10 րոպե կինոյի մասին

«Լրտեսների երեխաները». 10 րոպե կինոյի մասին

Այսօր ուզում եմ պատմել մի ֆիլմի, կամ ավելի ճիշտ ՝ ֆիլմերի շարքի մասին, որը փոքր ժամանակ շատ-շատ էի սիրում: Եղբորս հետ մի քանի անգամ դիտել եմ, տպավորվել ու հիմա էլ որոշել եմ ձեզ առաջարկել, որ դուք էլ ձեր եղբոր, քրոջ, կամ ինչու չէ, ամբողջ ընտանիքի հետ հանգստյան օրերին հաճելի  կինոդիտում ունենաք:

Խոսքը մարտաֆիլմ և կինոկատակերգություն ժանրերի՝ «Լրտեսների երեխաները» 4 մասանոց  ֆիլմին է վերաբերում։ Բոլոր 4 մասերի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Ռոբերտ Ռոդրիգեսն է: Խաղում են Անտոնիո Բանդերասը, Կառլա Գուջինոն, Ալեքսա Վեգան, Դերիլ Սաբարան  ու այլք: Առաջին մասի պրեմիերան տեղի է ունեցել 2001 թվականի մարտի 30-ին՝ ԱՄՆ-ում:

Ըստ սյուժեի ՝ նախկին գաղտնի գործակալներ Գրիգորիո և Ինգրիդ Կորտեսի երեխաները՝ Կարմենն ու Ջունին ոչինչ չգիտեն իրենց ծնողների նախկին աշխատանքի մասին:

Շուտով, ամուսինները ստիպված վերադառնում են իրենց մասնագիտությանը, քանի որ այն գործակալությունում, որտեղ աշխատում էր Գրիգորիոն, անհետացել էին մի քանի լավագույն լրտեսները: Բոլոր կասկածներն ընկնում են հայտնի հեռուստահաղորդավար Ֆեգան Ֆլուպի վրա: Երեխաները՝ իմանալով այս ամենի մասին, փորձում են փրկել իրավիճակն ու անցնում գործի։ Իրենց հորեղբայր Մաչետեից վերցնում են անհրաժեշտ լրտեսական գործիքներն ու հասնում Ֆլուպի ամրոց: Հենց այստեղ էլ հանդիպում են գերի ընկած ծնողներին: Ավելի ուշ պարզվում է, որ այս ամենի կազմակերպիչն ու մեղավորը ամենևին էլ Ֆլուպը չէ, այլ … Գրիգորիոյի նախկին գործընկերը՝ Մինյոնը: Նա արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտ-երեխաների բանակ ստեղծելու պատվեր էր ստացել: Իսկ փորձառու լրտեսներին առևանգում էին, գիտափորձեր անցկացնելու համար: Կարմեն և Ջունի Կորտեսները պետք է խանգարեն չարագործին, փրկեն իրավիճակն ու ազատեն ծնողներին:

Ֆիլմի երկրորդ մասում, որը թողարկվել է 2002 թվականին ու կոչվում է «Լրտեսների երեխաները 2. Անիրականանալի հույսերի կղզին»,  քույր և եղբայր Կորտեսները դառնում են Սուպեր Լրտեսների Կազմակերպության պրոֆեսիոնալ գործակալներ: Այս անգամ նրանց խանգարում են մրցակիցները … կազմակերպության նոր տնօրենի երեխաները՝ Գերի և Գերթի Գիգլզները: Նրանք հատուկ առաջադրանքները կատարում են որպես աշխատանք, իսկ ընտանեկան հարաբերություններին, բացարձակապես, կարևորություն չեն տալիս: Հետաքրքիր է, որ Գերին սիրահարված է Կարմենին: Երեխաները ստանում են նոր առաջադրանք. գտնել «տրանսմուկեր» անունով գործիքը, որը ունակ է անջատել ցանկացած սարք: Կորտեսներն անցնում են գործի: Նրանք հայտնվում են կղզում, որտեղ ապրում է այն գիտնականը, որը պատահաբար ստեղծել էր կղզու շուրջը թափառող հրեշներին:

Շարունակությունը չեմ պատմի, որ լարված հետևեք գլխավոր հերոսների արկածներին, բայց մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է ավարտվում:

Ֆիլմի հաջողությունից հետո, հենց հաջորդ տարի՝ 2003-ին տեղի է ունենում երրորդ մասի պրեմիերան, որը նույնպես դրական արձագանք է գտնում հանդիսատեսի շրջանում: Այս մասի ենթավերնագիրն է՝ «Խաղն ավարտված է»: Նկարահանվել է 3D ձևաչափով։

