Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը իր կարիերայում առաջին անգամ նվաճել է շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ 11 տուրից հետո 8 միավորով միանձնյա գլխավորելով Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության մրցաշարային աղյուսակը:
Վերջին՝ 11-րդ տուրում Պետրոսյանը հաղթանակ է տարել Արման Միքայելյանի նկատմամբ: Այս առաջնությունում երիտասարդ գրոսմայստերն ընդհանուր առմամբ տարել է 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել միայն մեկ պարտություն:
Վաստակած 7,5 միավորով առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Հայկ Մարտիրոսյանը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով է գերազանցել նույնքան միավոր վաստակած Շանթ Սարգսյանին, որը, պարտության մատնելով Տիգրան Պետրոսյանին, դարձել է բրոնզե մեդալակիր: 6,5 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սամվել Տեր-Սահակյանը. նա վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել Տիգրան Հարությունյանի հետ:
Ավելի վաղ ավարտվել էր նաև շախմատի կանանց 77-րդ առաջնությունը։ Չեմպիոնի կոչումը նվաճել էր Մարիամ Մկրտչյանը: Արծաթե մեդալակիր էր դարձել Սուսաննա Գաբոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Մարիա Գևորգյանը: