Շնորհավո՛ր տոնդ, հայոց բանակ․ Զարթուցիչ
Հայկական տոնացույցի կարևոր օրերից մեկն է այսօր, Հայկական բանակի կազմավորման օրը։ Այսօր մեր բանակը դառնում է 30 տարեկան։ Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը հայոց բանակի սպաներ ու հրամանատերներ։ Խաղաղ երկինք և խաղաղ ծառայություն ենք մաղթում։
Այսօր և առաջիկա օրերին դպրոցներում և կրթամշակութային կենտրոններում կազմակերպված միջոցառումները նվիրված կլինեն Հայոց բանակի ծննդյան օրվան։ Մի դպրոցում ՝ նոր հուշանկյուն կբացվի, մեկ այլ կրթօջախում ռազմահայրենասիրական բաց դաս կանցկացվի։ Հայոց բանակի 30 ամյակին նվիրված այդպիսի միջոցառում էր կազմակերպել նաև Խաժակ Գյուլնազարյանի անվան գրադարանը, որին մասնակցում էին Լևոն Շանթի անվան դպրոցի աշակերտները:

«Բանակի ամենահզոր զենքը ազգային ոգին է, և հենց այդ ոգին բարձրացնելու համար ենք առաջին հերթին կազմակերպել այս ցերեկույթը»,- իր խոսքում ասաց գրադարանի վարիչ Սուսաննա Սոսոյանը։
«Մեր վաղվա հույսը դուք եք, մեր վաղվա բանակը դուք եք»,- իր այս կոչով ապագա զինվորներին դիմեց ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության բաժնի պետ, գնդապետ Թաթուլ Թամրազյանը: Գրադարանն այս միջոցառմանը հրավիրել էր նաև երիտասարդ գրող, «Երկու տարվա կյանք» գրքի հեղինակ Միքայել Մուրադյանին։ Գրքում հեղինակը պատմում է մարտի դաշտում զոհված իր երկու հրամանատարների մասին։