Թեպետ երրորդ մասը ներկայացվել է  նախորդից ընդամենը մեկ տարի անց, բայց սցենարի համաձայն, անցել է 3 տարի: Ջունին «Օ Էս Էս»-ից՝ Սուպեր Լրտեսների Կազմակերպությունից դուրս է եկել և ինչպես երազում էր, բացել է իր սեփական հետախուզական գործակալությունը։

Նա իր վաստակած համեստ գումարները խնայում է հանելուկային, ոմն Կիբերհանճարի կողմից ստեղծված, նոր «Game Over» վիդեոխաղը գնելու համար, որը խաղը մինչև վերջ հաղթահարողներին  խոստանում է խոշոր մրցանակներ։ Սակայն «Օ Էս Էս»-ից տղային տեղեկացնում են, որ քույրը կորել է: Պարզվում է, որ Կարմենը վիրտուալ կերպով անհետացել է հենց նույն «Game Over» տեսախաղում և մնացել է 4-րդ մակարդակում․․․իսկ  Ջունին ունի ընդամենը 12 ժամ և պետք է հասցնի հաղթել հինգերորդ մակարդակն ու անջատի խաղը, որպեսզի Կիբերհանճարը չկարողանա դուրս պրծնել բանտից և զավթել երիտասարդների ուղեղը։ Վիրտուալ իրականության մեջ Ջունին ծանոթանում է խաղը փորձարկողների ՝  ուժեղ Առնոլդի, հանճար Ֆրենսիսի, խիզախ տղա Ռեսի, ինչպես նաև հանելուկային աղջիկ Դեմետրայի հետ։ Ֆիլմի երրորդ մասում կտեսնեք նաև Կորտեսների պապիկին՝ Վալենտինին, որին Սուպեր Լրտեսների կազմակերպության մասնագետները նույնպես ուղարկում են վիրտուալ խաղ՝ երեխաներին օգնության հասնելու համար:

Ինչ կարող եմ ավելացնել․․․Տպավորիչ, վիզուալ էֆֆեկտներով և կլանող սյուժեով 84 րոպե է ձեզ սպասվում:

2011 թվականին, ֆիլմի 3-րդ մասից 8 տարի անց, ասել է թե երկար դադարից հետո, ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը հանրությանն է ներկայացնում արդեն սիրված՝  Լրտեսների երեխաները ֆիլմի 4-րդ մասը՝ 4 դ ձևաչափով: Հանդիաստեսը՝ կինոթատրոնում նստած, ոչ միայն հետևում էր գլխավոր հերոսների նոր պատմությանը, այլ նաև  քամի էր զգում, երբ ֆիլմում նույնպես քամի էր, մի թեթև թրջվում էր ջրի կաթիլներից՝ համապատասխան տեսարանի ժամանակ, ինչպես նաև բույրեր էր զգում:

Այո-այո, ֆիլմը դիտելուց հանդիսատեսը զգում էր ճիշտ նույն հոտերը, ինչ որ կերպարներն էին զգում խաղի ժամանակ: Այս տեխնոլոգիան ստացավ «Արոմասկոպ» անունը, և «Լրտեսների երեխաները» 4D ֆիլմն էլ փաստացի դարձավ այս ձևաչափով ցուցադրված առաջին ֆիլմերից մեկը:

Թեև, չորրորդ  ֆիլմը հագեցած էր նորարարություններով, սակայն կինոքննդատների կողմից, հիմնականում, արժանացավ բացասական կարծքիի, ընդհանուր վարկանիշն էլ բավականին ցածր է,և համեմատելի չէ նախորդ 3 մասերի հետ: Հնարավոր պատճառներից մեկն այն է, որ 4-րդ մասի պատմությունը կառուցված է նոր կերպարների վրա, որոնց հեռուստադիտողը նախկինում չէր հանդիպել: Իհարկե Կարմենն ու Ջունին հայտնվում են մի քանի դրվագներում, բայց սյուժեի առանցքում նրանց մորաքույրն է՝ նախկին լրտես Մարիսա Ուիլսոնը՝ իր երեխաների՝ Ռեբեկայի ու Սեսիլի հետ: Կարելի է ասել սա լրիվ նոր պատմություն է, թեկուզ սցենարական  թելերով կապված է նախորդ մասերի հետ:

Ամեն դեպքում , երբ նայեք երեք մասերը ,  կարող եք սա էլ դիտել, ժամանակի վատնում հաստատ չի լինի:

Եթե ազատ ժամանակ ունեք, բաժանեք ձեր առաջիկա օրերի երեկոներն ու դիտեք ֆիլմի 4 մասերը:

Ցուցադրել ավելի
Back to top button