10 րոպե կինոյի մասին

«Սուրբ ծնունդը Կրենկների հետ». 10 րոպե կինոյի մասին

Ժամանակն է, որ խոսեմ այսօրվա կինոյից։ Ինչպես խոստացել էի հաղորդման սկզբում, այն Սուրբ ծննդյան թեմայով է։ Հնարավոր է, որ ֆիլմի վերնագիրը ՝ «Սուրբ ծնունդն անհաջողակների հետ» կամ էլ «Սուրբ ծնունդը Կրենկների հետ»  ձեզ արդեն ծանոթ է ։ Ընտանեկան այս կինոկատակերգությունը նկարահանել է ռեժիսոր Ջո Ռոտը, 2004  թվականին։ Սցենարի հեղինակն էլ հանրահայտ Քրիս Կոլամբուսն է, «Տանը մենակ» ֆիլմաշարի ու «Հարրի Փոթերի» ռեժիսորը։ Գլխավոր դերերը մարմնավորել են Թիմ Ալենն ու  Ջեյմի Լի Քյորթիսը։ Ֆիլմն ունի նաև  կարգախոս․ «Այս տոները նրանք դեռ երկար կհիշեն»։

Կրենկների ամերիկյան ընտանիքը (դա  նրանց ազգանունն է՝ Կրենկ) ամեն տարի ավանդաբար նշում է  Սուրբ Ծննդյան տոնը։  Բայց այդ տարի նրանց աղջիկը  մեկնել է  արտերկիր՝ սովորելու և  Լյուտերը ցանկանում է իր կնոջ հետ մեկնել Կարիբյան կղզիներ ու այնտեղ անցկացնել ամանորի տոները՝ տնտեսելով ավելի քան 6000 դոլար: Ամուսինները որոշում են, որ այս անգամ չի լինելու տոնածառ, Ձմեռ պապ և այլ ճոխություններ։Նրանք որոշում են Սուրբ ծնունդը նշել ավելի համեստ պայմաններում։

Այս ամենի մասին շատ շուտով իմանում  է Կրենկի հարևաններից մեկը, իսկ արդեն հաջորդ օրը ողջ քաղաքն է խոսում Լյուտերի «ծրագրերի» մասին։ Սկսվում են միտինգներ  ու բողոքի ակցիաներ, որոնց  միջոցով համաքաղաքացիները հայտնի ընտանիքին առաջարկում են հրաժարվել,այսպես ասած  «դավադիր» ծրագրերից։ Մի քիչ հայկական իրավիճակ է, համաձա՞յն եք ․․․

Լյուտերի կինը՝  Նորան արդեն պատրաստ է  հրաժարվել մեկնելու  գաղափարից։ Նույնիսկ  տոնածառ է զարդարում տան անկյունում ու ձնեմարդ   պատրաստատում դրսում։ Բայց տան տղամարդն անդրդվելի է ու նրա ասածն օրենք է բոլորի համար։

Ամեն ինչ, սակայն,  փոխվում է այն պահից, երբ ծնողներն իմանում են, որ իրենց դուստրը՝ Բլերը վերադառնում է տուն՝  այն էլ, ամուսնու հետ։ Կրենկների ծրագրերը գլխիվայր շրջվում են ․նրանք դեռ պետք   վազեն խանութներ,  գնումներ անեն ու ամեն ինչ հասցնեն   մինչև աղջկա ու փեսայի գալը։ Տոնածառ գնելն ու տոնական սեղանին նախապատրաստվելը Սուրբ Ծնունդից րոպեներ առաջ ՝  անիմաստ ու հուսահատ գործ է թվում, և սկսվում է զավեշտալի պատմությունների մի նոր շղթա։ Ոստիկանությունը ձերբակալում է Լյուտերին, քանզի նա՝ հարևանների կարծիքով փորձում էր գողություն անել։ Թվում է՝ ամեն ինչ կորած է․․․ բայց ամենադժվարին պահին Լյուտերին օգնության ձեռք է մեկնում  նրա հարևան Վիկ Ֆրոմեյրան։

Ամեն ինչ շատ լավ է վերջանում, իսկ թե ո՞վ է գնում Կարիբյան կղզի՝ Լյուտերի կողմից գնված տոմսերով, կիմանաք եթե դիտեք 98 րոպե տևողությամբ «Սուրբ ծնունդն անհաջողակների հետ» ֆիլմը։

Ի դեպ,  նախատեսված էր ֆիլմը նկարահանել Չիկագոյի և Լոս-Անջելես-ի թաղամասերում, սակայն վատ եղանակի պատճառով նկարահանումները տեղափոխվում են փակ միջավայր՝  հատուկ պատրաստված տաղավարներ։ Կինոնկարի արտադրության վրա էլ ծախսվել է ավելի քան 60 մլն ԱՄՆ դոլար։

Ցուցադրել ավելի
Back to top button