Չնայած դպրոցում դեռ գործեր կան, Ամանորի շունչն արդեն մեր կողքին է։ Ամանորի անցուդարձով են ապրում շատ թատրոններ ու մշակութային այլ օջախներ։
Պտտվող մոլորակի նորություններն էլ այդ անցուդարձի մասին են․․․
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Ամանորի նվերը երեխաներին «Մաուգլի» ներկայացումն է ըստ Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործությունների։ Երբ շատ ծանոթ որևէ ստեղծագործության ես հանդիպում բեմում կամ էկրանին, թվում է, թե հայտնաբերելու շատ բան չկա։ Բայց, իհարկե, այդպես չէ, այլապես այդքան երկար կյանք չէին ունենա այդ ստեղծագործությունները, չէին շարունակի հետաքրքրել նոր սերունդներին ու նոր արվեստագետների։ Քիփլինգի պատմվածքներն իրենց հերոսներով ծանոթ են բոլորիս, բայց միշտ հետաքրքիր են ու նոր։ Փոքրերի համար՝ հատկապես։ Կարելի է գնալ Մաուգլիի հետ հանդիպման փոքր եղբոր կամ քրոջ հետ և մանկական ներկայացման ընթացքում նորից ու նորից հայտնաբերել Քիփլինգի աշխարհը։
Ներկայացման ցուցադրությունները մեկնարկել են երեկվանից՝ դեկտեմբերի 22–ից։
Երեխաներին Ամանորի տոն նվիրելու նպատակով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը բեմ կբարձրացնի Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը: Ներկայացումը, որը նոր շունչ, դրական տրամադրություն ու վառ գույներ կբերի թատրոն, արվեստասերների դատին կհանձնվի այսօր՝ դեկտեմբերի 23-ին:
«Մարդուկ-Ջարդուկը» կներկայացնենք ոչ միայն Օպերայի և բալետի ազգային ակադեմական թատրոնի բեմում, այլև մարզերում, որպեսզի մարզերում բնակվող երեխաները ևս կարողանան դիտել այս ներկայացումը»,- տեղեկացրել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը
Համաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկը՝ «Շչելկունչիկը» նույն ինքը՝ «Մարդուկ–ջարդուկը», առաջին անգամ է բեմադրվում Հայաստանում: