Զարթուցիչ

Սուրբ ծննդյան ողջույնը. Զարթուցիչ 06․01․2022

Շնորհավորում ենք Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ․․․

— Ձեզ և մեզ մեծ Ավետիս

Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը մանկությունից մեզ ուղեկցող ամենահայտնի պատմություններից մեկն է, գիշերվա քնից առաջ տատիկի պատմածներից ամենախորհրդավորը, մեր մանկության սիրելի մուլտֆիլմերից շատերի սյուժեն։

Իհարկե, տարիների հետ,  փոփոխվում են թե՛ լսածիդ, թե՛ կարդացածիդ հետ կապված մտորումները, հաճախ սկսում ես փաստեր, թվականներ ու պատմական ճշգրտություններ  փնտրել, ավելին կարդալ ու իմանալ, բայց երբե՛ք, երբե՛ք չի կորչում այս պատմության մանկական ընկալման հրաշքը․ ինձ համար որ՝ այդպես է հաստատ։

Եվ տոնածառի աստղը, որը ծառը զարդարելիս սովորույթի համաձայն դրեցի գագաթին՝ առանձնապես չկարևորելով, հենց այսօր, հենց այս առավոտ ինձ առանձնահատուկ փայլով է աչքով անում։

Ես էլ նրան եմ ժպտում․ չէ՞ որ նա 2022 տարի առաջ ողջ մարդկությանը Փրկչի ծնունդն ավետող լուսավոր աստղի խորհրդանիշն է մեր տանը։

Տոնածառն էլ, որն արդեն քանի օր է կանգնած է մեր հյուրասենյակում որպես Ամանորի զարդ, այսօր խորհրդավոր է։ Գուցե լուսաբացն է նրան խորհրդավոր դարձրել, իսկ գուցե այն պատմությունը, որը գիշերվա քնից առաջ տատիկիս պատմածներից է, և որը շատ եմ սիրում։

Ու եթե շատ կարևոր գործ չունեք այս պահին, եկեք լսենք այն միասին․․․

Երկրի վրա իջել էր խորհրդավոր սուրբ գիշերը՝ մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրներից մեկում ծնվել էր աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը՝ հովիվները փառաբանում ու երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին՝ մոգերը արևելքի հեռավոր երկրներից շտապում էին՝ խոնարհվելու աստվածային Մանկանը:

 Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին՝ ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները՝ բարձրացնում գլուխները՝ ջանալով տեսնել քարայրի ներսը:

Քարայրի մուտքի մոտ աճած երեք ծառերը՝ սլացիկ արմավենին, անուշաբույր ձիթենին և կանաչ եղևնին, իրենց ամնաերջանիկն էին զգում, որովհետև նրանց լավ տեսանելի էին քարայրի ներսը և այնտեղ պառկած Մանուկը, որը շրջապատված էր հրեշտակների դասով:

-Արի գնանք խոնարհվենք Մանկանը, նվերներ տանք-ասում է արմավենին ձիթենուն։

-Ես էլ գամ ձեզ հետ,-խնդրում է եղևնին նրանց։

-Դու՞, քո այդ ծակծկող փշերով ու կպչուն խեժո՞վ։ Ի՞նչ կարող ես դու նվիրել Նրան,-ծաղրում են մյուս երկուսն ընկերուհուն։

Եվ եղևնին, չհամարձակվելով քարայր մտնել, հնազանդորեն հետ է քաշվում:

Փարթամ արմավենին խոնարհվում է Մանկանը և Նրան տալիս իր շքեղ պսակի լավագույն տերևը, որ զովություն պարգևի շոգ օրերին, ձիթենին խոնարհում է իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցնում, և ամբողջ քարայրը լցվում է անուշ բույրով, իսկ եղևնին հետևում է նրանց տխուր, սակայն առանց նախանձի՝ մտածելով, որ նրանք իրավացի են. ինչպե՞ս կարող է ինքը համեմատվել նրանց հետ: Հրեշտակը, սակայն, որը տեսել էր այս ամենը և որոշել էր օգնել նրան, ասում է․

-Դու քո համեստությամբ ինքդ քեզ խոնարհեցնելով՝ ավելի ես մեծարվելու և քույրերիցդ ավելի ես զարդարվելու:

 Ապա հրեշտակը երկնքին է նայում, և մութ երկինքը փայլում է պայծառ աստղերով: Հրեշտակը նշան է անում, և աստղերը մեկը մյուսի հետևից սկսում են ցած թափվել եղևնու կանաչ ճյուղերի վրա, և եղևնին շուտով շողշողում է վառ կրակներով:

Երբ Մանուկն արթնանում է, Նրա ուշադրությունը գրավում են ոչ թե քարայրի սքանչելի բույրն ու արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայում է եղևնուն, ժպտում է ու թաթիկները մեկնում նրան: Եղևնին հրճվում է, սակայն չի հպարտանում ու չի մեծամտանում, այլ իր ողջ փայլով ջանում է լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն ու արմավենուն: Չարին պատասխանում է բարությամբ: Հրեշտակը, տեսնելով այս ամենը, եղևնուն ասում է, որ իր բարության համար կպարգևատրվի և այսուհետև միշտ, անեն տարի Սուրբ Ծննդյան օրերին կզարդարվի լույսերի փայլով, և թե՛ երեխաները, թե՛ մեծերը կուրախանան՝ նայելով իրեն: Այդ օրվանից  համեստ, կանաչ եղևնին դառնում է Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

-Հեքիա՞թ է, գուցե, բայց թող հենց այս բարի ու սիրուն հեքիաթով սկսվի մեր առավոտը, ու թող Սուրբ Ծննդյան աստղը լուսավորի բոլորիս կյանքը, իսկ զարդարված եղևնին ուրախացնի մեզ՝ որքան էլ մեծանանք։ Նորից ու նորից՝ շնորհավոր բոլորիդ Սուրբ Ծննդյան տոնը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button