10 րոպե կինոյի մասին

«Հոգի»․ 10 րոպե կինոյի մասին

Այսօր կպատմեմ Դիսնեյ և Փիքզար ստուդիաների համատեղ արտադրության «Հոգի» անիմացիոն ֆիլմի մասին։ Համավարակով պայմանավորված՝ այն կինովարձույթում չհայտնվեց, փոխարենն առաջին անգամ հասանելի դարձավ 2020  թվականի դեկտեմբերի 25-ին՝ Դիսնեյ+ հոսքային ծառայության հարթակում ու հավաքեց լավ եկամուտ, նույնիսկ ԱՊՀ երկրների տարածքում դարձավ Դիսնեյի ու Փիքզարի ամենադրամարկղային ֆիլմը։ 93-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հաղթեց  երկու՝ «Լավագույն երաժշտություն» և «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգերում։ Ռեժիսորը Փիթ Դոքթերն է։

Գլխավոր հերոսը միջին դպրոցի երաժշտության ուսուցիչ Ջո Գարդերն է։Նրա մեծագույն երազանքը ջազ նվագելն է։ Եվ ահա, մի օր, կյանքը նրան նման հնարավորություն է ընձեռում։ Ուրախությունից ոգևորված գլխավոր հերոսը՝ չնայելով ոտքերի տակ, անուշադրության պատճառով ընկնում է դիտահորն ու ․․․ ինչպես ասում են, հայտնվում է «այն աշխարհում»։ Բայց նա չի ուզում մեռնել, քանի դեռ չի իրականացրել իր մեծ երազանքը։

Ջո Գարդները փորձում է փախչել, ու այդ ժամանակ էլ հայտնվում է «Նախաաշխարհում»` հոգիների սեմինարին։ Ընտրության հնարավորությունը մեծ չէ։ Կամ փախչում ես ու մտնում մարմնիդ մեջ, կամ վերջնականապես մահանում ես։ Իսկ իրականում Ջոն գտնվում է կոմայի մեջ։ Այստեղ Ջոն հանդիպում է 22 համարի «հոգու» հետ, որի օգնությամբ էլ պարզում է, որ այստեղ ապրում են դեռ չծնված երեխաների հոգիները, որոնք՝ նախքան կյանքի ուղեգիր ստանալը, պետք է բնավորության գծեր ու առանձնահատկություններ ձեռք բերեն ։ Հենց այս ճանապարհն էլ պետք է հաղթահարի գլխավոր հերոսը, որ նորից վերադառնա Երկիր։ Բայց ողջ մուլտֆիլմի ընթացքում մի շարք խոչընդոտներ ու դժվարություններ են ի հայտ գալիս։ Արդյունքում, 22-ը հայտնվում է Ջոի մարմնում, իսկ հենց ինքը Ջոն, կամ ավելի ճիշտ նրա հոգին, մտնում է ․․․ կատվի մարմին։

Երկիր մոլորակում անցկացրած ժամանակի ընթացքում «22»-ը բացահայտում է, որ ապրելը հիանալի է։ Նա նույնիսկ սկսում ջազ  սիրել ու պատրաստվում ելույթ ունենալ Ջոի փոխարեն։ Այսպիսով, 22-ն ստանում է կյանքի ուղեգիր, ինչն էլ դուր չի գալիս Ջոին։ Նա վերցնում է տոմսերն ու հետ վերադառնում երկիր և վերջապես կատարում իր երազանքը։ Բայց այն պահին, երբ թվում է ամեն ինչ պետք է որ լավ լիներ, գլխավոր հերոսը հանկարծ հասկանում է, որ ինքը երջանիկ չէ, անգամ իր վաղեմի երազանքին հասնելն իրեն երջանկություն չի պարգևում։ Իսկ  խնդիրն այն է, որ Ջոն նեղացրել է «22»-ին։ Գլխավոր հերոսը հասկանում է, որ «22»-ին կյանքի ուղեգիր է շնորհվել այն բանի համար, որ վերջինս իսկապես սիրել է կյանքը, նա հաճույք է ստացել ապրելուց։ Ու հիմա Ջոն  կրկին պետք է  հայտնվի աստրալում, գտնի 22-ին ու հետ վերադարձնի կյանքի ուղեգիրը ․․․

«Հոգին» տեղ-տեղ հուզիչ, բայց ավելի շատ կյանքի հարցերի շուրջ խորհելու, դրանց համար պատասխաններ գտնելու մուլտֆիլմ է։ Ստեղծագործական թիմին  հաջողվել է բարդ փիլիսոփայական գաղափարները ներկայացնել պարզ հնարքներով, որ հասկանալի լինի և՛ փոքրերին, և՛ մեծերին ու հանդիսատեսը հետաքրքրությամբ դիտի ու մտածի։ Ինչպե՞ս է ձևավորվում անձը, ի՞նչ է ճակատագիր ասվածը ․․․ հարցեր, որոնց պատասխանը գուցե չգտնեք այս անիմացիոն ֆիլմում, բայց դրանց շուրջ հաստատ կմտածեք։

Իմիջիայլոց, հետաքրքիր փաստեր մուլտֆիլմից։

Սցենարի սկզբնական տարբերակում, որպես գլխավոր հերոս, հանդես էր գալիս ոչ թե Ջոն, այլ «22» անունն ունեցող հոգին։ Ջո Գարդերն էլ, ի սկզբանե, պետք է լիներ սպիտակամորթ ու անիմացիաների սիրահար։ Հետո կերպարը ձևափոխվել է,  ու հեղինակները, ի վերջո, ընդունել են ջազ երաժշտի կերպարը։ Մուլտֆիլմի ստեղծողները ֆիլմում ներկայացված հոգիներին պատկերել են «եթերային» և «ոչ ֆիզիկական» ձևով՝ հիմնվելով տարբեր կրոնական ու մշակութային ներկայացուցիչների կողմից տրված հոգիների մասին սահմանումների վրա։ Ռեժիսոր Փիթ Դոքթերի խոսքով, սա հսկայական մարտահրավեր էր, քանի որ անիմատորները սովոր են խաղալիքներ, մեքենաներ ու այլ բաներ պատկերել, որոնք շոշափելի են, նյութական  ու հեշտ ընկալելի։

Դիտեք «Հոգի» անիմացիոն ֆիլմն ու գրեք ձեր կարծիքները սոցիալական հարթակների մեր էջերում։

Ցուցադրել ավելի
Back to top button