Մեկնարկ

Մասնագիտություն փողի՞ մասին. Մեկնարկ

«Ի՞նչ ես ուզում դառնալ» հարցին շատ պատանիներ միանգամից պատասխանում են՝ տնտեսագետ։

Ի՞նչ եք կարծում, մի՞շտ են շատ լավ պատկերացնում, թե ինչ մասնագիտություն է սա, ինչի մասին, ինչ որակներ է պահանջում։

Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի տնտեսագիտության ուսուցիչ Շավարշ Զոհրաբյանի հետ զրույցը տնտեսագետի մասնագիտության մասին է։

Ամեն անգամ երբ նոր եք սկսում դասընթացը որևէ դասարանում, ինչպե՞ս եք ներկայացնում այս մասնագիտությունը Ձեր սաներին։

Շ․ Զոհրաբյան — Սկզբում հարցնում եմ իրենց կարծիքը․ ի՞նչ են մտածում իրենք։ Հիմնականում ստանդարտ մի պատասխան եմ լսում․ «Դա մասնագիտություն է փողի մասին»։ Բնականաբար սա սխալ մոտեցում է գիտական այս ճյուղին։ Հետո տարբեր հարցերով գալիս, հանգում ենք նրան, որ տնտեսագիտության հիմնական նպատակը սահմանափակ ռեսուրսներ ունենալով՝ մարդկանց անսահմանափակ ցանկությունները բավարարելն է։ Այդ կետից արդեն սկսում ենք հասկանալ, թե ինչ պետք է իմանալ ռեսուրսները տնտեսության մեջ մաքսիմալ արդյունավետ բաժանելու համար, որպեսզի կարողանաս գոհացնել քո հասարակությանը։

Իսկ ավելի ճիշտ բնութագրում տալու համար ուզում եմ հիշել, թե ինչպես էր իմ սիրելի դասախոսն սկսում «Տնտեսագիտության տեսության» դասընթացը․ «Հասարակության զարգացման պատմությունն իր ամենալայն իմաստով տնտեսության զարգացման պատմությունն է»։ Եվ, իրոք, այդպե՛ս է։

Ի՞նչ որակներ են պետք այս մասնագետը դառնալու համար։

 Շ․Զոհրաբյան — Ես ամենաշատ գնահատում եմ տրամաբանությունը և վերլուծություն անելու ունակությունը, քանի որ այս մասնագիտությունն ամբողջությամբ վերլուծություն է։ Բացի տեսական հատվածներից, որոնք ուսումնասիրում ես, ընդհանուր առմամբ դու անընդհատ վերլուծում ես իրավիճակը․ կլինի՝ երկրի իրավիճակը, կլինի՝ որևէ ընկերության իրավիճակը, թե ինչ-որ առանձին տնտեսական ճյուղի իրավիճակը։ Այն մարդը, որը չի սիրում վերլուծություն անել, աշխատել թվերի հետ, չի սիրում մաթեմատիկական գրաֆիկաներ գծել, տնտեսագիտության մեջ չունի ապագա։ Պարտադիր է մաթեմատիկական մտածողությունը, նաև հետազոտելու, տվյալներ հավաքագրելու և դրանց հիման վրա վերլուծություն անելու սերը։

 Պատահական չէ, որ տարբեր համալսարաններ այս մասնագիության համար որպես պարտադիր քննական առարկա մաթեմատիկան են ընտրում, որովհետև բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այս մասնագիտությունն ընտրողը թեկուզ նվազագույն գիտելիքներ պետք է ունենա մաթեմատիկայից, որպեսզի կարողանա մարսել այն նյութը, որը համալսարանը պատրաստվում է նրան տալ։

Լավ կլիներ, որ հանրակրթական դպրոցում էլ տնտեսագիտությունը դասավանդվեր թեկուզ մեկ ամբողջական կիսամյակ և անպայման մասնագետների կողմից։ Լավ կլիներ ո՛չ միայն ապագա տնտեսագետների, այլ նաև նրանց համար, ովքեր ամենևին էլ չեն ուզում համալսարանական կրթություն ստանալ և իրենց ապագան տեսնում են, ասենք, սեփական բիզնեսը հիմնելու կամ ընտանեկան բիզնեսը շարունակելու մեջ։

                                     Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button