Մենք արդեն մուտք ենք գործել 2022 թվական ու ճիշտ ժամանակն է, որ ամփոփենք անցնող տարվա տեխնոիրադարձություններն ու նորարարների հետ զրույցները՝ ռադիոլաբի անցած հաղորդումներից։
Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կայացավ «Հավք 2021» մրցույթը։ Նպատակը ՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, արտակարգ իրավիճակներում, նոր լուծումներ գտնելն էր։ Անցած տարում Ռադիոլաբը հյուրընկալեց մրցույթի կազմակերպիչ Ասյա Սեփխանյանին ու մասնակից թիմերի ներկայացուցիչներին։
Երիտասարդ ստարտափերներ Վիգեն Խաչատրյանն ու ու Վարդան Մելքոնյանն էլ Ռադիոլաբում ներկայացրին իրենց «TakeAR» լրացված իրականության հիմքով հավելվածը։
Չմոռացանք նաև տեղեկատվական անվտանգության մասին խոսել։ Շատ ակտուալ դարձած ֆիշինգային հարձակումների վտանգների ու համացանցից օգտվելու կանոնների մասին խորհուրդներով մեզ միացավ մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Հայաստանում աշխուժացող ստարտափային կյանքին անդրադարձանք նաև Սամվել Մարտիրոսյանի հետ ՝ սպասարկման բաժնի աշխատակցի գործառույթ իրականացնող ու արհեստական բանականությամբ աշխատող «Hoory» ռոբոտ-օգնականի մասին զրույցով։
Ագաթա Բադալյանի հետ էլ բացահայտեցինք դիմանկարային լուսանկարները իլյուստրացիաների, իսկ տեսանյութերն՝ անիմացիաների վերածող տեխնոլոգիայով աշխատող “Dzook” հայկական հավելվածը։
Տարին հագեցած էր տեխնոլոգիական նշանակալի միջոցառումներով։ Մենք լուսաբանեցինք նաև Դիջիթեք 2021 էքսպոն, Learning Tech կոնֆերանսը, «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների մրցույթը և այլ իրադարձություններ։
Վստահ եմ՝ 2022-ն էլ ավելի հարուստ է լինելու նորարար գաղափարների իրագործմամբ ու մեզ դեռ շատ հետաքրքիր բացահայտումներ են սպասվում։ Միացե՛ք Ռադիոլաբին ամեն շաբաթ, ու դարձե՛ք թվանշային աշխարհի քաղաքացի։ Տեղեկությունն ու գիտելիքը ամենահզոր զենքն է։ Այս տարի լինենք ավելի զինված։