10 րոպե կինոյի մասին

«Քրուելա». 10 րոպե կինոյի մասին

Ֆիլմը, որի մասին այսօր խոսելու եմ, վերնագրից արդեն ձեզ ծանոթ է։ Հնարավոր է, որ արդեն դիտել եք այն, կամ գուցե ինձ պես անընդհատ սպասել եք, բայց այդպես էլ հարմար առիթ չի եղել։ Առաջարկում եմ այս հանգստյան օրերին ստեղծենք այդ առիթը․ դիտենք «Քրուելան»։

2021 թվականի մայիսի 18-ին, Լոս Անջելեսում տեղի է ունենում «Քրուելա» ֆիլմի պրեմիերան՝դառնալով «կարմիր գորգի» արարողությամբ առաջին խոշոր միջոցառումը ՔՈՎԻԴ 19-ի սահմանափակումներից  հետո։ Ռեժիսոր Քրեյգ Գիլեփսի քրեական կինոկատակերգության սյուժեն հիմնված է 1956 թվականին լույս տեսած, գրող Դոդի Սմիթի հանրահայտ «101 դալմատինները» վեպի ու Ուոլթ Դիսնեյի 1961 թվականի նույնանուն անիմացիոն ֆիլմի Քրուելա դե Վիլի կերպարի վրա։ Գլխավոր դերում հանդես է եկել Էմմա Սթոունը, նկարահանվել են նաև այլ տաղանդավոր դերասաններ՝ Էմմա Թոմփսոնը, Ջոել Ֆրայը, Փոլ Ուոլթեր Հաուզերը, Մարկ Սթրոնգն ու այլք։ Ֆիլմը նախատեսված է ընտանեկան դիտման համար և կարող են նայել 12 տարեկանից բարձր տղաներն ու աղջիկները։

Սովորական մի ընտանիքում ծնվում է արտասովոր արտաքինով մի աղջիկ, որի մազերի կեսը սպիտակ էր, մյուս կեսը՝ սև։ Փոքրուց ազատություն սիրող, նորաձևության սիրահար ու մոր կողմից անսահման ջերմություն ստացած աղջկա անունը Էսթելա Միլլեր է։ Մայրը նրան կատակով դիմում էր Քրուելա (անգլերեն «քրուել» նշանակում է դաժանություն)։ Տարբերվող արտաքինի ու բնավորության պատճառով, աղջիկը դպրոցում հասակակիցների կողմից հաճախ էր ծաղրի առարկա դառնում։ Քանի որ Էսթելան այդ ամենն անպատասխան չէր թողնում, հաճախ էր հայտնվում դպրոցի տնօրենի կաբինետում և մի օր էլ, տնօրենի համբերությունը սպառվում է ու նա աղջկան հեռացնում է դպրոցից։

Մոր հետ   նա ուղևորվում է Լոնդոն, որտեղ էլ կանգ են առնում մի տիկնոջ առանձնատան մոտ։ Մայրն աղջկան խնդրում է դուրս չգալ մեքենայից՝ մինչև որոշ հարցեր կարգավորի։ Սակայն, նորաձևությամբ տարված Էսթելային գրավում է առանձնատանն այդ պահին տեղի ունեցող շքեղ պարահանդեսն ու նա՝ փախչելով մեքենայից վայրկյաններ   անց հայտնվում  է այդ տանը։ Նրա հետևից սկսում են վազել 3 դալմատինները։ Փախչելով նրանցից աղջիկը թաքնվում է մի անկյունում ու տեսնում, թե ինչպես են շներն իներցիայով հետապնդում մայրիկին, որն այդ պահին զրուցում էր անծանոթ տիկնոջ հետ, ու պատշգամբից դուրս են հրում նրան։ Որբացած ու մոր մահվան մեջ իրեն մեղադրող Էսթելան տեղափոխվում է Լոնդոն, ընկերանում փողոցային երկու գողի հետ։ Որպեսզի իրեն չգտնեն, նա մազերը ներկում է կարմիր գույնով։

Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում ստացել է դրական արձագանքներ, իսկ հանդիսատեսի կողմից տարբեր հարթակներում՝ բարձր վարկանիշ։ Դիտե՛նք ինքնատիպ հագուստներով, գեղեցիկ նկարչական լուծումներով, հետաքրքիր սյուժեով ու չհնացող ռոք հիթերով «Քրուելա» ֆիլմը։ Իսկ տպավորությունների մասին կարող եք պատմել Ռադիո Արևիկի ֆեյսբուքյան էջում։

Ցուցադրել ավելի
Back to top button