Հասցրե՞լ եք սթափվել քնից․․․Իհարկե, ձմռանը, երբ ինքը՝ օրն էլ է դժվար արթնանում ցուրտ գիշերվանից հետո, քնից արագ սթափվելը հեշտ չէ, բայց, հաստատ, ոչ նրանց համար, ում օրվա ռեժիմի մեջ իրենց անխախտ տեղն ունի առավոտյան մարմնամարզությունը։ Ցուրտ լինի, ձմեռ, թե անձրև, նրանք այս ժամին վաղու՜ց արդեն սթափ են, աշխույժ և պատրաստ նոր օրվա ընթացքին․․․
Դե, իսկ ընդամենը 10 րոպե տևող միջին ինտենսիվությամբ վազքը կարող է պարզապես հրաշք գործել, –ասում են ճապոնացի գիտնականները՝ ներկայացնելով իրենց հետազոտության արդյունքը։
Ցուկուբայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ գլխուղեղի կեղևի նախաճակատային հատվածն ակտիվացնելու համար նվազագույն ջանք էպահանջվում․ միջին ինտենսիվության վազքի 10 րոպե, որի արդյունքում դեպի գլխուղեղի կեղևի այս մասը արյան հոսքն ակտիվանում է։ Հենց այս հատվածն էլ կարևոր դեր ունի տրամադրության վերահսկման և գործողությունների կառավարման համար։
Ինչպես ասում են հետազոտության հեղինակները, վազքի ազդեցությունն ուղեղի առանձին հատվածների վրա երբևէ չի ուսումնասիրվել, այնպես որ՝ սա թեկուզ փոքրիկ, բայց նոր ձեռքբերում է։
Ինքներդ ձեզ սովորեցրեք 10 րոպեանոց վազքի, ընդ որում՝ ոչ միայն առավոտյան։ Կարող է լինել օրվա տարբեր ժամերի, բայց դե, առավոտյան վազքի բերած օգուտն անգնահատելի է նոր օրը առույգ ու կազմակերպված սկսելու համար։