարվածի տակ։ Այդ պահին հայտնվում են Ջուլիանի նախկին ընկերներն ու օգնության հասնում։Եվ այս պահից սկսած՝ դասընկերների վերաբերմունքը Օգգիի նկատմամբ փոխվում է։

Տարեվերջյան միջոցառման ժամանակ տղային՝ ցուցաբերած համարձակության համար պարգևատրում են մեդալով ու դահլիճում գտնվողները հոտնկայս ծափահարում են նրան։ Օգգիի մայրն  ասում է, որ ինքն իսկական հրաշք է։

«Եթե կա ընտրություն` լինել ճիշտ կամ լինել բարի, ընտրիր բարին» ․․․ «Ճակատագիրը ժպտում է խիզախներին» ․․․ «Գնա օրվա հետևից և ձգտիր արևին»։  Սրանք մեջբերումներ էին «Հրաշք»-ից ․․․ անպայման դիտեք 2 ժամից մի փոքր պակաս տևող, այս իսկապես՝ հրաշք ֆիլմը։

Ցուցադրել ավելի
Back to top button