Քո գարունները կբացվեն նորից, քեզ համար, Հայաստան
Այսօր դեկտեմբերի 7-ն է, երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրը: 1988-ի այս օրը, դեկտեմբերյան անամպ մի օր, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ժամեր անց տեղի է ունենալու անդառնալին: Երկրաշարժի աղետալի լուրն արագ տարածվեց, և ամբողջ հայությունը մեկ մարդու պես շտապեց օգնության:
Այդ օրերին Հայաստանին բարեկամական իրենց ձեռքը մեկնեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Որոշ պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։
1988թ Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը շրջադարձային դեր խաղաց նաև Ազնավուրի կյանքում: Երգիչն արագ արձագանքեց սիրելի ժողովրդի վշտին: Երկրաշարժից օրեր անց գրվեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որի խոսքերի հեղինակն ինքն էր` Ազնավուրը, իսկ երաժշտությունը Ժորժ Կառվարենցինն էր:
Աղետի մասին աշխարհը տեղեկացավ նաև այս երգի օգնությամբ, որն առաջին անգամ հնչեց 1988 թվականի դեկտեմբերի 20-ին ֆրանսիական հեռուստատեսությամբ, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ: Հուզիչ են բառերը, երաժշտությունը, հուզիչ է նաև երգի տեսահոլովակը, որը նկարահանեց մյուս հանճարեղ հայը` Անրի Վեռնոյը։
1989 թվականին Փարիզում Ժորժ Կառվարենցը «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար արժանացավ «Ոսկե սուր» մրցանակի։ Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից սկսած։
Ավելի քան 80 աշխարհահռչակ արտիստների համագործակցությամբ ձայնագրված այս երգի ողջ հասույթն ու իրավունքները Ազնավուրը նվիրաբերեց Հայաստանին, երկրաշարժից տուժած իր ժողովրդին:
— Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո —
Քեզ համար, Հայաստան։