Հայ աշակերտները մասնակցել են Մոսկվայի քաղաքապետարանի կազմակերպած Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադային և անհատական մրցույթում նվաճել են 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, իսկ բլից-տուրում՝ խրախուսական գավաթի:
Օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից. յուրաքանչյուր առարկայից մասնակցել են Երևանի ուսհաստատությունները ներկայացնող 2-ական աշակերտ:
Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է 35 խոշոր քաղաքի 257 աշակերտ: Երևանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի (4 աշակերտ), «Քվանտ» վարժարանի (3 աշակերտ) և «Հերացի» ավագ դպրոցի (1 աշակերտ) սաները:
«Քվանտ» վարժարանի աշակերտներ Արայիկ Խալաթյանը («Ինֆորմատիկա»), Լեոնիդ Ասատրյանը («Քիմիա») և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը («Քիմիա») նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզիմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Վահրամ Ասատրյանն ու Ռուբեն Համբարձումյանը («Մաթեմատիկա»)՝ բրոնզե մեդալներ։