Զարթուցիչ

Բեմական վարագույրից այն կողմ. Զարթուցիչ

Հունվարի 27–ը Անտարկտիդա մայրցամաքի հայտնաբերման օրն է համարվում։Գիտեք, Անտարկտիդան երկրագնդի ամենացուրտ մայրցամաքն է, գրեթե ամբողջությամբ ծածկված է հզոր սառցադաշտերով, աղքատ բուսականություն ունի, այստեղ ապրում են մի քանի տեսակի կետազգիներ, որոնցից նշանավոր են կապույտ կետն ու կաշալոտը՝ վիշապաձուկը։Չմոռանանք՝ Անտարկտիդան պինգվինների ամենամեծ բնակավայրն է։ Մարդիկ առաջին անգամ պինգվին հենց այստեղ են տեսել և շա՜տ զարմացել՝ շփոթելով նրանց մարդկանց հետ․ «Ի՞նչ գործ ունեն ֆրակ հագած մարդիկ այս սառույցների մեջ»,–մտածել են։

Հունվարի 27–ը ավստրիացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան օրն է: Սա այն անուներից է, որը ծանոթ է երաժշտությունից շատ հեռու մարդկանց անգամ, իսկ քիչ թե շատ տեղյակ մարդկանց համար Մոցարտը հենց երաժշտության խորհրդանիշն է, որ կա։ Մոցարտի երաժշտականությունը շատ վաղ տարիքից է ի հայտ եկել, ճիշտ է, մինչև 3 տարեկան՝ միայն խաղերում. նրա ցանկացած մանկական զբաղմունքն ուղեկցվում էր երգով: Իսկ երբ 4 տարեկան էր, և նրա ավագ քրոջը՝ Նաներլին կլավեսին նվիրեցին, քրոջ հենց առաջին դասի ժամանակ փոքրիկ Մոցարտը որոշեց մոտիկից «ծանոթանալ» գործիքին: Դա շատ կարևոր ծանոթություն էր:

Մի անգամ ծնողները նրան «բռնեցրին» թանաքոտ էջերի տրցակով. տղան համոզված պնդում էր, որ ինքը երաժշտություն է գրել կլավեսինի համար: Մեծերը ծիծաղեցին, վերցրին թղթերը, իսկ երբ ավելի ուշադիր սկսեցին նայել, մնացին ապշած. իսկապես, մեղեդի էր գրանցված՝ միանգամայն անսխալ: Այդ մեղեդին կատարել, իհարկե, չհաջողվեց՝ բարդ էր…Երկու տարի անց արդեն Վոլֆգանգը հոր և քրոջ հետ մեկնեց իր առաջին երաժշտական ուղևորությանը՝ Եվրոպայով մեկ …

Նա նվաճեց աշխարհն իր երաժշտությամբ, փառքի համը վայելեց, բայց…միշտ մնաց երեխա. ամենալուրջ աշխատանքը կարող էր հանկարծ ընդհատել՝ կատվի հետ խաղալու կամ էլ հոր ձեռնափայտը ձիու նման հեծնած՝ տնով մեկ սլանալու համար:

Հունվարի 27–ը նաև անգլիացի գրող, մաթեմատիկոս, փիլիսոփա, լուսանկարիչ Չարլզ Դոջսոնի ծննդյան օրն է։ Ձեզ ոչինչ չի՞ ասում այս անունը։ Իսկ եթե ասեմ՝ Լյուիս Քերո՞լ․ դե, իհարկե, միանգամից կժպտաք ու կհիշեք աշխարհի ամենահայտնի ու ամենասիրելի հեքիաթներից մեկը․ Ալիսը հրաշքների աշխարհում։Սա այն հեքիաթներից է, որը երբեք չի հոգնեցնում, որին ժամանակ առ ժամանակ անդրադառնում են ռեժիսորներն ու կոմպոզիտորները, որովհետև անսահման հնարավորություն է բացում երևակայության համար։

Համարեք, որ երեկոյան ժամանցի համար ձեզ գաղափար հուշեցինք․ Ալիսի հետ հայտնվել հրաշքների աշխարհում գրքի, մուլտֆիլմի կամ գուցե բալետի օգնությամբ։

Թատրոն գնալ սիրու՞մ եք։ Ես շատ։ Ու միշտ, ցանկացած ներկայացումից առաջ ու հետո մտածում  եմ․ երանի այն մարդկանց, ովքեր ստեղծում են թատրոնը։

Ռեժիսոր, դերասան, նկարիչ, երաժիշտ․․․որքան շատ են այն մարդիկ, որոնք աշխատում են մեկ ներկայացման ստեղծման վրա։ Նրանց շարքում են նաև այն մարդիկ, ում աշխատանքի շնորհիվ դերասանի ու ռեժիսորի ջանքով ստեղծված կերպարն ամբողջանում է, արտաքին յուրահատկություններ ձեռք բերում։ Թատրոնի դիմահարդարների մասին է խոսքը։ Աշխատանք, որն ինձ միշտ հետաքրքրել է։ Եվ ահա, օրերս, ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ նրանցից մեկի հետ․ զրուցելու իմ անհամարձակ խնդրանքին սիրով արձագանքեց Գ․ Սունդուկյանի անվան պետական թատրոնի գլխավոր դիմահարդար Մարինե Խաչատրյանը։ Եվ ես հայտնվեցի բեմական վարագույրից այն կողմ՝ իմ երազած վայրում։

Որտե՞ղ են սովորում բեմական գրիմի նրբություները,  ինչ է անհրաժեշտ չար կամ բարի կերպար ստանալու համար։ Այս և մի քանի այլ հարցերով դիմեցի տիկին Խաչատրյանին։

Ցուցադրել ավելի
Back to top button