Հիթ 1

Բոլոր լեզուներով թարգմանված երգը ․․․ “Besame mucho”

Իմ հերթական հաղորդումը նվիրել եմ մի երգահանի, որի ամենահայտնի ստեղծագործությունը, արդեն քանի տասնամյակ, համարվում է աշխարհի ամենահայտնի ու ամենից շատ կատարվող երգերից մեկը։ Եթե ինձ հարցնեք, թե որն է աշխարհի ամենահայտնի երգը, ես ստիպված կլինեմ երկար մտածել, քանզի ինձ համար դրանք երկուսն են՝ Փոլ ՄաքՔարթնիի անմահ “Yesterday”-ն ու Կոնսուելո Վելասկեսի նույնքան անմահ՝  “Besame mucho”-ն։

Դիեգո Ռոդրիգես դե Սիլվա ի Վելասկես․․․

Պիտի որ լսած լինեք էս մեծանուն, փառահեղ նկարչի անունը, որը իսպանական Ոսկեդարի ամենակարկառուն ներկայացուցիչն է, արքա Ֆիլիպ 4-րդի արքունական նկարիչը։ Իսկ ձեզնից ոմանք էլ, կարծում եմ, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչնեը լսած կլինեն Կոնսուելո Վելասկես Թորեսի անունը։

Ահա ուրեմն,  “Besame mucho”  երգի հեղինակը՝  տաղանդավոր գեղեցկուհի Կոնսուելո Վելասկեսը, նկարիչ Վելասկեսի ծոռնուհին է, և “Besame mucho” երգը գրել է, մոտավորապես, 24 տարեկանում։ Բայց նման չքնաղ երգ, հավատացնում եմ ձեզ, իրար գլխի հավաքված 24 կոմպոզիտոր, 24 տարում չեն գրի։

Իսկ Կոնսուելոն գրեց՝  հեշտ․․․ ու հանգիստ։

1944 թվականին “Besame mucho” երգը հնչեց Ամերիկայում՝  իսպանալեզու երգերի փառատոնին և իհարկե համարվեց լավագույնը։Այն անընդհատ  հաղորդեցին ռադիոյով և հեռուստատեսությամբ  ու “Besame mucho”-ն կարճ ժամանակում գրավեց ողջ աշխարհը։

700-ից ավել հայտնի կատարող, այդ թվում՝ Սինատրան, Էլվիս Փրեսլին, Սեզարիա Էվորան փորձել են երգը ներկայացնել յուրովի։

“Besame mucho”-ն թարգմանված է աշխարհի բոլոր լեզուներով, և, եթե ինձ հարցնեք, այն, երգ գրելու դասագիրք է, որտեղ ամեն ինչ համապատասխանում է երգ կոչվածի  «ոսկե կանոններին»։  

Կոնսուելոն   դաշնամուր նվագել է 6 տարեկանից։Նա հիանալի դաշնակահարուհի էր։ Նրան, որպես աշխարհի ամենահայտնի երգի հեղինակ, էնքան էին սիրում ու մեծարում հատկապես իր հայրենի Մեքսիկայում, որ ընդգծված հարգանքն ու սերն ամենուր էր՝ ուր էլ նա ոտք դներ։

Հայտնի է, որ միայն “Besame mucho”-ի կատարումների հասույթով Վելասկեսը միլիոնների տեր դարձավ։ Բայց նա չէր վստահում բանկերին և իր գրեթե ողջ կարողությունը՝ 40 միլիոն դոլարի ադամանդեղեն, կրում էր իր պայուսակում։   

Ահա ուրեմն, պատկերացրեք՝ էդ պայուսակի մասին բոլորը գիտեին նրա շրջապատում, բայց հարգանքն աjնքան մեծ էր Բեսամե Մուչոյի հեղինակի հանդեպ, որ որևէ մեկի մտքով անգամ չանցավ թալանել Կոնսուելո Վելասկեսին։

Իմ ապրած 60 տարիների ընթացքում, անկեղծ ասեմ,  չգտա էնպիսի մի երկրորդ երգ, որը կարելի լիներ վստահաբար դնել “Besame mucho”-ի կողքին, երևի միայն նույն “Yesterday”-ը․․․

 Մի օր գուցե նրա մասին էլ խոսենք։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button