Զարթուցիչ

Հունվարի 13․ սովորակա՞ն, թե՞ անսովոր օր

Ամանորի տրամադրությունից ու տոնից դժվար բաժանվողներն այս օրվան՝ հունվարի 13-ին, հաստատ, սպասում էին․․․Այսօր կեսգիշերին ևս մեկ անգամ կարելի է միմյանց շնորհավորել Նոր տարվա առթիվ, որովհետև հին տոմարով հենց այսօր է սկսվում Նոր տարին։ Եվ Նոր տարվա տոնը շատ սիրողներն առիթը բաց չեն թողնի այն նշելու։ Բայց դա՝ կեսգիշերին, իսկ հիմա իր սովորական ընթացքի մեջ է սովորական օրը, և մենք էլ շտապում ենք դպրոց։ Հաջողություն մեզ։

Հատկապես ավարտական դասարանների մեր այն ընկերներին, ովքեր որոշել են պետական ավարտական քննությունները հանձնել այս օրերին, պարզապես հաջողություն մաղթելը քիչ է․ պետք է մաղթել նաև կենտրոնանալու, գիտելիքներն ի մի բերելու և բջջային հեռախոսից գոնե մի քանի ժամով կտրվելու կամք։

Առաջին երկու քննությունները «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից արդեն տրված են, այնպես որ՝ դրանց դեպքում այդ կամքն արդեն դրսևորվել կամ չի դրսևորվել, իսկ վաղվա համար այն պետք է․ վաղը՝ հունվարի 14–ին, «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության օրն է։ Հաջողություն 12–րդցիներին, իսկ մենք ծանոթանանք «Պտտվող մոլորակի» նորություններին։

Պատահե՞լ է, որ ձեզ հետ հայրիկն ու մայրիկը պայման կապեն․ այ, եթե այս կիսամյակ այսինչ առարկայի գնահատականդ բարձրացնե՜ս․․․ի՞նչ կանեմ․ ասենք՝ նոր հեռախոս կնվիրեմ քեզ, քո երազած հեծանիվը կգնեմ կամ․․․ամռանը կգնանք ծով։ Լավ սովորելը խրախուսելն ուսման որակը բարձրացնելու ընդունված տարբերակ է։ Իսկ, օրինակ, Չինաստանի հարավ–արևմտյան շրջաններից մեկում որոշել են, որ կարելի է խրախուսել ոչ միայն լավ սովորողներին, այլև նրանց ընտանիքներին։ Այս շրջանում, որն աղքատ է համարվում, տարրական դասարանների գերազանցիկ աշակերտների ընտանիքներին խոճկորներ են նվիրել։ Այս մրցանակն ուրախացրել է ոչ միայն աշակերտներին, այլ նաև նրանց ընտանիքներին, որոնց համար սա փոքրիկ, բայց կարևոր նյութական օգնություն է եղել։

Մոտ մեկ ամիս առաջ Օմանի հյուսիսում ավարտվեց հնագիտական պեղումների հերթական փուլը։ Գտածոների թվում էին բրոնզեդարյան մի քանի աշտարակներ, պղնձի ձուլման հետքեր, բայց ամենաանսպասելի գտածոն 4000 տարեկան խաղն էր՝ քարե խաղատախտակը 13 փոսիկներով։ Հնագետները կարծում են, որ սա նարդի խաղի նման մի բան է եղել։ Այս սկզբունքով ստեղծված խաղերի բրոնզեդարյան մի քանի նմուշներ հայտնաբերվել են այդ ժամանակաշրջանի տնտեսական ու մշակութային այլ կենտրոններում ևս, բայց սրանք հազվագյուտ գտածոներ են։ Իսկ դրանցից ամենահայտնին շումերական Ուր քաղաքում հայտնաբերվածն է համարվում։

Ցուցադրել ավելի
Back to top button